«Զանգեզուրի միջանցքի» պատասխանն էր՝ կլինի երկրորդ Ուկրաինա
ՎերլուծությունԻրանական ամենատարբեր աղբյուրներ, այդ թվում՝ պաշտոնական եւ ամենաբարձրաստիճան, շարունակում են աճող ակտիվություն դրսեւորել «Զանգեզուրի միջանցքի» թեմայի շուրջ: Գնալով ավելանում է նաեւ իրավիճակի գնահատման «դոզան»: Այն է, եթե ժամանակին խոսակցությունները հիմնականում «մենք դեմ ենք». «կարմիր գիծ» եւ այդ կարգի ոճի մեջ էր, ապա հիմա առաջին պլան է գալիս նաեւ սպառնալիքը՝ «ոչ մի դեպքում, անգամ ռազմական միջոցներով թույլ չենք տա» տեսքով:
ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱԿՏԻՎ ՃՆՇՈՒՄԸ
Ավելին, իրանական աղբյուրների մոտ գնալով հստակ է դառնում ակնարկը, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով կա Մոսկվայի հետ ամենասերտ համագործակցությունը: Այդ թվում, այն սպառնալիքների հետ կապված, որոնք ուղղված են բոլորին՝ ԱՄՆ-Իսրայելից ու ՆԱՏՕ-ից սկսած, Հայաստանով եւ Ադրբեջանով վերջացրած: Կարելի է, որպես օրինակ, ներկայացնել «Իրանի ձայնը» ալիքի գնահատումը, որը տիրաժավորել էին բազում այլ հեղինակավոր աղբյուրներ: Այն է՝ Իրանն ու Ռուսաստանը պատրաստ են ռազմական գործողությունների «Զանգեզուրի միջանցքի» դեմ՝ ԱՄՆ գործողությունների ֆոնին: Ըստ աղբյուրի. «ԱՄՆ-ն առաջարկել է Իրանի հետ սահմանին գտնվող տարածքը, որը կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջեւանի հետ, մեկ դարով վարձակալության տալ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությանը։ Վերլուծաբանների կարծիքով, այս քայլը կարող է լուրջ հարված հասցնել Ռուսաստանի շահերին Հարավային Կովկասում՝ այն լիովին բացառելով տարածաշրջանից, եւ միեւնույն ժամանակ Իրանին դնել ԱՄՆ-ի հետ ուղղակի ռազմական հակամարտության վտանգի տակ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ամերիկացիների գործողությունները որակել է որպես «բացահայտ խաբեություն»՝ ասելով, որ «Արեւմուտքը այս առաջարկի հետեւում թաքցնում է բացարձակապես օպորտունիստական քայլ»: Ռուսաստանից բացի, լուրջ մտահոգություններ է հայտնել նաեւ Չինաստանը։ Պեկինը սպառնալիք է տեսնում տարածաշրջանում իր շահերի համար, մասնավորապես՝ չինական ապրանքների տարանցման հարցում՝ Հայաստանի երկաթուղիներով դեպի Եվրոպա, որը կարող է արգելափակվել, եթե միջանցքի վրա վերահսկողություն հաստատվի։ Իրանն ավելի վաղ ցույց է տվել իր պատրաստակամությունը ռազմական գործողություններ ձեռնարկելու՝ կանխելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ իր սահմանի հնարավոր գերիշխանությունը։ Սակայն, Միացյալ Նահանգների ներգրավմամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի միանալով, այս մտադրությունները դառնում են ավելի լուրջ եւ համակարգված»։
