«Մեծ կոմբինատորից» կարող է միայն «կոտոշներն ու սմբակները» մնան
ՎերլուծությունՏարիներ առաջ, երբ ժողովուրդը փողոց դուրս եկավ «թավշյա» իշխանափոխության շղարշով, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ շուտով մեր իրականության մեջ ի հայտ կգար նոր Օստապ Բենդեր՝ այս անգամ ոչ թե հորինված, այլ իրական ու քաղաքական բեմում՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով։ Մեծ կոմբինատորը վերադարձել է, սակայն այս անգամ ոչ թե Նովոսիբիրսկից, այլ Իջեւանից՝ Ստոկհոլմից, Վեհարանից ու Վաշինգտոնից ստացած ապտակներով։
Որքան էլ կառավարական քարոզչամեքենան փորձի փաթեթավորել պարտությունները՝ խոսելով «պայքարի շարունակությունից», «դիվանագիտական նրբերանգներից» եւ «հայ ժողովրդի սուրբ երազանքներից», իրականությունն այսպիսի շղարշի տակ չեն թաքցնի։ Ստոկհոլմի արբիտրաժում պարտվել է ոչ թե պարզապես ՀՀ կառավարությունը, այլ՝ Նիկոլ Փաշինյանի սիմվոլիկ իշխանությունը։ ՀԷՑ-ի գործով դատարանը կասեցրել է Հայաստանի ցանկացած փորձ՝ պետականացնել կամ վերահսկել Կարապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունը։ Այլ կերպ ասած՝ եվրոպացիները Փաշինյանին ասել են՝ «թաղի տղու» խաղեր այստեղ մի խաղա։
Հենց այս ֆիասկոն էլ ցույց է տալիս, որ վարչապետի միջազգային «կոմբինացիաների» խաղաքարտերը սպառվել են։ Նա կորցրել է նույնիսկ նախկին «անվերապահ» եվրոպացի դաշնակիցների աջակցությունը։ Արեւմտյան ուղղությունը սպառվել է, իսկ ռեգիոնալ խաղն իր ձեռքն է վերցրել ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա է հիմա թելադրում՝ ով խոսի, ով լռի, ով մնա, ով գնա։ Ու այս խաղաքարտերի սեղանին Փաշինյանը, մեղմ ասած, ավելորդ է դարձել։
Ուրեմն՝ ի՞նչ է մնում «մեր օրերի Բենդերին»։ Կամ սկսել իրեն գժի տեղ դնել ու տգեղ մանիպուլյացիաներով ժամանակ ձգել՝ որպես թե իբր սպասում է բողոքարկման հնարավորության կամ «միջազգային դիվանագիտական պատասխանների», կամ էլ ընդունել, որ պարտվել է ու առանց իր հայտնի «կռուտիտների», թողնել իշխանությունը: Վերջինն, իհարկե, իր հագով չէ, քանի կա մինչեւ վերջին խազը խայտառակվելու, բայց պետական աթոռին մնալու հնարավորություն:
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ ԱՅԼԵՎՍ ՈՉ ՄԻ ՆՈՐ «ԿՈՄԲԻՆԱՑԻԱ» ՉՈՒՆԻ
Բայց սա դեռ ամենը չէ։ Փաշինյանը ձախողեց նույնիսկ հոգեւոր դաշտում իր «կոմբինացիաները»։ Վեհարան տանելով մի կեղծ հոգեւորականի՝ նա փորձում է «կաթողիկոս փոխել», բայց իրականում դրանով ոչ թե հարց է լուծվում, այլ ավելի է վատթարացնում իր վիճակը։
Այժմ, ինչպես ցույց են տալիս վերջին սոցհարցումները, ժողովրդի վերաբերմունքը նրա նկատմամբ ոչ թե անտարբերություն է, ոչ թե հիասթափություն, այլ բացահայտ ատելություն։ Վարկանիշը պլինտուսից էլ ներքեւ է։ Իսկ մինչեւ ընտրություններ ժամանակ գրեթե չկա։ Էջմիածնի ՏԻՄ ընտրությունները պարզապես լակմուսի թուղթ են լինելու համապետական ձեւաչափի համար։ Եվ այս սեղմ ժամկետներում Փաշինյանի վարչակարգը այլեւս ոչ մի նոր «կոմբինացիա» չունի։
