Դեյզին սկսեց ինձ գրել, բայց ես այդքան էլ լուրջ չէի վերաբերվում. Րաֆֆի Գալստյանի սիրո պատմությունը
ՄշակութայինԱլեքսանդ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող ՐԱՖՖԻ ԳԱԼՍՏՅԱՆԸ պարուհի Դեյզի Ուայթին առաջարկել է դառնալ իր կինը: Եվս մեկ սիրո պատմության ականջալուր եղավ «Իրավունք»-ը:
— Ինչպե՞ս ծանոթացաք Դեյզիի հետ:
— Դեյզին իմ մտերիմ ընկերոջ կնոջ ընկերուհին էր: Ընկերս վաղուց է, ինչ ամուսնացած է եւ բալիկ ունի: Եվ ուրեմն՝ մեկ անգամ Դեյզին եւ իր ընկերուհին ՝ Կարինան, եկել էին Հայաստան, ուղղակի երկիրը տեսնելու: Նրանց հետ էր նաեւ Կարինայի մայրիկը, ով նույնպես բալետի արտիստ է եւ Միացյալ Նահանգներում ունի իր ստուդիան: Բոլորովին պատահական հանդիպել ենք ընկերական միջավայրում, սակայն ոչ մի զգացմունք այդ ժամանակ չկար: Երկու տարի անց, ընկերս որոշոմ է, որ պետք է ամուսնանա Կարինայի հետ եւ մեկնում է իր ծնողների հետ Նահանգներ: Այնտեղ հանդիպում են Դեյզիին, խոսում հետը եւ ասում, որ նա անպայման պետք է հայ տղամարդու հետ ամուսնանա եւ առաջարկում են ինձ: Դեյզին էլ քանի որ ինձ հեռակա կերպ արդեն գիտեր, համաձայնում է: Ինքն այդ ժամանակ 15 տարեկան էր: Այդպես Դեյզին սկսեց ինձ գրել, որին ես այդքան էլ լուրջ չէի վերաբերվում: Ես ինքս էլ էի երիտասարդ եւ հետո հեռավորությունն ամեն դեպքում իր գործոնն ուներ, սակայն քաղաքավարությունից ելնելով՝ պատասխանում էի: Հետո, այնպես ստացվեց, որ մեկ կամ երկու տարի կապը ընդհատվեց, էլ չէինք շփվում: Սակայն, Դեյզին նորից սկսեց գրել ու այդ ժամանակ մայրս ասաց, որ ճիշտ կլինի փորձելը, ավելի մոտիկից ճանաչելը: Ու հնարավորություն տվեցի ինքս ինձ եւ նրան՝ իրար ճանաչելու: Հասկացա, որ շատ ընդհանրություններ ունենք միասին՝ առաջինը բնավորությամբ, հետո շատ այլ հարցերում: Այդպես էլ սկսեցինք մեր շփումն՝ արդեն որպես զույգ: Այդ ընթացքում «Կորոնան» եղավ, սակայն հենց ճանապարհները բացվեցին, առաջին իսկ ինքնաթիռով Դեյզին եկավ Հայաստան եւ առաջին անգամ որպես զույգ իրար տեսանք: Այդ ողջ ընթացքում ապրում էր մեր տանը:
— Ձեր տարիքային տարբերությունը որքա՞ն է:
— Երկու տարվա տարբերություն է՝ ես 24 տարեկան եմ, Դեյզին՝ 22: Ասեմ, որ Դեյզին նույնպես պարում է, ավարտել է Մոսկվայի թատրոնի ակադեմիան: Մեկ տարի աշխատել է մեր Օպերային թատրոնում, որից հետո միասին մեկնեցինք Ֆրանսիա հյուրախաղերով: Հիմա Միացյալ Նահանգներում եմ՝ Դեյզիենց տանը: Եկել եմ հանգստանալու:
— Ե՞րբ եք պլանավորում հարսանիք անել եւ որտեղ եք համատեղ ապրելու՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Միացիալ Նահանգներում:
— Հարսանիքի մասով ասեմ, որ դեռ քննարկման փուլում ենք եւ հստակ օր չենք որոշել: Ինչ վերաբերում է թե որտեղ կապրենք, Դեյզիի հետ որոշել ենք դեռ նախնական ապրել Հայաստանում, քանի որ մենք մեր բիզնեսն ենք ցանկանում դնել հայրենիքում: Տեսնենք ինչպես կստացվի:
— Երկար ժամանակ առանձին եք լինում՝ Դեյզին ԱՄՆ-ում, Դուք՝ Հայաստանում: Չեք խանդո՞ւմ իրար:
— Ես Միացյալ Նահանգներում տեսել եմ ամեն բան ու մեր պատկերացումը, թե կմոտենան, կխոսցնեն, ինչպես տեսնում ենք ֆիլմերում, այդքան էլ այդպես չէ: Այստեղ ոչ ոք ոչ ոքի ուշադրություն չի դարձնում: Չէ, չեմ խանդում՝ առիթ չի եղել խանդելու: Սակայն, ես խանդոտ եմ իմ էությամբ: Ի դեպ, Դեյզին էլ է խանդոտ եւ կարծում եմ՝ խանդում է ինձ:
— Ի՞նչ ծրագրեր ունեք համատեղ:
— Այժմ մեր նպատակը գումար աշխատելն է, որ կարողանանք համատեղ մեր բիզնեսը ունենալ: Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել, բայց այնպիսի բան ենք ցանկանում հիմնել, որ Հայաստանում դեռեւս չկա: 10 օրից ես կվերադառնամ Հայաստան: Շատ խիտ գրաֆիկով ներկայացումներ եմ ունենալու՝ օգոստոսի 27-ից սկսած: Բոլոր ներկայացնումներում գրեթե ես եմ ներկայանում՝ որպես գլխավոր դերակատար: Այդ պատճառով պետք է վերադառնամ, որ քիչ-քիչ վերականգնեմ իմ մարզավիճակը, քանի որ լիարժեք տվել եմ ինձ հանգստին:
— «Եթե ես կրկին պարեմ» ֆիլմը, որրտեղ Դուք մարմնավորել էիք գլխավոր հերոսին ավարտվեց: Ինչպիսի՞ն էին արձագանքները:
— Շատ մեծ արձագանք եղավ: Եվ դա է փաստում նաեւ այն հանգամանքը, որ շատ մարդիկ հատվածներ էին կտրատում ֆիլմից եւ տարբեր սոցհարթակներում տեղադրում՝ հատված առ հատված: Նույն բանը ասում է նաեւ մեր ֆիլմի պրոդյուսերը, որ մարդկանց այնքան է դուր եկել, որ նման կերպ են արձագանքում: Այո, կարող եմ ասել, որ շատ ստացված ֆիլմ էր:
— Նոր ֆիլմի առաջարկ կա՞:
— Այո, կա, սակայն դեռ քննարկման փուլում է: Կրկին գլխավոր դերի առաջարկ կա: Ամեն դեպքում, այս տարի դեռ նոր բան չի նկարվի, կարծում եմ՝ մյուս տարի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

