Վարդավառի էությունն էլ ջրեցին
ՎերլուծությունԱյս տարի հուլիսի 27-ին նշված Վարդավառը, ըստ իշխանության առաջին դեմքի՝ Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, իրական Հայաստանի «ամենատոնն» էր։ Իսկ թե ինչո՞ւ հենց Վարդավառը, եւ ինչո՞ւ այդ տոնակատարությունը պիտի դառնա երկրի բարեկեցության, հասարակական համերաշխության ու պետական հարատեւության ցուցիչ, պարզ է դառնում նրա հրապարակային գրառումների նոր շարքից, որոնք ավելի շուտ հիշեցնում են քաղքենի ինքնաբավություն, քան ազգային առաջնորդի հավաքական ուղեգիծ։
«Վարդավառն իրական Հայաստանի ամենատոնն է», - գրել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն «գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը»։ Միգուցե, նրան թվում է, թե ջրով դույլերով միմյանց վրա ցայտող ու Երեւանի հրապարակները աղբավայրի վերածող օտարերկրացինե՞րն են ազգի ոգու պատկերացումն ու ապագայի երաշխիքը։ Համենայնդեպս, հրապարակները ջրաշաղախ 18+ քաոսի վերածվելն ամեն ինչ էր, բացի տաղավար տոնից։ Էլ չասենք, որ ջրամարտերի մասնակիցների թվում ամենափոքր տոկոսը թերեւս հայերն էին կազմում: Մինչդեռ հենց այս նույն Վարդավառի իսկական բովանդակային կողմը՝ Պայծառակերպության խոր ու հոգեւոր խորհուրդը եկեղեցիներում էր՝ Սուրբ Պատարագի ժամանակ: Եվ հայ քրիստոնյան ոչ թե ոգեւորված էր ջրոցիով, այլ անհանգստացած էր ու տագնապած՝ պատրաստ պաշտպանելու Մայր Աթոռը, որի դեմ իշխանության անոնսավորած հարձակումը, Վարդավառը, կարծես թե, ջրեց՝ թողնելով հետագային:
Այսպիսով՝ Փաշինյանը, այս ամենի հետ կապված, իր նպատակներն ունի, նա տոնը վերածում է սոցիալ-տնտեսական բարեկեցության ապացույցի։ Նրա խոսքով, եթե մարդիկ հանգստանում են Սեւանում կամ գնում են ռեստորաններ, ուրեմն՝ «ապագան եկել է», ու Հայաստանը բարեկեցիկ է։ Մի պահ մոռանանք գների աննախադեպ աճը, բնակարան վարձող հազարավոր երիտասարդ ընտանիքների վիճակը, զանգվածային արտագաղթն ու դատարկվող սահմանամերձ համայնքները… Բայց Վարդավառին Սեւան գնացածնե՞րն են որոշում երկրի վիճակը։ Կամ վիզայի հերթե՞րն են ապացույց այն բանի, որ հայ մարդն այսօր լավ է ապրում։ Ո՞ւր մնացին իշխանության երբեմնի խոստումները՝ ապրել ապահով, անկախ եւ արժանապատիվ հայրենիքում։
«Ճչացող անհեթեթություն է հասարակության կենսամակարդակը Սեւանի ափին լինելով չափելը։ 1918 թ. Բաթումիի պայմանագրի ծանր պայմանների առնչությամբ Կովկասում գերմանական ներկայացուցիչ ֆոն Լոսովն ասում էր. «Սեւանը թողեցին հայերին լողանալու համար, դուրս գալու չորանալու տեղ չթողեցին»։ Հիմա սրանցն է. հանգստի վայրերից մի Սեւան են թողել ու մանրադիտակները վերցրել ընկել են ժողովրդի հետեւից»,- նկատում է «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը։
ԱԶԳԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԻՄՔԵՐՆ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՐԵՆ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ ԵՆ
Ոչ պակաս հատկանշական է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ միտքը՝ ընդդիմադիրների՝ «ատելություն, ապատիա, լարվածություն» խոսույթի մասին:Եթե մեկ օրով տոն է, ուրեմն՝ լարվածություն չկա՞։ Այդպես մտածողը կա՛մ բացահայտ մանիպուլյատոր է, կա՛մ ակնհայտորեն կտրված իրականությունից։ Ինչպե՞ս կարող է իրականությանը համարժեք համարվել հետեւյալ գրառումը. «Ընտանիքով ռեստորան գնալու երբեմնի նյարդը լիարժեք վերացած է, որովհետեւ ռեստորաններն ու սրճարանները վաղուց քրեածին հղփացածների տիրապետության տարածք չեն»։ Եվ սա գրեթե նույն շնչով է հնչում, ինչ Կիմ Չեն Ընի հռչակագրերն են. «Քաղաքացիները երջանիկ են, սրճարաններ են հաճախում, իսկ տնտեսությունը վերելք է ապրում»։
Այս նույն տրամաբանությամբ, կարելի է վաղը հռչակել Հելոուինը՝ որպես ազգային երանելիության օր, միայն այն պատճառով, որ շատերը «կյանքը վայելելու բնական մղումով» դիմակներ են հագնում ու փողոցներում քայլում։ Եվ այս համատեքստում հատկանշական էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շեշտադրումը Պայծառակերպության տոնին: Նորին Սրբությունը ընդգծեց, որ մեր օրերում տարբեր կեղծ գաղափարախոսություններով խաթարվում է մեր արժեհամակարգը, եղծվում ու նենգափոխվում են հոգեւոր ընկալումները:
Իրականում իշխանությունը տոնն օգտագործում է որպես կեղծ ինքնավստահության գործիք՝ մոռացության տալով պետության իրական հիմնասյուները։ Քանի դեռ Վարդավառը մեկնաբանվում է՝ որպես «ջրոցի, ուրախություն, բազմություն», բայց ոչ՝ որպես Քրիստոսի Պայծառակերպության խորքային խորհրդով տոն, ազգի հոգեւոր հիմքերն անդառնալիորեն քայքայվում են։
ԿԵՑՑԵ՛ ՎԱՐԴԱՎԱՌԸ, ԵԹԵ ԱՅՆ ՎԵՐԱԴԱՌՆԱ ԻՐ ԷՈՒԹՅԱՆԸ
Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանն իրավացիորեն նշում է, որ Խորհրդային Հայաստանի ղեկավարները տասնյակ անգամ հեռատես ու հայրենասեր են եղել, քան ներկայիս իշխանավորները։ Նրանց համար Վարդավառը չէր ամենատոն, բայց ամենատոն էր աշխատավորների տոնը, Հաղթանակի տոնը, Բանակի տոնը, Ուսուցչի եւ Ինժեների տոնը։
«Այսօրվա ղեկավարն ասում է` իրական Հայաստանի ամենատոնը Վարդավառն է, որը կարելի է հնդիկների, պարսիկների, իսկ «խաղաղությունից» հետո, ինչո՞ւ չէ, նաեւ ադրբեջանցիների հետ հավաքվել ու տոնել. դույլերը վերցնել իրար ջրել», - ավելի ուղիղ արձանագրում է Պետրոսյանը։ Այո՛, այսպես եթե շարունակվի, մենք մեր երկրում լինելու ենք պատերի տակ քայլող ազգային փոքրամասնություն: Եթե այսօր արդեն իսկ մեր տաղավար տոնն ավելի ջերմեռանդ ու մեծ քանակով տոնում են իրանցիներն ու հնդիկները, պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե վաղը շուրջ 300 հազար ադրբեջանցի հայտնվեն Երեւանի փողոցներում: Չէ որ, Ալիեւը հայտարարել է, որ այսքան ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց «վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն»:
Եթե 20-րդ դարի կեսերին Խորհրդային Հայաստանի ղեկավարները հստակ ազգային ռազմավարությամբ փորձում էին փոխել դեմոգրաֆիական իրավիճակը, ապահովել հայրենադարձություն, ապա այսօր իշխանությունն ազգային խնդիրները ծածկելու համար քարոզում է ուրախություն։ Ու երբ ընդդիմադիրներին մեղադրում են ապատիայի եւ ատելության տարածման մեջ, պետք է հիշեցնել՝ իրական լարվածությունն ու դժգոհությունը ոչ թե փսեւդոէլիտար խմբակների երջանիկ գլուխներում է, այլ` պետականություն կերտող ողջամիտ հատվածի հոգում։
Իսկ Վարդավառը, որքան էլ զանգվածային լինի, եթե վերածվում է ջրածեծի, աղբահանության խնդիրների ու բանականության ջնջման միջոցի, այն չի կարող լինել ո՛չ պետության ամենատոն, ո՛չ նրա հարատեւության հիմքի խորհրդանիշ։ Այն ընդամենը ծուռ հայելին է այն «իրական Հայաստանի», որը կառուցվում է պոպուլիզմի, մակերեսայնության եւ կեղծ բարեկեցության քարոզով։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ Վարդավառը, եթե այն վերադառնա իր իրական, աստվածաբաղձ ու ազգանվեր էությանը։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
