Գրիգոր Ղազարյանը սահմանել է նոր ռեկորդներ և դարձել Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն
ՍպորտՀայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն՝ նվաճելով երեք ոսկե մեդալ և սահմանելով մի քանի ռեկորդներ:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող Եվրոպայի առաջնությունում 84 կգ քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը պոկում վարժությունում կատարել է երեք հաջող մոտեցում՝ 140 կգ, 145 կգ և 148 կգ: Վերջին արդյունքով նա սահմանել է պատանեկան Եվրոպայի նոր ռեկորդ և զբաղեցրել առաջին հորիզոնականը:
Հրում վարժությունում Ղազարյանը սկսել է 180 կգ արդյունքով՝ սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ ինչպես հրում վարժությունում, այնպես էլ երկամարտում: Այնուհետև թարմացրել է սեփական ցուցանիշները՝ հերթականությամբ բարձրացնելով 185 կգ և 190 կգ ծանրություն: Այս վարժությունում ևս Ղազարյանը զբաղեցրել է առաջին տեղը:
Երկամարտի 338 կգ ընդհանուր արդյունքով Գրիգոր Ղազարյանը դարձել է 2025 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն: