ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ-ՍԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն, ԹԵ՝ ՄԵԾ ԲԱԽՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
ՎերլուծությունԵվ իհարկե, հարավկովկասյան հարթակում ներկա բոլոր սրացումները շարունակում են պտտվել «Զանգեզուրի միջանցքի» շուրջ: ի դեպ, հեղինակավոր արեւելագետ Սեմյոն Բաղդասարովը բացատրում է, թե ինչո՞ւ են ՆԱՏՕ-ի երկրներն այդպես կենտրոնացել «Զանգեզուրի միջանցքի» վրա. «Նախեւառաջ, ի՞նչ է «միջանցքը»։ Իրականում դա ցամաքային Պանամայի ջրանցքն է, դա տնտեսական եւ աշխարհաքաղաքական ազդեցության հսկայական լծակ է…»: Ըստ այդմ էլ` «Ադրբեջանա-թուրքական տանդեմը եւ նրանց ետեւում կանգնած Միացյալ Նահանգները փորձում են «գողանալ» ամբողջ Հարավային Կովկասը մեր քթի տակից...»։
Բայց մյուս կողմից, Թրամփը, իհարկե, չի կարող չհասկանալ, որ խոսքն այն տարածաշրջանի մասին է, որը ոչ միայն դարերով եղել է ռուսական ազդեցության գոտին, այլ ուղղակի Ռուսաստանի մաս` թե´ Ռուսական Կայսերության, թե´ ԽՍՀՄ-ի ժամանակ: Այն է` ամբողջ Հարավային Կովկասը «գողանալը» չի կաորղ նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում չդառնալ Մոսկվայի հետ ծայրահող սուր հակասության նոր դրվագ: Մյուս կողմից, կովկասյան ուղղությունը նաեւ չիանկան շահերի համատեքստում իր որոշակի դերն ունի: Այն է` պատրա՞ստ է Թրամփը գլոբալ հակամարտության այդ կարգի սրացման: Կամ, որ պակաս կարեւոր չէ, կարո՞ղ է, բավարար ուժեր կա՞ն: Հաշվի առնելով, որ առանց այդ էլ կա նաեւ ուկրաինական ուղղությունը:
Չնայած, դատելով ուկրաինական աղբյուրների գնահատումներից, Թրամփի վերջին աղմուկ հանած հայտարարությունները, այդ թվում` ՌԴ-ին 50-օրյա ժամկետով «վերջնագիր» տալն իրականում այլ խաղ է: Ըստ այդմ. «Բանկովայում բոլորը հիասթափված են եւ կարծում են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված Թրամփի ամբողջ գործը պայմանավորված խաղ է: Կրեմլին 50 օր է տրվել այդ պատժամիջոցների ներդրմանը նախապատրաստվելու համար։ Հրապարակային առումով Բանկովայան ստեղծում է ամերիկացիների հետ գերազանց հարաբերությունների պատկեր, բայց կուլիսներում նրանք անիծում են Վաշինգտոնին` գլոբալ խաղերի համար…»: Այդ թվում, որ Թրամփը ուկրաինական ճգնաժամի ծախսերի 90%-ը տեղափոխում է ԵՄ՝ ընդամենը գլոբալիստների գլխավոր հենարանը թուլացնելու համար: Ավելին, որ Թրամփի կողմնակիցները չեն հրաժարվել Զելենսկուն լուծարելու ծրագրերից: Ընդ որում, աղբյուրը դրա «հանրային նախազգուշացման ահազանգ» է համարում ամերիկացի ոչ անհայտ լրագրող Սեյմուր Հերշի պնդում, որ ԱՄՆ-ն կարող է «ստիպել Զելենսկիուն հեռանալ, եթե նա դա կամավոր չանի»։
Վերջապես, որ` «Վաշինգտոնում եւ Ուկրաինայում շատերը կարծում են, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ դադարեցնել Ռուսաստանի հետ պատերազմի սրացումը, քանի դեռ դեռ կա հնարավորություն համաձայնության գալու նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:
Թերեւս, այս համատեքստում կարելի է տեսնել նաեւ գլոբալիստական The Times-ի պնդումը, որ Չինաստանում կարող է տեղի ունենալ համաշխարհային առաջնորդների՝ Սի Ցզինպինի, Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպում։ «Առիթը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակն է։ Չինաստանը պատրաստվում է սեպտեմբերի 3-ին Տյանանմեն հրապարակում կայանալիք լայնածավալ շքերթին, եւ Պեկինի հրավերն արդեն ընդունվել է Վլադիմիր Պուտինի կողմից։ Թրամփին հրավիրելու որոշումն արդեն կայացվել է ամենաբարձր մակարդակով»:
Գլոբալիստական այս բոլոր պնդումների հանրագումարում կարելի է նման տրամաբանություն կարդալ` Թրամփը պատրաստվում է Պուտինի եւ Սիի հետ դարակազմիկ ահնդիպման, եւ ներկա գործընթացներն ընդամենը այդ «աշխարհի մեծ վերաբաշխումից» առաջ դիրքերը հստակեցնելու, ինչ-որ բաներ պոկելու իմաստի մեջ պետք է նայել: Իսկ դա հավանական սցենարի է նմանվում, երբ հաշվի ենք առնում, օրինակ, ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական, գնդապետ, ռազմաքաղաքական փորձագետ Դուգլաս ՄակԳրեգորի այն գնահատումը, որ ԱՄՆ հրթիռային պաշարները կբավականացնեն ութ օրվա մարտական գործողությունների համար. «Ամերիկան պետք է դադարեցնի զենքի մատակարարումը արտասահման։ Շատ հուսալի աղբյուրներ ինձ ասում են, որ մենք ունենք հարձակողական եւ պաշտպանական հրթիռների այնպիսի քանակ, որը կբավաարի մոտ 8 օրվա համար: Մենք կարող ենք ութօրյա պատերազմ մղել, իսկ հետո ստիպված կլինենք օգտագործել միջուկային զենք»: Իսկ միջուկային զենք օգտագործել ասվածն այն երկսայր սուրն է, որն անխուսափելիորեն մահացու հարված է հասցնում այն օգտագործողներին:
Իհարկե, կարող է ՄակԳրեգորն ինչ-որ բան շփոթում է: Բայց փաստն այն է, որ հավաքական Արեւմուտքի զինապաշարների խիստ կրճատման մասին միայն այս փորձագետը չէ, որ հայտնում է: Մինչեւ իսկ ՆԱՏՕ-ից է խոստովանություն եղել, որ թեկուզեւ ռուսներն այս պահին արտադրում են 3-4 անգամ ավել զինապաշար, քան ողջ Եվրոպան միասին վերցրած: Մինչդեռ Արեւմուտքի հիմնական հակառակորդը, չմոռանանք, որ ամեն դեպքում եղել եւ մնում է Չինաստանը, որը ներկա պահին ռազմական արդյունաբեբերությունը զարգացնում է իրեն յուրահատուկ տեմպերով: Իսկ նման իրավիճակում Թրամփի համար ուղիղ բախումը Ռուսաստանի հետ, երբ չկարողացավ անգամ Իրանի հարցը լուծել, իրոք մտածելու հարց է: Այդ թվում՝ հարավկովկասյան տիրույթում եւ անկախ այն ռազմատենչությունից, որ Նեթանյահուն կներշնչի նրան: Հաշվի առնելով, որ դրանից հետո դեռ Չինաստանի խնդիրը կա:
