«Ղարաբաղ կոմիտե-2». Պետք է համախմբել իշխանության չձգտող մարդկանց՝ հանուն պետականության
Հանդիպում«Իրավունք»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, Գերագույն խորհրդի, ապա ԱԺ մի քանի գումարումների նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
— Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ խորհուրդ է տվել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Վեհափառ Հայրապետին՝ նրանց հայտնի հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի փորձագետները պնդում էին, թե Տեր-Պետրոսյանը գուցե խորհուրդ է տվել ուղղակի գեղեցիկ ձեւով հեռանալ։
— Չեմ մասնակցել խոսակցությանը, մանրամասներ չգիտեմ։ Սակայն, ընդհանուր կարճ հաղորդագրությունը բավարար է ինձ համար, որ միանշական ասեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն աջակցում է Հայ եկեղեցուն, որը պետական ինքնության պահպանման ազգային, մշակութային ինստիտուտ է: Այդ ինստիտուտը ոչնչացնել չի՛ կարելի: Տեր-Պետրոսյանն իր աջակցությունն ընդամենը հայտնեց եւ արձանագրեեց, որ Նիկոլն այս պատերազմում չի կարող հաղթել: Ու, իսկապես, չի կարող հաղթել, այդ ոսկորը կմնա իր կոկորդին։
— Հիմա էլ մերձիշխանական վերլուծաբաններն ամեն կերպ փորձում են ներկայացնել, թե կաթողիկոսն ու հայկական եկեղեցին ռուսական ազդեցության տակ են։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Մի փաստ ասեմ ընդամենը, որից ավելի խոսուն բան գոյություն չունի։ Սուրբ Էջմիածինը կազմված է 39 թեմերից, ավելի հանրամատչելի ասած՝ աշխարհում ունի 39 ֆիլիալ, մասնաճյուղ, որտեղ կան հզոր հայկական եկեղեցական համայնքներ՝ իրենց հավատավոր հոտով։ Այդ 39 համայնքներից 26-ը Հայաստանում չեն, միայն 12-13-ն էին Հայաստանում՝ Արցախի հետ միասին: Ե՛վ կաթողիկոսական ընտրությունները, ե՛ւ Էջմիածնի ռազմավարության ձեւավորումը, ե՛ւ բոլոր ժողովներն ու կոնդակները իրականացվում են այս 39 համայնքների կոնսենսուսով: Այսինքն՝ կաթողիկոսը 2/3–ով Սփյուռքի կաթողիկոսն է, 1/3–ով՝ Հայաստանի: Եվ հաստատ կհամաձայնեք ինձ հետ, որ Ռուսաստանը որքան էլ ուզենա, չի կարող 25 համայնքների վրա ազդեցություն ունենալ։ Սա, պարզապես, հիմնավորված փաստ է, որ հայաստանյան եկեղեցին միայն հայաստանյան չէ, այն հայկական եկեղեցի է՝ Հայաստանով ու Սփյուռքով հանդերձ: Այստեղ ռուսական ազդեցությունը եթե անգամ լինի էլ, չի կարող այնքան լինել, որ որոշի Էջմիածնի քաղաքականությունը։ Այսինքն` ինչ բերում են իբրեւ փաստարկ, դրանք ընդամենը կարծիքներ են՝ դրսից առնված:
Ի դեպ, ասեմ, որ վերջերս Վրաստանում էի, հանդիպում էինք Կովկասի լիբերալների հետ, պարզվեց, որ ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ադրբեջանում կա այդպիսի կարծիք, որովհետեւ Նիկոլի քարոզչամեքենան է այնտեղ աշխատում (ցավոք, այս հարցազրույցը Վրաստանում կամ Ադրբեջանում չեն կարդալու)։ Նրանց տպավորությամբ էլ մեր եկեղեցին ռուսական ազդեցության տակ է, բայց ես ընդամենը պարզ բացատրում եմ, որ հնարավոր չէ դա՝ անգամ եթե Մայր Աթոռն էլ, Ռուսաստանն էլ, մենք էլ այդպես ցանկանանք։
