ԱՄՆ Սենատում առաջ քաշվեց Ուկրաինային $54.6 միլիարդ ռազմական օգնություն տրամադրելու ծրագիր
ՄիջազգայինԱմերիկյան Սենատում ներկայացվել է երկկուսակցական օրինագիծ, որը նախատեսում է Ուկրաինային $54.6 միլիարդ օգնություն՝ հիմնականում ռազմական նպատակներով։ Նախաձեռնությունը ներկայացրել են դեմոկրատ սենատոր Ջին Շահինը և հանրապետական Լիզա Մերկոուսկին՝ հայտնի իրենց հակառուսական դիրքորոշումներով։ Նախատեսվում է, որ օգնությունը կտրամադրվի առաջիկա երկու տարիների ընթացքում՝ ներառյալ նոր սպառազինության գնման, ինչպես նաև նախագահի լիազորությունների ընդլայնման միջոցով՝ առանց Կոնգրեսի խորհրդակցման Ուկրաինային զենք ուղարկելու համար։
Օրինագծով առաջարկվում է մասնակի ֆինանսավորում ապահովել՝ օգտագործելով Ռուսաստանի բռնագանձված ակտիվները և եվրոպական երկրներին զենք վաճառելու եկամուտները։ Պենտագոնն առաջարկում է ևս $800 միլիոն Ուկրաինայի անվտանգության համար և $225 միլիոն՝ Բալթյան երկրների պաշտպանության համար, սակայն ակնկալվում է, որ այդ գումարների մեծ մասը կուղղվի հենց Կիևին։
Սակայն նախաձեռնությունն ԱՄՆ-ում դիմում է ընդդիմության։ Հանրապետական սենատոր Ռենդ Փոլը հայտարարել է, որ Ուկրաինային զինելու համար Վաշինգտոնը պարտք է վերցնում Չինաստանից՝ կոչ անելով կենտրոնանալ ԱՄՆ ներքին խնդիրների վրա։ Նույնիսկ նախագահ Թրամփը կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի համար $51.6 միլիոնի Patriot համակարգերի սպասարկման պայմանագիր, ինչպես նաև $3.5 միլիարդի AMRAAM հրթիռների արտադրության պայմանագիր, որը ներառում է Ուկրաինան և մի շարք եվրոպական և ասիական դաշնակիցներ, գրում է Лента.ру-ն։
