Հայ ժողովրդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստը, ամենաառեղծվածային և խորհրդավոր անհատն ու իր ժամանակների միակ «տղամարդը»...
Հրապարակախոսություն«Ազգերին, ինչպես և կանանց չի ներվում, երբ ամեն մի պատահական ավանտյուրիստ բռնություն է իրականացնում իրենց նկատմամբ»
Կառլ Մարքս
Մի երկու տարի առաջ իջևանյան մի միջավայրում անծանոթ մեկը պատմում էր, թե իբրև` Վանո Սիրադեղյանը 90-ականների վերջերին իր ծննդավայր Կոթիից գալուց կանգ է առել Իջևանում, որտեղ Երևան տանող ճանապարհի վրա հանրահավաք անցկացնելուց է եղել Նիկոլ Փաշինյանը։ Մի որոշ ժամանակ ճանապարհի բացվելուն սպասելու և հանրահավաքին հետևելու ընթացքում իր կողքի կանգնածներին Վանոն ասել է. «Էս տղային ուշադիր նայեք, սա կամ էս երկիրը շինելու է (կառուցելու է) կամ էս երկրի մերը ... »: Ցավոք, Վանոյի կանխատեսումը ճիշտ դուրս եկավ երկրորդ մասով։ Մարգարե էր արդյոք Վանոն, թե բախտագուշակ և որտեղի՞ց գիտեր, որ այդ երիտասարդը դառնալու է հայ ժողովիդի բոլոր ժամանակների մեծագույն ավանտյուրիստն ու ամենաառեղծվածային և խորհրդավոր անհատը, ով տարիներ անց, պիտի փորձանք, ավեր ու դավեր բերեր հայ ժողովրդի գլխին, պիտի մղձավանջ դարձներ հայության կյանքը։ ... Որը ատելություն ու չարություն պիտի տարածեր երկրում, պառակտեր հայ ժողովրդին, ջարդեր հայի անկոտրում կամքը, կազմաքանդեր պետությունը և երկիրը տաներ հազարավոր երիտասարդ կյանքեր արժեցած պարտության։ Որը պիտի գողանար հայության սերը, հավատը, հաղթանակը, երջանկությունը, երազանքները, արժանապատվությունն ու հայրենիքը։ Նա մի խորհրդավոր մարդ է, ում պարտությունն ազգն իր հպարտությունն է համարում։ Ով չնայած ամեն Աստծո օր ժողովրդին խաբելուց ու նվաստացնելուց և երկիրը պարտության տանելուց հետո անգամ, նորից վարչապետ է ընտրվում ու ազգը նրա ոտքերի տակ գառ է մորթում։ Իսկ նրա առաջ զգաստ ոտքի են կանգնում ու պատիվներ են տալիս գեներալներն ու երկրապահները։ Նրան անվերապահորեն հնազանդվում ու հավատարմորեն ծառայում է ողջ իշխանական վերնախավն ու իրավապահ համակարգը, տասնյակ հազարավոր պետական ու քաղաքացիական ծառայողներ։ Այսքանից հետո էլ ազգը նրան իր մուծած հարկերից առատորեն վճարում է պետությունը կործանելու համար, հազարավոր ոստիկանների է վարրձատրում նրա անվտանգությունն ապահովելու համար։
Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում պատմությունը կփաստի, որ 2020 թ. նրա իշխանության օրոք արցախյան պատերազմն ու 2023թ. Արցախի հանձնումը մարդկային պատմության մեծագույն դավադրություններից ու ավանտյուրաներից է եղել սեփական ժողովրդի նկատմամբ: Մենք ականատես ենք լինում մարդկության պատմության մեջ սեփական ժողովրդի ու պետության նկատմամբ նախադեպը չունեցող դավադրության, որում ներգրավված է եղել կամ հանցավոր անտարբերություն է հանդես բերել բարձրագույն իշխանական գրեթե ողջ վերնախավը: Կարծում եմ՝ ոչ հեռու ապագայում այս մարդու, այս «մեծ» ու «հզոր» անհատի թեմայով կգրվեն գրքեր, կստեղծվեն գեղարվեստական ու փաստագրական ֆիլմեր, կբեմադրվեն ներկայացումներ, իսկ պատմաբանների, հոգեբանների, մարդաբանների, քաղաքագետների, կառավարման և այլ ոլորտների մասնագետների համար «Նիկոլ Փաշինյան» ֆենոմենը կդառնա գիտական հետազոտությունների լուրջ առարկա, թե ինչպես մարդը, չունենալով ոչ մի արժանիք, բարձրագույն կրթություն և գիտելիքներ պետական կառավարման վերաբերյալ, բարձր վարկանիշ հանրության շրջանում, կարողացավ հավաքագրել մոլորյալների մի ամբողջ բանակ, հեղափոխություն իրականացրեց և հայության մի զգալի մասի համար դարձավ փրկիչ ու պաշտամունքի առարկա, որը հետո կործանեց իր իսկ երկիրը:
Ավանտյուրիզմն էլ մարդու անհատական որակներից մեկն է։ Այդպիսիք արկածներ որոնող, անսկզբունք, աղմկահարույց մարդիկ են, որոնց բնութագրիչ հիմնական որակներն են` անկանխատեսելիությունը, իմպուլսիվությունը, սնահավատության աստիճանի հասնող հավատը հաջողության նկատմամբ, դաժանությունը, եսակենտրոնությունը, շփվողականությունը, սերը արտաքին էֆեկտների նկատմամբ, խաբեությունները, անամոթությունը, առասպելագործությունը, բանսարկությունը և այլն: Նրանք կտրված են իրականությունից, առավելապես ապրում են վիրտուալ աշխարհում, նրանց համար ավելի կարևոր են կեղծ արժեքները, ձևը, այլ ոչ թե բովանդակությունն ու իրական արժեքները: Նրանք անսահման փառասեր են, սիրում են վայելքներ, անկայուն են, հավատարիմ չեն մարդկանց ու իրենց խոսքին, իրենց մեղքը վարպետորեն բարդում են ուրիշների վրա, ինքնավստահ են, հաշվի չեն նստում հանրային կարծիքի հետ, իրենց նպատակներին հասնելու համար սիրում են ռիսկի դիմել, կարողանում են մոլորեցնել և իրենց ենթարկել շրջապատի մարդկանց և նենգափոխել իրականությունը, նույնիսկ կարող են հանդես գալ ուրիշների անվան տակ: Որպես կանոն՝ նրանց գործունեությունը կրում է տարերային բնույթ, չկա որևէ կոնկրետություն, օրինաչափություն, տրամաբանություն և լրջություն: Նրանց որոշ հմտություններ, սակայն, օրինակ՝ վճռականությունն ու հետևողականությունը, կարող են ապահովել ոչ միայն պարզապես հաղթանակ, այլ նույնիսկ լուրջ հաջողություններ: Հիտլերն, օրինակ՝ այդ կերպ եկավ իշխանության և ուզում էր հասնել համաշխարհային տիրապետության, նույնիսկ գրավեց Եվրոպայի զգալի մասը, իսկ Լուի Բոնապարտը դարձավ Ֆրանսիայի վարչապետ, այնուհետև նախագահ և կայսր:
Որպես կանոն, սակայն, ավանտյուրիստները մատնվում են անհաջողության, իսկ իրենց վստահված ոլորտը կամ երկիրը տանում են ճգնաժամի ու փլուզման: Իսկ թե ինչի բերեց Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը Հայաստանին, բոլորիս է հայտնի: Հավանաբար, որևէ օտար նվաճող այդքան չի ստորացրել և վնաս չի հասցրել Հայաստանին ու հայ ժողովրդին, որքան Նիկոլ Փաշինյանը: Նա հեղափոխության սկզբին ուներ հայության զգալի մասի՝ նախադեպը չունեցող, պաշտամունքի աստիճանի հասնող սերն ու վստահությունը, և այդ սերն ուրանալը խոսում է մարդկային ցածրագույն որակի ու տեսակի՝ ապերախտության մասին: Հայ ժողովրդի զգալի մասի այդ մեծ սիրուն ու պաշտամունքին հնարավոր չէր փոխհատուցել անգամ ամենամեծ փառքով ու շահով: Այդ ռեսուրսով պարզապես կարելի էր կատարյալ երկիր կառուցել: «Սարսափելի է սիրել մի մարդու, ով դրան արժանի չի եղել»։
Էլ ուրիշ ի՞նչ պետք է աներ այս 7 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, սիրելի ժողովուրդ, որպեսզի համոզվեինք, որ նա երկիրը տանում է արկածախնդրության ու կործանման: Նիկոլը ժողովրդին իշխելու համար նրա զգալի մասին դարձրեց անդեմ, ամորֆ, շահամոլ ու բարոյազուրկ զանգված, արդյունքում շատերը կորցրեցին ազգային արժանապատվությունը, իրենց դեմքը։ Նրանց մի մասն էլ այսօր պարզապես անտարբեր ու անհաղորդ է հայրենիքի նկատմամբ, կորստի ու սպառնալիքի տակ գտնվող պետականության ապագայի հանդեպ: Սակայն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ազգային ողբերգություն, այլ առաջին հերթին այն միջավայրը, որ ծնել է և ներկայումս էլ պաշտպանում է Նիկոլին՝ պատմության ամենաամոթալի, ազգադավ, նվաստացուցիչ ու ողբերգական գործարքը ստորագրած ու հային՝ թուրքի առաջ ծնկի բերած, մեր հայրենիքի մի մասը թուրքին հանձնած և երկիրը աղետալի ու օրհասական վիճակի հասցրած