Հայրենիքի զգալի մասի կորստից մինչև պետականության գոյաբանական սպառնալիք. Դավիթ Անանյան
ՆերքաղաքականԻշխանափոխության «ինչու»-ների շարքը ծայրահեղ ընդարձակ է՝ սկսած Հայրենիքի զգալի մասի կորստից մինչև պետականության գոյաբանական սպառնալիք, դրսում կամակատարի գլխիկոր դերակատարումից մինչև ներսում՝ իշխանության բացահայտ և փաստացի ուզուրպացում։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Այս պայմաններում վարչապետը, զուրկ լինելով հակակշիռներից ու վերահսկողության մեխանիզմներից, գործում է որպես փաստացի միապետ՝ քողարկված ժողովրդավարական համակարգի պատրանքով։ Դա այլևս լոկ քաղաքական խնդիր չէ։ Դա պետականության ինստիտուցիոնալ քայքայման խորքային և վտանգավոր գործընթաց է, որի խորապատկերում ակնհայտ է մեր ապագայի վերահսկելիության կորստի սպառնալիքը։
Երբ մեկ մարդ միանձնյա ձևավորում է քաղաքական օրակարգը, ուղղորդում է դատական համակարգի տրամաբանությունը և օրենսդիր իշխանությունը վեր է ածում կուսակցական ենթակայության անմռունչ գործիքի՝ հանրապետական համակարգը դադարում է գոյություն ունենալուց։ Նրա տեղում առաջանում է վակուումային բռնիշխանություն, որը սնվում է կամայականությամբ և սնուցվում ճգնաժամով։
Պետությունը, որում իսպառ բացակայում են զսպումների և հակակշիռների մեխանիզմները, անխուսափելիորեն վերածվում է վարչակարգի։ Իսկ վարչակարգը, անգամ եթե ժամանակավորապես հենվում է քվեարկությամբ ձևավորված վստահության վրա, դառնում է անկանխատեսելի և կործանարար՝ հատկապես ճգնաժամային հանգրվաններում։
Այս ամենը կանխելու միայն մեկ ճանապարհ կա՝ ինստիտուցիոնալ վերափոխում, սահմանադրական վերանայում և իշխանության ճյուղերի միջև իրական հավասարակշռության սահմանում։
Սա պետք է դառնա առաջիկա քաղաքական օրակարգի առանցքը։ Որովհետև այն, ինչ տեղի է ունենում այսօր, այլևս իշխանության ձևի շուրջ բանավեճ չէ։ Դա արդեն պետականության էության շուրջ պայքար է»,-գրել է Անանյանը։
Բայց նաեւ չմոռանանք, որ այն ժամանակ, երբ Նիկոլն այս երկրի «գոյաբանական սպառնալիքի» հիմքերն էր դնում, նույն Անանյանը նրա թիմի կարկառուն անդամներից էր: Չէ՞ր հասկանում, թե ինչի մեջ է մտել. եթե դա է, պետք է նրա մտավոր պոտենցյալը կասկածի տակ դնել: Իսկ եթե հասկանում էր, եւ դրանով հանդերձ` Նիկոլի հետ էր, նրա ներկա խոսքերը քանի՞ կոպեկի արջեք կունենան, երբ նա ինքն է ենթական պատասխանատվության` այն ժամանակվա մեղքերի համար:
Տես նաեւ https://t.me/iravunk/55591