Ընդ որում, իրանական մի շարք աղբյուրներ, որոնք գործում են, այսպես ասենք, Գերագույն առաջնորդի թեւում, ակնարկում են նաեւ, որ իրենց սեփական նախագահը՝ Փեզեշքիանը, կարող է խաղալ հակառակ դաշտում, եւ եթե Արեւմուտքում հույս են կապել դրա հետ, ապա իզուր: «Փեզեշքիանը հրաժարվում է պաշտպանել Զանգեզուրը»,- գրում է հեղինակավոր փորձագետներից Հայալ Մուազզին: «««Չկա որեւէ պատճառ անհանգստանալու ՓՈՔՐ հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հյուսիսարեւմտյան սահմանների միջանցքների փոփոխությունը»,- հայտարարել է նա: Այս մարդը չի կանգնի, մինչեւ չոչնչացնի Իրանը… Հիմա որոշ հարգված ընկերներ կգան եւ կասեն ինձ, որ Փեզեշքիանի խոսքերը, իբր, արտահայտում են Այաթոլլահ Խամենեիի դիրքորոշումը եւ ասվել են նրա թույլտվությամբ։ Բայց ճշմարտությունն այն է, որ այս բարեփոխիչները երկիրը տանում են ճգնաժամի եւ, վերջին հաշվով, ցանկանում են մեղավոր դարձնել Այաթոլլահ Խամենեին։ Թող վստահ լինեն, որ Այաթոլլահ Խամենեին լավ գիտակցում է իրենց խաղերը, եւ վերջում իրենք են զղջալու դրա համար»,- մանրամասնել է նա։
Այսպիսով, նորից ու նորից նույն հարցն է առաջանում. իսկ պատահակա՞ն էր նախկին նախագահ Ռայիսիի «ուղղաթիռային աղետը», որի նախաքննությունը Փեզեշքիանը շտապեց փակել իշխանության գալուն պես: Կամ, որ Ադրբեջանին մեղադրում են Իրանի դեմ ագրեսիայի մեջ, իսկ Փեզեշքիանը վազում է Շուշի` Ալիեւի հետ գրկախառնվելու. որ մեկն ասես: Իհարկե, կա նաեւ այն ռիսկը, որ Իրանում Հայաստանի օրինակից դաս չեն քաղել: Վստահ են, որ Գերագույն առաջնորդն իրավիճակը կարող է վերահսկել: Բայց եթե մի պահ չկարողացավ, եւ արեւմտամոլների ոհմակը կարողացավ վերահսկողություն հաստատել երկրում, ի՞նչ կմնա Իրանից:
Թեեւ մյուս կողմից էլ ներքին անվտանգության հետ կապված Իրանում ակնհայտորեն շատ լուրջ տեղաշարժեր կան 12-օրյա պատերազմից հետո: Գումարած, դեռ պատերազմի ժամանակ հայտնի դարձավ, որ անհրաժեշտ զգուշավորությունից ելնելով, Իմամ Խամենեին նշանակեց իրեն փոխարինող: Այն է, եթե Իրանում չլինի ամբողջական հեղաշրջում, ներկա իրողությունները հազիվ թե փոխվեն:
ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՄԻՋՈՑՈՎ «ԳԻ՞Ծ ԵՆ ՍՏՈՒԳՈՒՄ»
Թե ներիրանական դաշտում ինչ հնարավոր զարգացումներ կարող են լինել, դեռ թողնենք հռետորական հարցումների դաշտում: Սակայն ընդհանուր մոտեցումն այս պահին այն է, որ ոչ մի դեպքում «Զանգեզուրի միջանցք», այսինքն` ճանապարհ այն տեսքով, ինչպես պատկերացնում են Անկարայում կամ Վաշինգտոնում, չի կարող լինել: Ավելին, որ Իրանն այս պահին արդեն Սյունիքում միջանցք է կառուցում՝ Թավրիզ-Երեւան ավտոմայրուղու տեսքով, եւ «Զանգեզուրի միջանցք» սարքել ցանկացողները նախ պետք է «բախվեն Իրանի հետ»: Ընդ որում, անգամ եթե Նիկոլը գնա այդ ուղղությամբ: Հաշվի առնելով նաեւ, որ այս ֆոնին, ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձնավորության պատճառով նոր սկանդալ սկսեց հասունանալ Իրանի հետ:
Այսպես, իրանական մի շարք աղբյուրներ տարածեցին նման տեղեկատվություն. «ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ երկրի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է «բացել դարպասները» Զանգեզուրի միջով, որը Սյունիքի մարզի այն հատվածն է, որը ուղիղ տրանսպորտային կապ է ապահովում Ադրբեջանի մայրցամաքային մասի եւ նրա Նախիջեւանի էքսկլավի միջեւ։ Այս լուրը հրապարակվել է թուրքական լրատվամիջոցների կողմից, եւ դեռեւս չի հերքվել Հայաստանի կողմից»։ Սրան էլ հաջորդեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրի գրառումը. «Երեկ ՀՀ նախագահի` Սյունիքում արված հայտարարությունները պահանջում են Իրանի պաշտոնական արձագանքը։ Երբ նա խոսում է «Սյունիքի դարպասները բացելու» մասին եւ հիշատակում 43 կիլոմետրանոց հատվածի մասին, առաջանում է ուղղակի հարց. ո՞ւմ համար եք դրանք բացելու, եւ ո՞ւմ շահերից է դա արվում։ Թող երկու կողմերն էլ իմանան, որ Իրանը կպաշտպանի իր շահերը ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ոլորտներում»։
Թե ինչ է ասել Վահագն Խաչատուրյան կոչեցյալ անձը, իհարկե, էական չէ. նա իրենից այն արժեքը չի ներկայացնում, որ ինքնուրույն ինչ-որ բան ասի: Եվ եթե նա ինչ-որ առանցքային հարցերի հետ կապված է մեջ ընկնում, որպես կանոն, դա գնահատվում է, որպես Նիկոլի, հնարավոր է նաեւ՝ արեւմտյան այլ տիկնիկավարների կողմից ինչ-որ տեղեկատվություն «սղացնելու» կամ ռեակցիա ստուգելու փորձ: Նման է, որ Իրանում հենց այդպես էլ ընկալել են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ներկա զարգացումները, որ Նիկոլը փորձում է հասկանալ` եթե գնա այդ քայլին, դա ինչ հետեւանքներով է հղի: Եվ այն, որ այս օրերին Իրանից եկող կոշտ գնահատականները միմյանց հերթ չեն տալիս` գնալով կոշտանալով, անգամ հասնելով մտքին, թե` ՌԴ-ի հետ միասին անգամ ռազմական եղանակով դա կկանխվի, կարեւոր ռեակցիա է` հայաստանյան վայ իշխանություներին երկիրը ոչնչացվող այդ վերջին քայլից հետ քաշելու համար:
ՄՈՍԿՎԱՅԻՑ ԵՎՍ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉԿԱ
Ու մյուս կողմից, ռուսական վերլուծական-տեղեկատվական դաշտում եւս սպառնալիքների պակաս չկա, սակայն այս դեպքում հիմնական հասցեատերն Ադրբեջանն է: Հարվածային ամենատարբեր սցենարներ քննարկվում են, սկսած տնտեսական պատժամիջոցներից, ազերիներին վտարելու մասին խոսակցություններից, վերջացրած ռազմական սխեմաներով, թե որ ուղղությամբ եւ ինչ ուժերով է հնարավոր հարվածել Ադրբեջանին՝ դուրս գալով Իրանի սահման:
Ալիեւը դեռ շարունակում է իրեն զգալ որպես մեծագույն գործիչ, թե՝ չի վախենում: Ավելին, պաշտոնապես հայտարարեց Ուկրաինային գազ վաճառելու մասին, ու թեեւ խոսքը միկրոծավալների մասին է, բայց քաղաքական տեսանկյունից սա եւս զգուշացում է: Բայց նաեւ ասել, թե այդ քայլերը սեփական ծրագրերով, այլ ոչ թե Անկարայից եւ Լոնդոնից եկած հրահանգներով է արվում, միամտություն կլիներ: Եվ այս տեսանկյունից՝ մինչեւ ո՞ր սահմանը նա կարող է գնալ: Նաեւ հաշվի առնելով, որ ՌԴ-ից եկող թվարկված բոլոր սպառնալիքները թեեւ պաշտոնական մակարդակով չեն, բայց այնպես էլ չէ, որ մասնավորապես Ադրբեջանն ամբողջությամբ ռազմական վերահսկողության տակ վերցնելու մասին տարաբնույթ սխեմաները մոսկովյան իշխանությունները չեն տեսնում:
Մի խոսքով, փաստը սա է. փորձ արվեց «Զանգեզուրի միջանցքի» թեման բերել գործնական օրակարգ, որի նկատմամբ Թեհրանի եւ Մոսկվայի ռեակցիան այն ուղղությամբ է, որ կլինի երկրորդ Ուկրաինա: Ու հիմա պատասխան քայլը սպասվում է ոչ թե անգամ Ալիեւից եւ Նիկոլից, այլ՝ Վաշինգտոնից եւ Լոնդոնից՝ մինչեւ ո՞ւր են պատրաստ գնալ:
Տես նաեւ https://t.me/iravunk/55624