Այս խայտառակ պարտություններով ու հոգեբանական ճնշումների ներքո էլ նա մեկնել է Ռուսաստան։ Հույս ունի, որ ՌԴ-ում կհաջողվի՞ հին գժական չեստերով համակրանք շահել, թե՞ այս անգամ կփորձի սառը հաշվարկներով խաղալ, հաշվի առնելով նոր աշխարհաքաղաքական իրողությունները։ Կերեւա առաջիկա օրերին, բայց պարզ է մի բան՝ «ստամբուլյան խաբկանքներով», «հյուսիսափայլ ժպիտներով» ու «թավշյա դիվանագիտությամբ» այլեւս ոչ ոքի չես խաբի։ Ժամանակը սպառվել է։
Ոչ մի քաղաքակիրթ պետություն, ոչ մի հոգեւոր կառույց, եւ ամենակարեւորը՝ ոչ մի քաղաքացի այլեւս չի ուզում կապ ունենալ այս «մեծ կոմբինատորի» հետ։ Եվ ինչպես Իլյա Իլֆի եւ Եվգենի Պետրովի հերոսները կասեին՝ վերջում միշտ մի բան է մնում՝ «կոտոշներն ու սմբակները»։ Եթե կա բան, որ Նիկոլ Փաշինյանը դեռ կարող է պահպանել իր իշխանությունից, ապա դա հենց սրանք են։ Ուստի՝ վախեցեք այն օրվանից, երբ նա կփորձի դրանք էլ փաթեթավորել ու որպես նոր քաղաքական դավթար, առաջարկել ժողովրդին։
ԻՐԱԿԱՆ ԵՎ ՈԳԵՂԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՏԱՐՎՈՒՄ
Վերջին յոթ տարվա ընթացքում արտաքին ուժերի կողմից ՀՀ իշխանությանը պարտադրվող՝ հայ ինքնության դեմ սողացող պատերազմի հերթական փուլը Հայոց եկեղեցու դեմ տեղեկատվական-քարոզչական այս վայրագ արշավն է, որ հաջորդեց հայագիտության եւ Հայ եկեղեցու պատմության դեմ ձեռնարկված հայտնի իրողություններին։ Այս ամենը հիշեցնում է չարաբաստիկ 30-ականները, երբ պատմական հայրենիքի զոհաբերումից հետո՝ ամեն ինչ արվում էր՝ ազգային հիշողությունը խլացնելու, անցյալը ջնջելու, ժողովրդի գիտակցությունը մթագնելու համար։
Այն ժամանակ ազգային դեմք ու դիմագիծ ունեցող, հայրենասեր գործիչների շարքում ձերբակալվում, գնդակահարվում, խեղդամահ էին արվում նաեւ հայ հոգեւորականներ՝ հակահեղափոխական, օտարերկրյա գործակալության եւ այլ ծանրագույն, անհիմն մեղադրանքներով, որոնց հաջորդում էին եկեղեցիների մասսայական փակումներն ու քանդումները՝ քրիստոնեական մի ողջ քաղաքակրթության ոչնչացմամբ եւ եկեղեցական հազվագյուտ գանձերի կողոպտմամբ։
Ի դեպ, 1930-ական թվականներին գնդակահարված հարյուրավոր հոգեւորականների շարքում էին նաեւ Մայր Աթոռի միաբաններ Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը եւ Շիրակի թեմի առաջնորդ Արտակ եպիսկոպոս Սմբատյանցը։ Այսօր էլ, ճակատագրի հեգնանքով, համանման մեղադրանքներով ձերբակալված են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը… Եվ ինչպես դար առաջ, հայ ինքնության վերացման այս քաղաքականությանը զուգահեռ՝ Հայաստանը շարունակ ունենում է տարածքային կորուստներ։
Մի խոսքով՝ իրական եւ ոգեղեն հայրենիքի դեմ պատերազմ է տարվում երկու ճակատով, եւ ակնհայտ է, որ այս արշավը Եկեղեցու առաքելության եւ դավանած արժեհամակարգի դեմ է՝ որպես ազգային ինքնության ամուր հաստատության եւ պատմական հիշողության տեր ու տիրակալի։ Ի՞նչ է սա, եթե ոչ ազգային ճակատագրի կրկնություն, հայ ժողովրդի բնաջնջման կամ ձուլման թուրքական քաղաքականության հետեւողական շարունակություն, օտար բռնակալների դրածո «հայրենի» ղեկավարների նաիրուրաց վարք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
