Մեծ խաղի սպասված կտրուկ շրջադարձը
ՎերլուծությունԵվ այսպես, ըստ տարածված լուրերի՝ ամերիկացիներին «Զանգեզուրի միջանցք» նվիրելով, Նիկոլը մեկնեց Ռուսաստան: Թե ինչու, կառավարությունից բացատրում են. «Վարչապետը ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին»: Հասկանալի է, որ դա ընդամենը շիրման է, հիմնական իմաստը`Միշուստինի հետ հանդիպումն է, քանի որ նախնական խոսակցություններով՝ Պուտինը նրան չի ընդունի: Ուրեմն, ո՞ւմ եւ ինչո՞ւ է պետք այդ հանդիպումը…
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Նիկոլի այցին դեռ կվերադառնանք: Բայց նախ հասկանանք, թե գլոբալ իմաստով ի՞նչ է այս պահին տեղի ունենում: Նկատի ունենք, որ եթե իրոք «Զանգեզուրի միջանցքին» այլ՝ քարոզչական տեսանկյունից ավելի գեղեցիկ՝ «Թրամփի կամուրջ» անվամբ միջանցք են ստեղծում, եւ ԱՄՆ-ն իրոք այդ ծրագիրը փորձում է առաջ տանել, այն էլ՝ 99 տարով, ապա դա ուղիղ հարված է Մոսկվային: Այն է՝ Թրամփը դրանով կփորձի վերջնականապես խլել ոչ միայն ռուսական ավանդական ազդեցության գոտին, այլ մի տարածք, որը ժամանակին գտնվել է Ռուսաստանի կազմում: Այսինքն, պատրա՞ստ է Թրամփը նման թշնամանք սկսել Մոսկվայի հետ, թերեւս այստեղ է հիմնական թեման:
Ըստ այդմ էլ, շարունակվում է առաջնային պլանում մնալ հարցը, որն օրակարգում հայտնվող Թրամփի այս նախագահական ժամկետի մեկնարկի պահից, խոշոր իմաստով դեպի ո՞ւր են գնում ռուս-ամերիկյան հարաբերությունները: Եվ այն, որ դրա հիմնական ինդիկատորը եղել եւ մնում է Ուկրաինան, հայտնի փաստ է: Իսկ ահա Ուկրաինայում վերջին օրերին շատ հետաքրքիր իրավիճակ է սկսել զարգանալ:
Այսպես, այն դեպքում, երբ մինչ այդ պաշտոնական Կիեւը համառորեն հետաձգում էր Մոսկվայի հետ հանդիպում-բանակցությունների հերթական ռաունդը, ապա երեք-չորս օր առաջ «անսպասելիորեն» համաձայնություն ձեռք բերեցին, ու շատ արագ էլ Ստամբուլում տեղի ունեցավ բանակցային հերթական ռաունդը: Ու գործնականում միաժամանակ Զելենսկու վարչակազմը Գերագույն ռադա ներկայացրեց մեկ օրինագիծ, որը մեծ աղմուկ էր առաջացրել ուկրաինական քաղաքական դաշտում եւ ոչ միայն: Այն է՝ էապես կրճատեցին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի եւ Հատուկ հակակոռուպցիոն դատախազության լիազորությունները: Խոսքը հետեւյալի մասին է. այդ մարմինները արեւմտյան ուլտրադեմոկրատների կողմից ներդրված այն հիմնական կառույցներից էին, որոնք նախատեսված են ուկրաինական իշխանություններին վերահսկողության տակ պահելու համար: Իսկ պաշտոնապես դրանք Ուկրաինային դեպի ԵՄ տանող հիմնական նախապայմաններից էին: Ու հիմա, Զելենսկին, փաստացի չեզոքացնելով այդ կառույցները, միանգամից դեմ է գնում եվրալիբերալական համակարգին, բացի այդ, սորոսականներին ու նման այլ բաներին: Ոչ թե պարզապես դեմ է գնում, այլ սա իսկական ապտակ է ողջ ուլտրալիբերալիստներին՝ Բրիտանիայով հանդերձ, հաշվի առնելով, որ, կրկնենք, անմիջապես էլ գնացին ռուսների հետ հանդիպման: Այն նույն եվրահամակարգին, որը, ըստ նոր պայմանավորվածությունների, պետք է 100 տոկոսով վճարի ԱՄՆ-ին՝ Ուկրաինային մատակարարվող զենքի համար, էլ չասած մնացած ֆինանսական հատկացումների մասին:
ԵՎՐՈՊԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԾԱՆՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ Է
Այսպիսով, Ուկրաինայում հիմա ստեղծվում է նման վիճակ: Իրեն կոպտորեն «գցված» համարող Եվրոպան մի իսկական մայդան է սկսել Զելենսկու դեմ, ու թեեւ այս պահին հիմնական խոսքը դեռ նշված օրենքները փոխելու մասին է, բայց շատ արագ ամեն ինչ կարող է զարգանալ Զելենսկուն հեռացնելու սցենարով: Եթե անգամ չհաջողվի, ապա Կիեւը հաստատ Եվրոպայից մի կոպեկ փող եւ մեկ փամփուշտ անգամ չի ստանա:
Հասկանալի է նաեւ, որ պաշտոնական Կիեւը հենց այնպես չէ, որ գնաց նման ծայրահեղ շրջադարձի: ԱՄՆ-ն հրաժարվում է զենք տալ, թե՝ թող Եվրոպան գնի, հանձնի Ուկրաինային: Իսկ ահա Եվրոպան, ինչպես արդեն հասցրել են հայտարարել մի շարք հիմնական երկրներ, չեն պատրաստվում այդ բեռն իրենց վրա վերցնել, էլ չասած, որ ունեն ֆինանսական ամենալուրջ խնդիրներ: Մինչեւ իսկ Բրիտանիան, որն արդեն տարվա կեսին հայտնվել է դատարկ բյուջեի փաստի առաջ, եւ օրերս ստիպված էին մոտ 150 միլիարդանոց հերթական պարտքը վերցնել միայն պետական պարտքի տոկոսների սպասարկման համար: Գերմանիան իր հերթին է խորը ռեցեսիայի մեջ, Ֆրանսիան նույնպես եւ հրաժարվում է փող տալ, եւ այսպես շարունակ: Կարճ ասած, եթե ԱՄՆ-ն խաղից դուրս է գալիս, Եվրոպան էլ բացահայտորեն հազիվ 10-20 տոկոսն է պատրաստ տալ, ապա ելքը մեկն է՝ ենթարկվել այն պահանջներին, որոնք առաջադրում է Թրամփը: Դրա այլընտրանքը ռազմական պարտությունն ու անվերապահ կապիտուլյացիան է:
Կարճ ասած, Զելենսկին ստիպված Թրամփի «գիրկը թռավ», ու հիմա Եվրոպան անցել է ճնշումների: Զելենսկին ցույց է տալիս, որ կարող է գնալ շրջադարձի, այդ թվում` վիճահարույց օրենքը հետողորմյա անելու տեսքով: Բայց այդ դեպքում պարզապես կյշհայտնվի նույն վիճակում, որում էր մինչ այդ քայլին գնալը: ցԱյն է` վիճակ, հենց որն էլ պարտադրեց գնալ նման ռիսկային խաղի: Էլ չասած, որ ոչ պակաս սուր ճնշումներ են գալիս նաեւ ԱՄՆ-ից, բայց այս դեպքում՝ Զելենսկու նոր շրջադարձը կանխելու համար: Թրամփը նախօրեին սպառնաց, որ սկսելու է Կիեւին տրամադրված 350 միլիարդ դոլարի աուդիտ՝ բաց տեքստով հայտարարելով, թե վստահ է, որ այդ փողերի մեծ մասը գողացել են: Իր հերթին Թրամփի «խոսափողերից» մեկը՝ կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինն պահանջում է. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին բռնապետ է եւ հրաժարվում է կնքել խաղաղության համաձայնագիր եւ դադարեցնել պատերազմը։ Ապրես, ուկրաինացի ժողովուրդ։ Հեռացրեք նրան պաշտոնից։ Եվ Ամերիկան պետք է դադարեցնի փող եւ զենք ուղարկելը»: Մի խոսքով, այս պահին քիչ հավանական է թվում, որ Զելենսկին կվերադառնա եվրալիբերալական կուրսին: Առավել եւս, որ Թրամփը սկսել է ոչ պակաս ծանր հարվածներ հասցնել նաեւ ամերիկյան գլոբալիստներին: Այսպես, օրերս նա հերթական սկանդալային հայտարարությունը հնչեցրեց: Այն է՝ «ռուսական միջամտության» մասին հայտնի գործով, որի արդյունքում Բայդենը նստեց նախագահական աթոռին. «Բանդայի պարագլուխը նախագահ Օբաման էր՝ Բարաք Հուսեյն Օբաման։ Լսե՞լ եք նրա