ԾԱՅՐԱՀԵՂ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԻՆ ՆԻԿՈԼԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ՈՂՋ ՊԱՇՏՊԱՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՎերլուծությունՄոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները կարծես թե սկսում են մոտենալ այն անդարձելիության կետին, որից հետո, գոնե քանի դեռ Ադրբեջանում Ալիեւն է, դրական դինամիկայի սպասելն անիմաստ կդառնա: Իսկ բացասական դինամիկայի, ավելի կոնկրետ` դրա անգամ ամենածայրահեղ դրսեւորումների հավանականությունը դառնում է միանգամայն իրատեսական:
ԲԱՔՈՒՆ ՄԱՍՆԱԿՑԵ՞Լ Է ՌԴ ԱՎԻԱԲԱԶԱՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ
Դեռ ընդամենը օրերս կային ազդակներ, որ որոշակի դրական զարգացումներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում դեռ սպասելի են: Ամեն դեպքում, որ Բաքվից Մոսկվային են հղվում իավիճակը գոնե «պաուզային վիճակի» դնելու առաջարկներ: Մասնավորապես, այդպես էր ընկալվում նախկին արտգործնախարար Մամեդյարովի հայտարարությունը, որն ընկալվեց որպես Ալիեւի կողմից հղված առաջարկ: Այսպես, Մամեդյարովը կործանված ադրբեջանական ինքնաթիռի պատմությունը թեեւ դեռ կապելով Մոսկվայի կողմից ներողություն խնդրելու մտքի հետ, այնուամենայնիվ, փորձում էր դրան տրամաբանություն հիշեցնող երանգներ հաղորդել: Այն է`«Հասկանում եմ, որ նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է հետաքննության ավարտին եւ դատարանի որոշմանը։ Այն պետք է ավարտվի մինչեւ տարեվերջ։ Սպասենք արդյունքներին»,- Globalinfo-ին տված հարցազրույցում ասել է Մամեդյարովը: Իհարկե, առնվազն տարօրինակ է հնչում, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարարը, այսինքն նաեւ Ալիեւը, մի կողմից խոսում են ներողությունից, բայց մյուս կողմից ընդունում, որ ինքնաթիռի կործանման հետաքննությունը դեռ ավարտված չէ, եւ պետք է դրան սպասել: Այսինքն, եթե մեղավորի հարցերը դեռ որոշված չեն, այդ ինչո՞ւ Մոսկվան պետք է ներողություն խնդրի: Կարելի է նաեւ նման տրամաբանություն տեսնել. եթե Մոսկվան ներողություն խնդրի, դա Բաքվին «դեմքը մաքրելու» հնարավորություն կտա: Հաշվի առնելով, որ դեռ մեծ հարց է, թե ինչ մեղավորների կմատնանշի հետաքննությունը: Ամեն դեպքում, Մամեդյարովը նաեւ հույս ունի, որ` «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները, այնուամենայնիվ, կկարգավորվեն»: Ու սա նմանվում է առաջարկի. Թող Մոսկվան թույլ տա, որ Ալիեւի «դեմքը մաքրվի», եւ կանցնենք առաջ:
Այլ բան, որ Մոսկվան կարծես թե հակված չէ Բաքվից եկած որեւէ առաջարկ ընդունել, քանի որ ռուս-ադրբեջանական թեման, նման է, որ տեղափոխվել է բոլորովին այլ հարթություն: Այսպես, հազիվ թե պատահական լինի, որ այս օրերին Մոսկվային մոտ համարվող` ռուսական տեղեկատվական դաշտում Բաքվին ուղղված բոլորովին այլ մեղադրանքներ են խմորվում: Այն է` շատ լուրջ կասկածներ կան, որ Բաքուն մասնակցել է Ռուսաստանում ռազմավարական ավիացիայի օդանավակայանների վրա աղմուկ հանած հարձակմանը: Խոսքը` ուկրաինական «Սարդոստայն» գործողության մասին է, որի իրականացմանը, պարզվում է, մասնակցել են ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ եւ լոգիստիկ շղթաներ։ Ավելի կոնկրետ, օդանավակայաններին հարվածած անօդաչուները տեղափոխող բեռնատարները տեղաշարժվել են ազերիական սփյուռքի ղեկավարների հովանավորությամբ եւ օգնությամբ: Նաեւ, որ նրանց միջոցով է լուծվել ֆինանսական հարցերը:
Այս վարկածը, ի դեպ, բացատրում է Բաքվի այն գերնյարդային ռեակցիան, որը ցուցադրվեց Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների ձերբակալության ժամանակ, որի թելերը տարան դեպի Ուրալում ադրբեջանցիների ղեկավարություն: Եվ այն, որ ղեկավարը` Շախլինսկին, գերադասեց փախուստը, եւ ասում են, թե ապաստարան է գտել Մոսկվայում ադրբեջանական դեսպանատանը, խոսում է այդ սցենարի օգտին: Ի վերջո, այս օրերին ՌԴ-ում ադրբեջանական այլ համայնքների ղեկավարներ եւս ռուս իրավապահների հետ շփվելու առիթներ ունեցան, որն առավելագույնը ավարտվեց դեպորտացիայով: Իսկ Շախլինսկու պարագայում, երբ անգամ բանը հասավ նրա որդուն քրեական մեղադրանք ներկայացնելուն, իսկ նա գերադասեց «թռնել», ապա դա նշանակում է, որ այստեղ շատ ավելի լուրջ մեղադրանքների հոտ է գալիս, որը սովորական դեպորտացիայով չի ավարտվի: Ընդ որում, եթե հիմնավորվի, որ Շախլինսկու թիմը մասնակից է եղել ռուսական ավիաբազաների վրա հարձակմանը, ապա դա նաեւ Ալիեւի համար է դառնում լրջագույն խնդիր:
Ահա այս իրավիճակում էլ Ալիեւը գնաց Մոսկվայի հետ թշնամանքի դոզան ավելացնելու ուղղությամբ` հայտարարելով, թե պատրաստվում է ինքնաթիռի հարցով դիմել միջազգային դատարան, ձեռքի հետ էլ մի լավ գովերգելով Կիեւին: Դա միանգամից նրա դեմ հանեց ռուսական քաղաքական-քաղաքագիտական դաշտը, եւ տարաբնույթ մեկնաբանություններում հեղինակավոր ռազմական թղթակից, որոնց շարքում երեւի ամենամեղմն էր Վիկտոր Կոտենոկի գնահատումը, թե` «Ալիեւի մոտ հերթական սրացումներն են սկսվել… Բաքուն առավելագույնի է հասցրել իր հակառուսական հռետորաբանությունը եւ առավելագույնս ռեւերանսներ է արել Կիեւի նկատմամբ։ Ռուսաֆոբիայի ուղղությունը բացարձակապես հիմնարար է, եւ քիչ հավանական է, որ փոխվի»։ Որոշ աղբյուրներ ավելի կոնկրետ շեշտադրումներ են անում: Այդ թվում, որ երբ օրակարգում է մեղադրանքը, թե` ՌԴ-ում ադրբեջանական դիասպորը ոչ միայն ուկրաինական անվտանգության մարմինների համար լրտեսական ծառայություներ է մատուցում, այլ ուղիղ մասնակցություն է ունեցել ռուսական ռազմավարական ավիացիայի վրա կազմակերպված հարձակմանը, որն առանց Բաքվի ցուցումների չէր կարող լինել, ապա Ալիեւի` Մոսկվային միջազգային դատարաններով սպառնալիքներն ընդամենը պաշտպանական ռեակցիա է: Մոտավորապես այսպես` եթե ինձ մեղադրեք, դատարան կդիմեմ: Միայն թե, ըստ աղբյուրի, Ալիեւը «հիմար ռազմավարություն» է ընտրել»: Այսինքն, խոսում է միջազգային դատարան դիմելուց, բայց նաեւ հաստատելով, որ ինքնաթիռի կործանման հետաքննությունը, որը, ի դեպ, իրականացնում են Ալիեւի բարեկամ ղազախները, ավարտված չէ: «Այսինքն, չկա վերջնական մեղադրանք որեւէ մեկին, չկա որեւէ հիմնավորում, որ Ռուսաստանը մեղավորություն ունի: Ավելին, չկա այն հիմնավորումը, որ դա ընդամենը սադրանք չէր, ընդ որում` կազմակերպված ոչ միայն Լոնդոնի եւ Կիեւի կողմից, այլ որ շատ հնարավոր է դարձել նաեւ Բաքվի միջամտությամբ, ինչի մասին էլ ակնարկում են հետաքննության նախնական եւ հրապարակված արդյունքները: Եվ երբ այս բոլոր հանգամանքները չկան, իսկ Ալիեւը խոսում է դատարաններից, դա ընդամենը իրավական անգրագիտություն չէ: Դա շատ ավելի նման է նրան, որ Ալիեւին այս պահին պետք էր Մոսկվային ինչ-որ բանում մեղադրել, հակազդեցություն դրսեւորել եւ, այլ տարբերակ չգտնելով, ստիպված գնաց իրավական տեսանկյունից խեղկատակության նմանվող` ինքնաթիռի հետ կապված սպառնալիքներին»:
ՌԴ-ՈՒՄ ՍԿՍԵՑԻՆ ԽՈՍԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ
Ամեն դեպքում, ռուս-ադրբեջանական հարաբերություններում, անկախ հիմքերից, այս պահին ձեւավորվել է մի այնպիսի իրավիճակ, երբ, ըստ ռուսական փորձագիտական աղբյուրի` Մոսկվան պետք է գնա բոլոր քայլերին` տնտեսական, դիվանագիտական, անգամ` ռազմական: Ըստ աղբյուրի. «Արդյոք Ադրբեջանը Ռուսաստանի կենսական շահերի մա՞ս է կազմում: Այո, իհարկե: Մոսկվան չի կարող թույլ տալ Կասպից ծովում բացահայտ թշնամական ռեժիմի գոյությունը: Որովհետեւ ստեղծված իրավիճակում կարող է բանը հասնել ՆԱՏՕ-ի բազաների հայտնվելուն Կասպից ծովի ափին: Սա ոչնչով լավը չէ, քան Ուկրաինան:
Ի՞նչ եզրակացություն կարելի է անել դրանից: Անհրաժեշտ է պատրաստվել Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ կոշտ եւ անզիջում պայքարի՝ դրա համար օգտագործելով դիվանագիտական եւ տնտեսական միջոցների ողջ սպեկտրը: Եվ եթե դրանք չեն աշխատում, ապա նաեւ` ռազմական»:
Նույն գնահատումն է նաեւ ռազմաքաղաքական փորձագետ Յուրի Պոդոլյակի մոտ. «Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ցանկանում է վիճել Ռուսաստանի հետ, եւ «բարեկամության» ոչ մի երաշխիք դա չի փոխի (ավելի ճիշտ՝ Արեւելքում սա կարող է միայն նրանց դրդել ավելի շատ հարձակվել ձեզ վրա)։ Եվ եթե Ալիեւը ընդունել է սրման գիծը, ապա միայն նրան ցուցաբերված ուժը կարող է նրան ստիպել հրաժարվել դրանից…»:
Այսպիսով, ռուսական դաշտում սկսում է գերիշխող դառնալ այն թեզը, որ Ադրբեջանի հետ ոչ թե պարզապես հարաբերությունների բարդ փուլ է, որը հնարավոր է ժամանակի ընթացքում շտկել, այլ որ Բաքուն Մոսկվայի հանդեպ անցել է թշնամության, կոնկրետ թշնամական գործողությունների, որի միակ ելքը պատժիչ մեխանիզմներն են, ընդհուպ` ռազմական: Եվ այն, որ հենց այս օրերին Ռուսաստանն ու Իրանը հայտարարեցին Կասպից ծովում համատեղ վարժանքների մասին, պատահական չէ: Ընդ որում, թեեւ դա ներկայացվում է, որպես ծովային որոնողական-փրկարարական վարժանքներ, սակայն փաստը, որ դրանց մասնակցում են Ռուսաստանի եւ Իրանի ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այդ միջոցառմանը հազիվ թե «որոնողական-փրկարարական» տեսք են տալիս: Ամեն դեպքում, Ալիեւը կարող է սա նաեւ ընկալել այսպես` իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե այդ «որոնողական-փրկարարական» ուժերը մոտենան Բաքվին:
Հաշվի առնելով նաեւ, որ այդ նախօրոք չհայտարարված զորավարժանքներին զուգահեռ, նախօրեին Պուտինը հանդիպեց այաթոլլա Խամենեիի հիմնական խորհրդականի`Ալի Լարիջանիի հետ: Եվ եթե այս ամենին ավելացնում ենք նաեւ իրանական ԻՀՊԿ-ին շատ մոտ կանգնած փորձագիտական աղբյուրների տեղեկատվությունը, որ Ալիեւը, Մոսկվայի ուղղությամբ այս բոլոր սրացումներին զուգահեռ, նաեւ սկսել է ուժեր կենտրոնացնել Իրանի սահմաններին` ոգեւորված Իսրայելից եկող խոստումներով, ապա կարելի է հասնել այն մտքին, որ տարածաշրջանը պատրաստվում է շատ մեծ իրադարձությունների։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միայն այն փաստը, որ նման ծայրահեղ լարվածության պարագայում Նիկոլն այստեղ խոսում է Էջմիածնի վրա հարձակման մասին, ապա դա մեկ բանի մասին է ակնարկում` մեր երկրի պաշտպանունակության անգամ վերջին նշույլները փորձում են ոչնչացնել: Եվ ասել, թե դա պատահաբար կամ չհասկանալով են անում, իհարկե, ծիծաղելի կլիներ:
