Մեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս Սարդարյան Հիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. Սուքիասյան Կառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տա Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը Եկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. Շաքարյանց Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Պուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Գնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներից ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետ

Գլոբալիստական դավերն այժմ արդեն խորը արմատներ ձգած իրողություն են, նաեւ գրականությունում. Նանե

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցն է բանաստեղծ, հրապարակագիր, նկարիչ ՆԱՆԵՆ (Նելլի Նազարյանը), ով տարիներ շարունակ իր գրական, արվեստային եւ քաղաքացիական գրչով ու վրձնով փորձում է բացել այն դռները, որոնց հետեւում լռեցված ճշմարտություններ են:

«ԱԶԳՈՎԻ ՈՏՔԻ ԵԼԱՆՔ՝ ԱՌԱՆՑ ՄՏԱԾԵԼՈՒ ԱՆԳԱՄ, ԹԵ ՈՒՐ ԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՎ ՈՒՄ ԵՏԵՎԻՑ»

Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան Թեմի Ազգային առաջնորդարանի եւ Հայաստանի գրողների միության համատեղ «Հանուն հայի հարատեւման» գրական մրցանակաբաշխության մրցանակակիրների շարքում եք: Ո՞րն է այսօր Ձեր` «Հանուն հայի հարատեւման» բանաձեւը:

Ուրախալի է, որ վերջին տարիներին կազմակերպվող որոշ մրցանակաբաշխություններում երբեմն նշվում են պահանջվող թեմաները՝ հայապահպանություն, բարություն, հավատ, մարդկային բարձր արժեքներ, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է եւ վաղուց էր պետք:

Անցնեմ հայի հարատեւման իմ բանաձեւին. Անդրանիկ Զորավարի պատգամը բոլորին է հայտնի՝ ամեն օր գլուխը բարձին դնելիս մտածել ազգի մասին: Այսօր արդեն կարծում եմ՝ դա քիչ է. ամեն հա՛յ, ամեն պա՛հ պետք է այդ մտածումներով ապրի:

Ցանկացած ազգի շարունակության բանաձեւում միայն որոշ հարցեր կարող են տարբեր լինել, հիմնայինները, առանցքայինները նույնն են՝ ազգովի ապրել համախմբված, մեկմեկու նվիրված ընտանիքի անդամների կանոններով, որտեղ սերն է առաջնորդողը, յուրաքանչյուրին ազգի նվիրյալ եւ զինվոր կրթել դեռ մանուկ հասակից, Հայրենի հողի ամեն մի թիզը պահել ամեն գնով /Հայրենի հողն ամբողջական մարմին է, եւ ինչպես կենդանի մարմնի ամեն անդամն է կարեւոր, այնպես էլ Հայրենի հողի փշուրն անգամ ամբողջի գինն ունի, ու այն պահելու համար նույն ուժով պետք է կռիվ տալ /, ամեն բանից առաջ հարկ է ապավինել սեփական ուժերին, պատրաստ լինել ցանկացած վտանգին դիմակայելու, ազատվել ժամանակի ընթացքում ազգի մեջ սողոսկած, պարտադրված սխալներից, ճանաչել թշնամուն եւ ճկուն դիվանագիտություն վարել, դատապարտել հանցագործներին, այդ սեւ որակը ազգից քիչ առ քիչ բացառելու կամ անզորացնելու համար, այլ ոչ թե սեւ ու սպիտակ իրար խառնելու քարոզ կարդալ:

Ձեր հարցազրույցներից մեկում, խոսելով թշնամու հետ զիջումների գնով խաղաղության հասնելու մերօրյա իրողության մասին, այն համեմատել էիք պարանի հետ, որով ժողովրդի ոտուձեռն են կապում։ Ո՞վ է այսօր այդ պարանն իր ձեռքում պահում, եւ ի՞նչն է մեզ  խանգարում այն կտրելու համար համախմբվել։

Բարեկամության մասին խոսելը՝ արյունը դեռ բերանին չչորացած, ախորժակն ավելի բացված ոսոխի հետ, մեղմ ասած, անհեթեթություն է: Այդպես պարտվելու ես ամեն պահ, ինքնակամ, ինքդ թշնամու ոտքերի առաջ կարմիր գորգ փռած, Թուրանի կայացման գործում ջանալով ավելի, քան այն երազողները: Ինչին, ցավոք, ականատես ենք այսօր:

Իհարկե, որոշ իրավիճակներում ամենաանընդունելի թշնամու հետ էլ կարելի է երբեմն բանակցության, զիջումների գնալ, սակայն ոչ այնպիսինի՝ ով բացահայտ քո ողջ երկիրն է իրենը համարում, այն արդեն իր անունով կոչում, քո պատմությունը սեփականացնում: Դա իրական պատերազմից էլ վտանգավոր է, լինել-չլինելու խնդիր, եւ գոյատեւության համար այլ ընտրություն չկա, քան կենաց-մահու կռվին պատրաստ լինելն ամեն պահ:

Իսկ համախմբում չի կայանում առաջին հերթին ընդդիմադիր մաքուր ուժ չտեսնելու պատճառով, ում կարելի է ապավինել եւ խիզախել: Ճակատագրական սխալ էր այն ուժերին, որոնցից ազատվելու համար ազգովի ոտքի ելանք՝ առանց մտածելու անգամ, թե ուր ենք գնում եւ ում ետեւից, թույլ տալ նորից առաջնորդության, ազգը փրկելու դրոշ բարձրացնել՝ դառնալով այսօրվանների երազելի ընդդիմությունը, երբ միշտ էլ ժողովրդի մի փոքր մասն է միայն հետեւելու նրանց: Արդեն որերորդ անգամ, երբ ժողովուրդը ոգեւորվում է, փորձում միավորվել, ինչ-որ պահի նորից հիասթափված ու շփոթված հետքայլ է անում…

«ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ Ե՛Վ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՏԵՍՔՈՎ, Ե՛Վ` ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ»

— «Մեր կռիվը նախ մեր ներսում է», - մեջբերում եմ Ձեր խոսքը: Ո՞վ է այսօր ներսի թշնամին՝ անտարբերությու՞նը, իշխանատենչությո՞ւնը, ստրկամտությո՞ւնը

Երեքն էլ եւ դեռ ավելին… ներքին թշնամիները շատ են ե՛ւ մարդկային տեսքով, ե՛ւ` հոգեբանական: Մեր հոգեբանական խնդիրներն իրենց պատճառներն ունեն, որոնց շարքում հարկ է նշել նաեւ  անսահմանի հասնող հանդուրժողականությունը, որի արդյունքում հանցանքը շարունակում է փթթել, վարակի պես տարածվել եւ ավելի անխոցելի դառնալ: Հոգեբանական շեղումները, բնականաբար, աշխարհ են բերում մարդկայինը՝ գնալով ավելի ու ավելի բազմաքանակ:

Քանի դեռ մեր ձախողումների պատճառները չենք փորձում հասկանալ, վերացնել՝ շտկումները դժվար են տրվելու եւ լինելու են կարճատեւ: Եվ՝ այո, քանի դեռ մենք չենք հաղթել թշնամուն մեր ներսում, որը իրական թշնամու դեմ մարտից ավելի դժվար է. դրսում նա դեռ անպարտելի է լինելու:

Մեր հասարակությունը, կարծես, լուռ հարմարվում է ամեն նոր զիջման։ Ինչո՞ւ են մարդիկ այսօր պասիվ՝ արդյոք սա պարտվածի հոգեբանությո՞ւն է, թե՞ ավելի խորը խնդիր՝ հուսահատության թույն։

Նախ հիշենք, թե ովքեր են տարբեր ժամանակներում կռվել ու հաղթել ոսոխին, հիշենք Սարդարապատը, Արցախյան առաջին պատերազմը եւ այլ բազում մարտեր: Այս նույն մարդիկ էին, որ առանց ծանրութեթեւ անելու, չափուկշռելու ունեցած հնարավորությունները պարզապես մղվել են դեպի Հայրենիք փրկելու սրբազան նպատակը: Մենք օրհասի ժամանակ ենք ասես ինչ-որ քնից արթնացած` ծառանում, եւ հրաշքը չի ուշանում: Խաղաղ օրերին խաղաղ ապրել ենք ուզում՝ սեփական տան, սեփական գրպանի մանր հոգսերով տարված: Հայի նյութապաշտության, սեփական բարեկեցության ձգտումը եւ սեփական շահը Հայրենիքից ավելի վեր դասելը, երկիրը հեշտ թողնելը հենց այդ նույն պատճառով՝ ցավալի իրողություններ են:

Հուսահատությունը եւս կա. Արցախյան հաղթանակը ոչ մի կերպ չամրագրվեց, եւ արդյունքում շահեց հակառակորդը՝ ստանալով թանկ ժամանակ, որը հրաշալի օգտագործվեց:

Իսկ ամենագլխավոր պատճառը, նորից կրկնեմ՝ մաքուր, հայկյան, նժդեհյան ոգով առաջնորդ ոչ թե չունենալը, այլ չտեսնելն է: Ամեն բան արվել եւ արվում է, որ նմանները չերեւան, չճանաչվեն, զրկված լինեն գործելու հնարավորությունից, որ. «ձեռքը չհասնի, ձայնը չլսվի…»:

«ԵՐԲ ՆԵՂՆ ԵՆ ԸՆԿՆՈՒՄ. ԲՈԼՈՐՆ ԵՆ ՆՈՒՅՆ ՀԱՐՑԸ  ՏԱԼԻՍ՝ Ո՞ՒՐ ԵՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ…»

Ինչպե՞ս եք գնահատում այսօր իշխանության ու մտավորականության հարաբերությունները:

Մտավորականության եւ իշխանության հարաբերությունը հազվադեպ է հարթ լինում: Երազելի մի բան է մտավորական լավագույն անհատներով ձեւավորված իշխանությունը, իշխանության մեջ նրանց մեծ մաս կազմելը, կամ էլ իշխանություն-մտավորական ազգաշահ հարաբերությունը: Որովհետեւ, ցավոք, իշխանական աթոռներին հիմնականում ձգտում են բնավ ոչ ազգի, երկրի շահերով մտահոգները, որոնց համար ազգի ճիշտ մտավորականն անդերսենյան մանկան իր մատնացույցով գլխացավանք է, ում պահ առաջ ցանկալի է հնարավորինս սահմանափակել, անզորացնել:  

Մեր իրականության մեջ մտավորականությանն օտարելու գործընթացը վաղուց է իր սեւ գործն արել եւ անում: Տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է այսօր մտավորականության տեղում «հանրային մարդ» ասվածը՝ խոհարարը, երգիչը, հաղորդավարը… Ովքեր, իհարկե, շատ հարգելի, կարեւոր մարդիկ են եւ մեղք չունեն ակամա հսկա տարածք զբաղեցնելու գործում, որի մի մասն իրենցը չէ, եւ, բնականաբար, չեն էլ գիտակցում, որ իրենց օգտագործում են եւս մեկ սեւ գործ առաջ տանելու համար, քանի դեռ ընդվզում չկա;

Բայց երբ նեղն են ընկնում. բոլորն են նույն հարցը տալիս՝ ո՞ւր են մտավորականները… Իսկ նրանք կան, կա՛ն իսկական մտքի մարդիկ, հայապաշտ, վախ եւ զգուշավորություն անտեսած, լծված իրենց գործին: Մինչդեռ այսօր զգուշավորության կարիք իրոք կա, քանի որ պաշտպանված չեն իրենց անունով, հայտնիությամբ, ժողովրդի սիրով:

Ժամանակին Ձեզ հետ միասին «Իրավունք»-ը պայքարում էր «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներից հանելու որոշման դեմ: Այսօր այլեւս մի փաստի առաջ ենք, երբ իշխանությունն ուղիղ պատերազմ է սկսել Մայր Աթոռի, Վեհարանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ: Ի՞նչ կասեք այս մասին:

Եկեղեցին միշտ է եղել, եւ կա մեր գոյատեւության կարեւոր սյուներից մեկը, սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ ամենակարեւորն ու առաջնայինը, այն ազգը միավորող ամենաամուր սոսինձներից է: Մեր Հավատն ու Եկեղեցին են համախմբել ազգը պետություն չունեցած ժամանակներում:

Իհարկե, ինչպես ամեն մի մարդկային խմբում, հոգեւոր դաշտում եւս կարող են խնդիրներ լինել. դրանք ամեն տեղ, միշտ էլ եղել, լինելու են: Թերություններ եթե չլինեն, հարցեր չծագեն ընդհանրապես, գործ կունենանք մեռած, անկյանք կառույցի հետ: Միշտ էլ նախկինում առկա իրավիճակների չափով, պահանջներով ձեւավորված կանոններն ու կարգը ժամանակի ընթացքում դառնում են ինչ-որ չափով անհամապատասխան, խանգարող, սխալ, որոնք նոր օրերում կոշտ կաղապարի պես կարող են անգամ ցանկացած կենսական շարժում անհնար դարձնել, սահմանափակել շնչառությունը, ջարդել: Դրանք ներքին խնդիրներ են, որոնք հենց ներսում էլ պետք է հնարավորինս կարգավորվեն: Իհարկե, ցանկալի է, որ այդ շտկումները ժամանակին արվեն, եւ վատ չէր լինի, եթե սերտ լիներ կապը հավատավոր մտավորականության եւ հոգեւոր դասի միջեւ, քննարկվեին հարցեր, երկուստեք առաջարկներ արվեին ամեն հարցի շուրջ, ինչը կնպաստեր ավելի ճիշտ լուծումներ գտնելուն:

Բայց անընդունելի է այդ փոքր, ներքին հարցերը բարձրացնել ի ցույց բոլորի, ողջ աշխարհի, իշխանական եւ ուժային կառույցների միջամտությամբ, այն էլ ազգի ու երկրի համար այս ծանրագույն շրջանում, երբ ամեն միտք եւ շարժում պետք է ուղղված լինեն միավորվելուն, բռունցքվելուն, երբ Աստված եւ Եկեղեցին մեր միակ լուրջ ամրությունն են մնացել:

«ՊԱՐՏՎԵՑԻՆՔ, ԵՐԲ ԳՈՐԾԱՐՔԻ ԳՆԱՑԻՆՔ ՉԱՐԻ ՀԵՏ, ԵՎ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԷ, ՈՐ ԱՍՏՎԱԾ ԹՈՂԵՑ ՄԵԶ»

Ձեզ հետ մենք հանդիպում ենք մշակութային միջոցառումներին, հաճախ «Իրավունք» թերթում զրույցներ ունենում՝ ոչ միայն գրականության ու նկարչության մասին: Իսկ ո՞ւր են երիտասարդ գրողները, մի՞թե իրենց չափածո ու արձակ ստեղծագործություններից դուրս ասելիք չունեն, հատկապես, որ հաճախ նրանց այդ գրվածքներում էլ մեր իրականությունն արտացոլված չէ:

Սա այն բաժանումներից մեկի արդյունքն է, որը հատուկ ծրագրով գործեց բոլոր ոլորտներում` անցյալ դարի վերջից սկսած: Գլոբալիստական դավերի եւ վտանգների մասին ես բազում նյութեր եմ գրել. նշեմ դարձյալ, որ քիչ առ քիչ ներմուծվելով մեր իրականություն, դրանք այժմ արդեն խորը արմատներ ձգած իրողություն են:  Որովհետեւ ամեն տեղ մարդիկ իրենք զինվորագրվեցին այդ անտես-տեսանելի թշնամու բանակին, որովհետեւ գումարները հոսում էին միայն դեպի այն ծրագրերը, որտեղ մարդկության դեմ դուրս եկած ուժերն էին ճարտարապետողը: Այդպես քիչ առ քիչ նրանք մտան եւ ամրացան ամեն տեղ, ամեն ոլորտ, նաեւ գիր ու գրականության:

Եվ ամենուր շեշտը դրվեց երիտասարդության վրա: Երիտասարդներին հեշտ է վարակել ինչ-որ նորով, անսովորով, նրանք դեռ անգետ են ընթացող շարժերին, դեռ նոր են փորձում փորձ կուտակել, եւ դա հաճախ ավագներին հակառակ ընթացքի մեջ են տեսնում, մինչեւ որ չարյունոտեն սեփական ծունկը:

Մենք հիանալի գրողներ ունենք եւ՛ ավագների, եւ՛ երիտասարդների շարքերում: Բայց գրական դաշտում եւս գործեցին նույն մեթոդները՝ դրամաշնորհներ որոշակի հրահանգներով, ասենք, գրել բնավ ոչ սեփական ազգի դարդ ու ցավից, այլ կանգնել դրսի անկումի արժեքների տարածման բարիկադին եւ այլն: Եվ շատ երիտասարդներ /վստահ եմ՝ չգիտակցված/ դարձան սեփական ազգի դեմ նյութված դավի սպասավորները. ստեղծվեց պատվերով գրականություն, որտեղ «Հայրենիք» եւ այլ սրբազան բառեր անցյալի մնացուկ, մոդայից դուրս հայտարարվեցին, որտեղ արտասահմանյանին կապկելը, ազգային դեմք ու դիմագիծը կորցնելն ուղեցույց դարձան, Ցեղասպանությանը նվիրված ֆիլմերում, գրականության մեջ եւ այլուր բացառվեցին «արյունոտ տեսարանները» /մինչդեռ ամենուր եթերը, գրականությունը լցված են անպատմելի դաժանությամբ/: Նպատակը պարզ է, որ մեր ճիչն այդպես էլ տեղ չհասնի, եւ ցեղասպան ազգն իր՝ իբրեւ թե աղավնիներ չսպանելով /ասես ամենուր աղավնիներ սպանելով են զբաղված/ եւ ստով, խաղաղության աղավնու դեր ստանձնի այս մոլորակին:

Երիտասարդներին նաեւ առանձնացրին ավագներից, սովորեցրին բարձրից նայել նրանց, խանգարել, վարկաբեկել անգամ: Սկսեցին անցկացվել առանձին մրցանակաբաշխություններ, առանձին հավաքներ, ստեղծվեց առանձին մամուլ… Այդպես ստացանք եւս մեկ իրականություն՝ ինքն իր մեջ մասնատված, իր կենսական մասերով միմյանց հակադրված եւս մեկ տարածք. ինչպես ամենուր:

Ո՞րն է Ձեր ամենախորը վախը այսօրվա Հայաստանի հանդեպ եւ ո՞րն է ամենամեծ հույսը։

Փորձում եմ վախերին կուլ չգնալ, այլ ելքեր փնտրել, թեկուզ փոքր, սակայն ինչ-որ գործ անել: Բայց տագնապներ կան՝ անհավատալին, ամենաչար երազում անգամ չպատկերացրածն ամեն օր իրականություն դարձող փաստ է, եւ տագնապներից զերծ լինելն անհնարին է այլեւս: Վտանգն ամենուր է՝ այն վերից գլորվող ձնագնդի նման ավելի անկասելի ընթացք է ձեռք բերում, քանի դեռ մենք ամենակարեւոր հարցերում չենք կողմնորոշվել եւ համատեղվել: Բոլորս ենք ելք չտեսնելու արդյունքում անզորության զգացումով հիվանդ, որը հաղթահարել, կարծես թե, չենք կարողանում, որովհետեւ անհատները շատ են, զինվորներն` անհաշիվ, բայց զորք չեն դառնում, մեկ սիրտ ու հոգի չեն դառնում, եւ դա գետնում է մեզ:

Այս աշխարհը մարտադաշտ է բարու եւ չարի: Մենք միշտ հաղթեցինք, երբ հավատարիմ եղանք ի վերուստ մեզ շնորհված առաքելությանը, երբ զինվորագրվեցինք Նեռի, Բելի դեմ կռվին, երբ Հայկյան ոգուն հավատարիմ եղանք, երբ Հայկը ներկա էր մեր մեջ, յուրաքանչյուրիս մեջ: Պարտվեցինք, երբ գործարքի գնացինք չարի հետ, ինչպես առաջին մարդիկ դրախտում, եւ զարմանալի չէ, որ Աստված թողեց մեզ:

Եվ ուրեմն, ամենամեծ հույսս այն է, որ կհասկանանք, ի վերջո, մեր սխալները, կհաղթահարենք մեր նկարագրին ոչ հարիր փոքրության զգացումը, ինքներս մեր մեջ կմաքրվենք եւ այդուհետ Բարձրյալի օրհնությամբ կանցնենք մեր բաժին ճանապարհը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
ԱՆ-ն անդրադարձել է առողջության ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների հարցերինԻ՞նչ նպատակով է Նիկոլն ակտիվացնում իր Հանրային խորհուրդը. arminfoԹունյան Բաբոյի մտածելակերպը չափազանց պրիմիտիվ է․ arminfo2025թ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել երեք երկրի հետՌԴ-ն քննարկում է ՀՀ-ից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը. ՕվերչուկՀայտնի է ադրբեջանական բենզին ներկրող երկրորդ ընկերության անունը՝ «Շիշա ուորլդ» ՍՊԸ․ «Հետք»Կընդգրկվեմ ՔՊ-ի 2026-ի համամասնական ցուցակում․ թեկնածությունս գրանցվել է․ Վիլեն ԳաբրիելյանՄեզ դիմած երեխաների կողքին ենք միշտ`լինի Ամանոր, թե մեկ այլ տոն. Անաիս ՍարդարյանՀիմնավորված չէ, մարդիկ չեն ընդունում տրանսպորտի 150 դրամը. ՍուքիասյանԿառավարությունն այլևս Մայր Աթոռին անհատույց սեփականությամբ հողեր չի տաԱԺ ընտրությունները կլինեն 2026թ․ հունիսի 7-ին Տոման ձմեռ պապիկին գրեց. «Ձմեռ պապիկ, դու Աստված պապիկի մոտ կարողանո՞ւմ ես գնալ, խնդրում եմ՝ կասես, որ իմ պապային լավ նայեն». Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումըԵկեղեցու դեմ արշավը Անկարայի եւ Բաքվի ռեժիմների պատվերն է. ՇաքարյանցԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըՊուտինը շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբՍպասվում է առանց տեղումների եղանակԳնացեք կառույցներ ստեղծեք ու պայքարեք Նիկոլի դեմ,ոչ թե կախվեք պաշտոնաթող նախագահներիցԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է պահեստազորայինների հետՄիացյալ Նահանգներում նշվող տոների կապակցությամբ դեկտեմբերի 24-ին, 25-ին և 26-ին ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԴեկտեմբերի 24-ի տարադրամի փոխարժեքը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված