Ուրեմն` ի՞նչ է մնում Նիկոլին անել
ՎերլուծությունԱյսպիսով, որ Ուկրաինայի շուրջ ընթանում է ռուս-ամերիկյան պայմանավորված գործընթաց (Տես նաեւ https://iravunk.com/?p=319001&l=am) էն գլխից էր ենթադրելի: Ու անգամ կա հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Թրամփը հենց 50 օր ժամանակ տվեց:
Այսպես, նախօրեին Թրամփը հայտնեց. «Նախագահ Սին ինձ հրավիրել է Չինաստան, եւ, ամենայն հավանականությամբ, մենք իսկապես կգնանք այնտեղ մոտ ապագայում։ Դա շուտով չէ, բայց շատ հեռու էլ չէ…»,- պատասխանել է Թրամփը։ Հայտնի է, որ հրավերի առիթը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակն է։ Չինաստանը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Տյանանմեն հրապարակում կայանալիք լայնածավալ շքերթին, եւ Պեկինի հրավերն արդեն ընդունվել է Վլադիմիր Պուտինի կողմից: Ու մոտավորապես հենց այդ ժամանակահատվածում էլ լրանում է Թրամփի «50-օրյա վերջնագրի» ժամկետը: Այսինքն, եթե այդ պահին արդեն հնարավոր դառնա կանգնեցնել կամ գոնե նման անշրջելի փուլի հասցնել ուկրաինական պատերազմը, Թրամփը կմեկնի Պեկին: Եվ այդ շրջանակներում էլ, ըստ մի շարք հեղինակավոր փորձագետների, միանգամայն ռեալ է դառնում Պուտին-Թրամփ-Սի եռակողմ գագաթաժողովը, որը կդառնա Յալթայի կամ Պոտսդամի կոնֆերանսների ժամանակակից տարբերակը: Այն է՝ այս երեք ուժի կողմից նոր աշխարհակարգի ստեղծման տեսլականը դարձել է միանգամայն ռեալ: Իսկ ահա Եվրոպան, չնայած բոլոր փորձերին, շատ նման է, որ այդ սեղանի շուրջ այդպես էլ տեղ չի ունենա:
Վերադառնանք Նիկոլի ռուսաստանյան այցին: Այստեղ նախ կա այն հարցը, թե նա այս իրավիճակում ի՞նչ է անելու իր եվրաուղղության հետ: Սրա հետ կապված` երկու ցուցադրական դաս նա ստացավ: Նախ, Նիկոլի «եվրատանիք» Մակրոնը փլուզվում է: Մի կողմից, օրերս հայտնի դարձավ, որ նա հասել է այնպիսի խայտառակ վարկանիշի, ինչպիսին չի ունեցել եւ ոչ մի ֆրանսիական նախագահ: Գումարած, աջուձախ մեղադրում են, թե Մակրոնի կինը ծննդով տղամարդ է: Ու հիմա Մակրոնը ստիպված է այս մի մեղադրողից մյուսին նետվել, աջուձախ դատի տալ, երբեմն՝ պարտվել՝ արժանանալով կնոջ հերթական «չափալախին»: Եվ երկրորդը. եթե անգամ Զելենսկին է «գցում» Եվրոպային, ապա էլ ի՞նչ եվրաերազանք կարող է փայփայել Նիկոլը: Առավել եւս, երբ համաշխարհային մեծ եռյակի սեղանի մոտ Եվրոպան, շատ մեծ հավանականությամբ, այդպես էլ տեղ չի ունենա:
Երեւի այս իրողությունների պարագայում պատահական չեն ակնարկները, թե Նիկոլը, Եվրոպայից հույսը կտրելով, Զելենսկու օրինակով թռել է Թրամփի գիրկը: Ավելի կոնկրետ, որ արդեն հասցրել է անգամ հուշագիր ստորագրել՝ «Զանգեզուրի միջանցքը», այն է՝ «Թրամփի կամուրջը» նվիրել Վաշինգտոնին:
Նախ, իհարկե, կա այն հարցը, թե իրոք ինչ-որ բան ստորագրե՞լ է: Դատելով այն խայտառակ կուրսից, որը Նիկոլը ծավալում է Հայաստանի ներսում, նման հավանականություն կա: Այս վարկածով՝ հիմա պետք է ներքին օրակարգը շեղել նման պատմական մասշտաբի դավաճանությունից հանրությանը շեղելու համար: Բայց հասկանալի է, խնդիրը միայն հայաստանյան հասարակությունը չէ, այլ որ նման քայլով նա ուղիղ կերպով «գցելու» է նաեւ ռուսներին: Այսինքն, այս վարկածի դեպքում կարող ենք հասնել այն մտքին, որ Նիկոլը վազել է Ռուսաստան՝ փորձելու համար համոզել, թե, գիտեք, եթե անգամ ստորագրել եմ, բայց դա խաղ է, իրականում ես ձեզ հետ եմ, եթե անգամ ինչ-որ հուշագիր կա, մեկ է, դա դեռ պայմանագիր չէ: Այսինքն այն, ինչ քանիցս նա այս ընթացքում արել է: Ընդ որում, դատելով նրանից, որ հազիվ Միշուստինի հետ է կարողացել հանդիպում կազմակերպել, կարելի է նաեւ մտածել, որ Կրեմլում նրան տեսնել անգամ չեն ուզում:
Չնայած, հնարավոր տարբերակ կարող է լինել, որ ռուսներն են Նիկոլին կանչել՝ ինչ-որ շատ հստակ հաղորդագրություններ նրան փոխանցելու համար: Վերջին հաշվով, միայն Սյունիքի թեմայով չէ, որ Մոսկվան այս պահին ծայրահեղ դժգոհ է, եւ ընդհանրական մի վերջին նախազգուշացում փոխանցելու տարբերակը պետք չէ բացառել:
Իհարկե, նման հուշագրի ստորագրման մասին խոսակցություններն ընդամենը լրատվական դաշտում են, որտեղ ներկա փուլում ֆեյքերի պակաս չկա: Այսինքն, եթե ընդունենք այն տարբերակը, որ «Թրամփի կամուրջի» մասին խոսակցություններն արհեստական ծագում ունեն, ապա Նիկոլի ռուսական այցը կարող է նաեւ այս իմաստն ունենալ. եվրատանիքն աչքի առաջ փլվում է, Մոսկվան տեղ ունի ապագա Մեծ եռյակի կազմում, ԱՄՆ-ն, միգուցե ցանկալի, բայց հեռու է, Թուրքիան շատ հնարավոր է, որ ուզած-չուզած գնա Իսրայելի հետ բախման: Նման իրավիճակում Նիկոլի` ՌԴ վազելը եւ Միշուստինի միջոցով հարցեր լուծելու փորձը կարող է եւ այդ ընդհանրական տրամաբանության հետեւանքը լինել: Կկարողանա՞ Նիկոլը հարցեր լուծել, դա արդեն մեդալի մյուս երեսն է:
Բայց գլոբալ իմաստով ստորագրել է Նիկոլն ինչ-որ հուշագիր, պատրաստվում է ստորագրել, թե նման որեւէ մտադրություն չունի, իրականում շատ մեծ կարեւորություն չունի: Այսինքն, եթե ընթանում է աշխարհի աշխարհաքաղաքական վերաբաժանման գործընթաց Յալթայի օրինակով, ապա հարցերը հենց այստեղ էլ լուծվելու են: Այն է՝ կկարողանա՞ Մոսկվան իր աշխարհաքաղաքական ազդեցության տակ պահել մասնավորապես Հարավային Կովկասը, թե՞ ամերիկացիներն այն կվերցնեն, դա հենց այդ գլոբալ գործընթացների, այլ ոչ թե Նիկոլի ստորագրել-չստորագրելու հարթությունում է: Այսինքն, Եռյակը կորոշի, ու հետո լինի Նիկոլը, Ալիեւը, թե ով, պարզապես ստիպված են լինելու հարմարվել այդ իրողություններին:
Իսկ ահա Նիկոլին մնում է Ռուսաստանում փորձել գլուխ հանել, թե իրականում ինչ պառշտմության մեջ է ընկել:
Տես նաեւ https://t.me/iravunk/55226