— Ստեղծված իրավիճակում՝ Եկեղեցի-իշխանություն լարված հարաբերությունների լուծում ումի՞ց եւ որտեղի՞ց պետք է ակնկալել: Օրինակ, շատերը դրդում էին Վեհափառ Հայրապետին՝ կտրուկ քայլերի դիմել, իսկ ամենաթեժ օրերին ընդդիմության «ամենափայլուն» գաղափարն այն էր, որ իմպիչմենթի գործընթաց սկսեին եւ առանց Ամենայն Հայոց կաթողիկոսի կարծիքը հարցնելու՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանին առաջադրեին վարչապետի թեկնածու, ինչին պարզվեց՝ հենց ինքն էր դեմ:
— Դա կոպիտ սխալ էր, որին մենք չաջակցեցինք: Եթե հիշում եք, չաջակցեցինք նաեւ Բագրատ սրբազանի շարժմանը։ Նախ բովանդակային առումով եւ երկրորդ՝ իսկզբանե էլ ակնհայտ էր, որ հաջողության չէր հասնի, որովհետեւ չկար քաղաքական ծրագիր։ Ես քաղաքական գործիչ եմ եւ քաղաքական լուծումների կողմնակից եմ՝ հավատարիմ Սահմանադրությանը։ Ինչպես պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, այնպես էլ եկեղեցին, որպես հավաքական ինստիտուտ, չպետք է խառնվի պետության գործերին: Իհարկե, հոգեւորականները, որպես քաղաքացիներ, կարող են խառնվել, բայց լուծումն ամենեւին այդտեղ չէ։
Նիկոլն իր հիմարագույն քայլերով համախմբեց Սուրբ Էջմիածնի շուրջ սփյուռքի գաղթօջախները, որոնք ըմբոստացան: Եվ եթե այսպես շարունակվի, նրանք էլ ավելի կըմբոստանան, բայց լուծումն այդտեղ էլ չէ: Լուծումը քաղաքականի մեջ է, ես չեմ ուզի Նիկոլին հեռացնելուց հետո՝ հանկարծ հայտնվենք ավելի վատ վիճակում։ Նիկոլից ազատվելու խնդիրը նիկոլիզմից ազատվելու մեջ է: Դրա համար մենք փորձում ենք համախմբել քաղաքական դաշտը, վստահ եմ՝ Էջմիածնի հոգեւոր դասն էլ՝ իր հավատավոր հոտով կաջակցի, բայց դա կլինի արդեն քաղաքական լուծում: Մինչդեռ հիմարությունն ասելը, թե կաթողիկոսը կարող է դառնալ վարչապետ կամ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Լավ է, գոնե Միքայել սրբազանը սթափ գնահատեց իրավիճակը եւ ասաց՝ ինձնից հեռու մնացեք։
— Բայց, եթե, իսկապես, Նիկոլ Փաշինյանից ազատվելն օրակարգային է այսօրվա խորհրդարանական ընդդիմության համար, ինչո՞ւ չեն համաձայնվում Մայր Աթոռից դուրս այլ վարչապետի թեկնածուի շուրջ համախմբվել:
— Համաձայն եմ, տիտղոսակիր ընդդիմադիրները թող որոշեն եւ առաջադրեն մեկին, ավելին՝ կարող են առաջադրել անկուսակցականի, ոչ քաղաքական անձի, որը կլինի անցումային փուլի համար վարչապետ: Մոտավորապես այն, ինչ 2021 թ.-ին առաջարկում էր Տեր-Պետրոսյանը՝ եկեք որոշենք, այս չարիքից ազատվենք, բայց ոչ մեկս չգանք իշխանության: Դրանից էլ ավելի մեծ պետական նվե՞ր, երբ ասում ես` ուզում եմ նրանից ազատվենք, բայց ես չեմ թեկնածուն, չենք գալիս մենք իշխանության, միայն թե եկեք երկիրը փրկենք այս պատուհասից: Այսինքն՝ արհավիրքի եզրին քաղաքական լիդերները որոշում են միավորվել, խնդիրը լուծել, բայց սեփական ամբիցիան չդնել համար առաջինի տակ: Սա լավագույն լուծումն է:
Նույնն այսօր կարող են անել ընդդիմադիր պատգամավորները՝ առաջադրեին մի բարոյական, գրագետ, չվարկաբեկված տեխնոկրատի եւ ասեին, որ այս նոր իշխանությունն աշխատելու է 1-2 տարի, որը կփոխի ընտրական օրենսդրությունը կամ՝ կվերադարձնի երկիրը նախագահական համակարգի: Ասել եմ ու կասեմ՝ կիսանախագահական համակարգի վերացումը չարիքների սկիզբ էր։ Հավատացե՛ք ինձ, ես կարող եմ երկար բացատրել, որ Հայաստանի կիսանախագահական համակարգն այս անցումային, պատերազմների փուլում անհրաժեշտ է: Բայց, եթե այսքանը չեն անում, այստեղից կարող եմ եզրակացնել, որ իրենց համար դոմինանտ խնդիրը Հայաստանը չէ, պետականությունը չէ։
— Ստացվում է, որ այս պահին ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դեմ է պետք պայքարել, այլ նաեւ այն ընդդիմության, որը ոչինչ չանելով՝ դեռ պահում է նրան իշխանությա՞ն։ Ըստ էության, առաջին նախագահն ասում է, որ ամբիցիաներ չունի, երրորդ նախագահն էլ է նույնն ասում (ի դեպ, այս առումով քաղաքական կապ են տեսնում ոմանք Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ) եւ գնդակը երկրորդ նախագահ Քոչարյանի դաշտո՞ւմ է:
— Նախ հավաստիացնում եմ, որ Առաջինն ու Երրորդը միասին չեն գործում: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին՝ դեմ պայքարելով չէ: Մենք այսօր այնպիսի վիճակում ենք, որ մեզ չի կարելի գնալ շքեղության՝ միայն իշխանափոխություն պահանջելով: Իշխանափոխության պետք է հասնել՝ այս բարդագույն վիճակից դուրս գալու ռեալիսական ծրագիր ներկայացնելով: Մեր դժվարությունը գիտե՞ք որն է, որ այդ ռեալիստական ծրագիրը՝ հողեղեն, իրական, քո սեփական ռեսուրսները հաշվելու հիման վրա ստեղծված, դժվար է մատուցվելու, որովհետեւ հատկապես հիմա մեր քաղաքացիները սովորել են հաճելի բաներ լսել, թե փրկիչ է գալու՝ Սուրբ Սարգիսը, Զորավար Անդրանիկը, Նժդեհը… Էլ չեմ ասում, որ ոմանց կարծիքով՝ Մակրոնն է գալու մեզ փրկի: Սա ինքնաուրացման մեխանիզմ է, երբ դու քեզ մերժում ես, ասում ես` ուրիշը կգա, ինձ տիրություն կանի, կփրկի։ Առաջիկա մեկ տարին քաղաքական ուժերի խնդիրը լինելու է հետեւյալը՝ ոչ ամբիցիոզ, իրենց իշխանության մեջ չտեսնող մարդկանց համախմբել, ստեղծել քաղաքական ծրագիր, որի կենտրոնը Հայաստանն է, ո՛չ Էրդողանն է, ո՛չ Պուտինն է, ո՛չ Մակրոնը: Այսինքն՝ ստեղծել հայկական օրակարգ, որի նպատակն է փրկել Հայաստանի պետականությունը։ Ո՞վ կլինի այդ դեպքում վարչապետն, ով ուզում է թող լինի։
— 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի պատկերն արդեն իսկ ուրվագծվում է: Տպավորություն է, որ էլի առնվազն 26 քաղաքական ուժ գնալու է ընտրությունների եւ ունենալու ենք 2021-ի «արդյունքը»: Կարճ ժամանակ է մնացել, նման սցենարը փոխելու հնարավորություն դեռ կա՞:
— Մենք հիմա փորձում ենք ստեղծել մի խումբ՝ կոմիտե: Այս առումով «Ղարաբաղ կոմիտեն» է անընդհատ իմ ենթաուղեղում, որի անդամներից ոչ մեկը չէր ուզում լիդեր դառնալ, իրենք ունեին Հայաստանի անկախացման, Ղարաբաղի ազատագրման խնդիր եւ լիդեր չկար: Այնտեղ կար իրար հետ կռվող քաղաքական խումբ, որոնք դեմոկրատական միջոցներով որոշում էին կայացնում եւ խելոք, հեզաբար ենթարկվում էին դրան, եթե անգամ դեմ էին։ Սա իդեալական տարբերակ է:
Հիմա խնդիրը հետեւյալն է` գտնել այդպիսի ճանաչված մարդկանց եւ քաղաքական ուժերի, որոնք պատրաստ կլինեն ասելու` ես համաձայն եմ չլինել առաջինը, բայց ինձ համար առաջնային է երկրի պետականության փրկությունը։ Հասկացե՛ք, սա ո՛չ պաթոս է, ո՛չ էմոցիա է, այլ՝ հաշվարկ:
— Իսկ ժամանակը հաշվարկե՞լ եք, կհասցնե՞ք:
— Եթե ամբիցիաները չխեղդեն՝ այո: Բայց այդ ամբիցիաները շատ ուժեղ են, ընդ որում՝ ոչ միայն առանձին մարդկանց մոտ, այլեւ քաղաքական ուժերի: Միեւնույն ժամանակ, կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք զգում են մոտալուտ կործանարար քամիները եւ որքան շուտ, այնքան լավ կլինի գան այս գաղափարին, որ պետք է լինի մի նպատակ՝ հաջորդ սերնդին պետք է հանձնենք կանխատեսելի, գոնե այսքանը պահած Հայաստան:
Մեծ խոստումներ չենք կարող տալ եւ ասել՝ Ղարաբաղը հետ ենք բերելու, հզոր Հայաստան ենք ունենալու, ռեգիոնալ զարգացած երկիր ենք դառնալու, դրա հիմքերը չկան: Մենք այսօր դարձել ենք անկլավ, մեր 4 կողմը տնտեսական վերաբաժանումներ են գնում, ճանապարհներ, գազատարներ են բացվում, աշխարհը զարգանում է, համենայնդեպս՝ փորձում է, իսկ Նիկոլ մեզ թաղել է զիբիլների մեջ: Դրա համար եմ ասում, որ այսօր, իսկապես. շատ դժվար է հասարակությանը հասցնել այն գաղափարը, որ՝ ժողովո՛ւրդ, մեր թիվ մեկ խնդիրը փոքրացած, խեղճացած Հայաստանը պահելն է: Սա է այօրվա հրամայականը: Մինչդեռ ճոռոմաբանությունը սպանում է մեր ազգին:
Ամեն անգամ փողոցում ինձ կանգնացնում եւ հարցնում են՝ ո՞նց է վիճակը, ասում եմ` լավ չի, բա թե՝ էդ ո՞նց, մի լավ բան ասա, էլի ասում եմ` լավ բան չկա, նորից պնդում է՝ լավ, բա որեւէ լավ բան չես կարո՞ղ ասել... Սա է մարդկանց ուզածը, երեւի բնական է, ֆիզիոլոգիապես ուզում է լավ բան լսել, իրականության հետ վախենում են առերեսվել, դրանից խեղճանում են, ինքնամփոփ դառնում: Դրա համար էլ գնում են բնության գիրկ, խմում են ռեստորաններում, սրճաններում լիքն են, ինչ ասես քննարկում են, բայց այս ամենն անտեսելով: Այո՛, սա էլ է մարդկային, բայց իրենք իրենց քաղաքացու բաժինը խեղճացնում են, պուճուրացնում: Այսինքն՝ ապրելը, սեփական ընտանիքի խնդիրները լուծելը, ինչը շատ նորմալ է, դառնում է դոմինանտ, գերակա, առաջնահերթ, բայց քաղաքացի լինելը, ինչը պետություն է պահում, խեղճացած վիճակում է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