մասին»։ Դա, ըստ Թրամփի, պետական հեղաշրջման փորձ էր, որին մասնակցել են նաեւ «Հիլարի Քլինթոնը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ»: Գրեթե անմիջապես էլ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հայտարարեց՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարող է մեղադրվել դավաճանության եւ պետական հեղաշրջման փորձի մեջ՝ «ռուսական հետքի» պատճառով: Նա մեղադրվում է 2016 թվականի ընտրություններում «ռուսական հետքի» մասին հետախուզական տվյալների կեղծման եւ Թրամփի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ Ու թե այդ գործին պաշտոնական ընթացք տալն ինչ հարված կդառնա ուլտրալիբերալների համար, կարելի է կռահել:
ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է
Նաեւ դժվար չէ կռահել, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իրականում Թրամփի եւ լիբերալների պայքարի արտացոլումներից է: Եթե Թրամփին հաջողվի լիբերալներին լիովին դուրս մղել ուկրաինական խաղատախտակից, ապա այդ բախումն արդեն տեղափոխվում է հենց եվրոպական տիրույթ: Ընդ որում, այստեղ եւս, չմոռանանք, որոշակի սուր դետալներ արդեն իսկ կան: Ու առաջին հերթին, ԵՄ-ի նկատմամբ 30 տոկոսանոց մաքսատուրքերի հարցը, որոնք «պատահաբար» ուժի մեջ են մտնում հենց այս օրերին՝ օգոստոսի 1-ից: ԵՄ-ն խոստացել է պատասխանել, եւ անկախ նրանից կպատասխանի, թե՝ ոչ, քաղաքական հարթությունում Եվրոպայի պարտությունը ամենահավանական սցենարն է: Գումարած Զելենսկու կողմից «գցված» լինելու փաստը, որը միանշանակ խորացնելու է ներեվրոպական առանց այդ էլ շիկացած մթնոլորտը:
Եվ ահա այն, որ գրեթե անմիջապես էլ Զելենսկին վերսկսեց ռուսների հետ բանակցային գործընթացը, գալիս է հուշելու, որ ուկրաինական պատերազմի դադարեցումը Թրամփի հիմնական ծրագրերից է, եւ Եվրոպային «կոտրելով», այդ գործընթացին նոր տեմպ կհաղորդվի: Իհարկե, Ստամբուլի վերջին հանդիպումը, ինչպես եւ սպասելի էր, վերջնական արդյունք չտվեց: Բայց ահա, օրակարգ բերվեց մինչեւ օգոստոսի վերջերը Պուտինի եւ Զելենսկու հանդիպման գաղափարը:
Եվ այստեղ եւս մեկ հետաքրքիր զուգադիպություն: Օգոստոսի վերջերին ավարտվում է ՌԴ-ին Թրամփի ներկայացրած «50-օրյա վերջնագրի» ժամկետը: Ռուսներն այս պահին շարունակում են մի շարք մասշտաբային հարձակումներ, եւ, շատ մեծ է հավանականությունը, որ այդ ընթացքում հիմնականում կվերահսկեն այն տարածքները, որոնք ՌԴ Սահմանադրությամբ ֆիքսված են` որպես Ռուսաստանի տարածք: Ընդ որում, եթե Ուկրաինայում մայդանային տրամադրություններ են, ապա դա չի կարող չազդել նաեւ բանակի վրա, որն էլ կարող է էլ ավելի ակտիվացնել ռուսական հարձակումները: Դրանք այն տարածքներն են, որոնք բանակցային հիմնական արգելք են դարձել: Զելենսկին պարզապես չի կարող դրանք առանց կռվի հանձնել, Մոսկվան էլ, առանց ՌԴ կազմ ներառված տարածքների չի գնա հրադադարի: Իսկ այսպես, կհարձակվեն, կգրավեն, հետո հնարավոր կլինի կանգ առնել շփման գծով մեկ՝ առկա իրողությունները ֆիքսելով խաղաղության պայմանագրում: Թրամփն էլ, հասկանալի է, կներկայանա խաղաղություն հաստատողի կերպարով:
Տես նաեւ https://t.me/iravunk/55224