մարդուն: Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ որևէ իշխանություն հեռացնելու շարժումը դեռ երբևէ չի ստացել այնքան մեծ աջակցություն պետության ղեկավարի հեռացման պահանջով՝ երկու կաթողիկոսները, հանրապետության նախկին երեք նախագահները, քաղաքական գրեթե բոլոր կուսակցությունները, բանակի գեներալները, մտավորական, գիտական ու փորձագիտական շրջանակների գերակշռող մասը, հարյուրավոր մշակութային ճանաչված ու սիրված գործիչներ, ու վերջապես ժողովրդի լայն զանգվածները։ Սակայն, Նիկոլ Փաշինյանն այսքանից հետո անդրդվելի է և ոչ միայն չի հեռանում, այլ նույնիսկ այն մարդկանց է ձերբակալում ու ահաբեկում, որոնք իշխանափոխության հարց են առաջ քաշում:
Անկեղծ ասած, ապշեցնում է անարժանապատվության, անամոթության ու անպատկառության՝ աշխարհում հավանաբար նախադեպը չունեցող այս իրավիճակը: Երբ իրեն պետք է, նա ժողովրդի անունն է շահարկում, ժողովրդավար է ձևանում։ Ժողովրդավարը, սակայն, ժողովրդից փախած՝ հազարավոր ոստիկաններով ու թիկնապահներով է ման գալիս, ժողովրդից պաշտպանվում է բունկերներում: Ամբողջ պետական համակարգը անգործության է մատված, իսկ իրավապահ համակարգը զբաղված է վարչապետի կապրիզներն ու քմահաճույքները բավարարելով և ընդդիմադիրների նկատմամբ շինծու գործեր սարքելով, չգիտակցելով, որ Աստծուն ու ժողովրդին է վերապահված ամենարդար դատավճիռը, որից ոչ մեկը չի կարող խուսափել: Այս վիճակին պետք է վերջ տալ, այս երկիրը ծաղրի ու զավեշտի ենք վերածել: Մեզ դրսում մեկ մարդու պատճառով ասոցացնում են դավաճանի, վախկոտի, պարտվողի ու անամոթի հետ, և, ցավոք, դեռ երկար ժամանակ է մեզ ուղեկցելու այդ խարանը: Այս խիզախ ու տաղանդավոր ազգին պատիվ չի բերում Նիկոլն ու նրա թիմը, նրանք պարզապես ծաղր են հայ ժողովրդի ու հայոց պետականության համար: «Ամբողջական ազգեր կմեռնեին ամոթից, եթե իմանային, թե ինչ մանր մարդիկ են նրանց ղեկավարում»,- 1815 թվականին կարծես այսօրվա մեր իրականության համար ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Շարլ Մորիս դը Թալեյրանը: Հայրենիքը կանգնած է օրհասական վտանգի առջև, ամեն մի օրն ու րոպեն թանկ է մեր պետության համար, մենք ամեն րոպե կորուստներ ենք ունենում: Իսկ մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում երկիրը։ Տպավորություն է ստեղծվում, թե ազգն ու նրա էլիտան էլ թմրանյութի ազդեցության տակ են և, կարծես, թվում է, թե հոգեվարքի մեջ գտնվող ավանդող հոգուն իջած աստվածային խաղաղության հաճույքն են վայելում։ Մենք մեր հերոս-նահատակների ու մեր սերնդի առաջ դեռ պատասխան ունենք տալու: Ստեղծված իրավիճակում էլ իրավապահները պետք է իմաստություն, խիզախություն, խոհեմություն, պետական մտածողություն ու երկրի և ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն հանդես բերեն, իսկ իշխանությունից հեռացման իրավական հիմքերը, ըստ իրավաբանական հանրության, ավելի քան հիմնավոր են ու համոզիչ՝ համապատասխան իրավական գործընթաց սկսելու համար:
Ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ դեռևս հայտնի չէ պատմությանը դեպք, որ հնարավոր լինի իշխանություն պահել ատելությամբ, բռնությամբ, ձերբակալություններով, հասարակությունը քաղաքացիական բախման տանելով, մարդկանց ահաբեկելով և ժողովրդի վրա կրակելով, դա ի սկզբանե դատապարտված է ձախողման: Հեռացի՛ր, ի սեր Աստծո, մի տանիր այս ազգին մի նոր փորձության, հանգիստ թող այս բազմաչարչար ու տառապած ժողովրդին: Իսկ ինչպես հանճարեղ Թումանյանը կասեր.
«Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին»:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