ՄՈՍԿՎԱՆ 20 ՏԱՐՈՒՑ ԻՐԵՆ ԵՄ-ՈՒՄ ՏԵՍՆՈՂ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԲԱՆ ԿՈՒՆԵՆԱ՞
ՎերլուծությունԱյն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, ավելի կոնկրետ՝ Մերձավոր Արեւելքում, իհարկե, շարունակում է վտանգի մեջ պահել նաեւ Հայաստանին: Սցենարները տարբեր են. եթե վերսկսվի Իրանի դեմ պատերազմը, մեզ համար վտանգն ակնհայտ է, եթե Իսրայելը կենտրոնանա Քուրդիստանի ծրագրի վրա, ապա դա կարող է Անկարային պարտադրել՝ ակտիվացնել Մեծ Թուրանի ծրագիրը, որպես հակակշիռ: Եվ այսպես շարունակ. քանի դեռ մեծ տարածաշրջանը նման վերակառուցման փուլում է, Հայաստանի համար լրջագույն վտանգը պահպանվում է:
Բայց ահա, այս իրավիճակում, այն, ինչի մասին նախօրեին խոսեց Նիկոլը, գալիս է հուշելու, որ իրականում վտանգը բազմապատիկ անգամ ավելի մեծ է, քան կարող էր լինել: Նախ, թեեւ էլի փորձում է առաջին պլան մղել «ոչ մի միջանցք» գաղափարը, բայց անմիջապես էլ առաջ է տանում նման թեզ, թե՝ իսկ «միջանցքի մեջ ի՞նչ վատ բան կա»: Իսկ իրականում, այն, որ «Զանգեզուրի միջանցք» ասվածը դարձել է միջազգային մասշտաբի «բազարների» օբյեկտ, որի մեջ անգամ Թրամփը ներգրավվեց, գալիս է խոսելու այն հայտնի մտքի օգտին, որ նիկոլյան թիմը սկսում է ակտիվ քարոզչություն` «միջանցքի մեջ ի՞նչ վատ բան կա» թեզն առաջ տանելու համար, թերեւս նաեւ այն պատկերացումներով, որ եթե ԱՄՆ-ն խառնվի այդ գործընթացին, ապա Մոսկվային կմնա միայն նահանջել:
Այս վերջին մտքի մասին ակնարկեց Նիկոլի մյուս հայտարարությունը, թե՝ ավելի հավանական է ՀԱՊԿ-ից դուրս գալը, քան Հայաստանի անդամակցության սառեցումը: Ապա նաեւ, որ 20 տարուց նա Հայաստանը տեսնում է ԵՄ-ում:
Հասկանալի է, սովորական մանիպուլյացիաների տակ, արդեն սկսել են բացել այն փակագծերը, որոնք առաջ գերադասում էին գոնե հրապարակային դաշտում հերքել: Այն է՝ նիկոլյան խունտան գնալով ավելի է փորձում ուրվագծել «դեպի Եվրոպա» տեսլականը, թերեւս լավ հասկանալով, որ դրա տակ շատ ավելի պարզ խաղ է դրված՝ ընդամենը Հայաստանից փորձում են սարքել հերթական հակառուսական միավորը, գումարած, իհարկե, այն դերը, որը նախատեսված է «Թյուրքական միջանցքի» մեջ:
Մի խոսքով, ասել, թե Նիկոլը որեւէ նոր բան ասաց, սխալ կլիներ. ամեն ինչ նույն հասկանալի ուղղվածության մեջ է, որը կար 2018թ.-ից սկսած: Ու ինչպես միշտ, առավել եւս հիմա թեման այլ դաշտում է՝ ո՞ր ուղղվածության շանսերն են ավելի մեծ՝ Ռուսաստան-Իրան առանցքի՞, թե՞ թուրքա-բրիտանականի, որին այս պահին «հաջողացրին» կպցնել նաեւ Թրամփին՝ «Զանգեզուրի միջանցքը» 100 տարով ամերիկացիներին տալու հայտարարության տեսքով: Մինչդեռ այստեղ լուծումը կապված է շատ պարզ հարցի հետ՝ իսկ դեպի ո՞ւր են գնում ռուս-ամերիկյան հարաբերությունները, եւ դրա համատեքստում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին Թրամփի այդ ծրագրերը արդյոք իրականում այն նույն պատմության համատեքստում չե՞ն, ինչպիսին էր, ասենք, Մոսկվային 50 օր տալու Թրամփի հայտարարությունը:
Չնայած, այստեղ եւս մեկ նյուանս ավելացել է: Նման ընդամենը մեկ օրինակ. օրերս Եգիպտոսի եւ Չինաստանի կենտրոնական բանկերը ստորագրեցին համաձայնագիր, որով փոխադարձ առեւտրում հրաժարվելով ամերիկյան դոլարից եւ SWIFT համակարգից, անցնել են տեղական արժույթներով առեւտուր անելուն եւ Չինաստանի սահմանային միջբանկային վճարային համակարգի (CIPS) օգտագործմանը: Հիշեցնենք, SWIFT-ն արեւմտյան սրբության սրբոցներից մեկն է, որով վերահսկում են ամեն մի ֆինանսական շարժ աշխարհում: Իսկ ահա Չինաստանը SWIFT-ից հրաժարվելու եւ իր վճարային համակարգից օգտվելու մեխանիզմը սկսում է տարածել Մերձավոր Արեւելքի հատվածում: Նաեւ, Իրանն է սկսել հայտարարել, որ Չինաստանի դերը կարող է որոշիչ դառնալ ԱՄՆ-ի հետ իր ներկա խնդիրների հետ կապված: Ու այսպես շարունակ. ակնհայտորեն Պեկինը սովորական «պաուզային» ռեժիմից Մերձավոր Արեւելքում սկսում է կտրուկ ակտիվանալ, եւ դա հերիք չէ, հարվածել SWIFT-ին: Իսկ սա տանում է մեկ պարզ մտքի՝ Թրամփն այլեւս ժամանակ չունի եւ պետք է կտրուկ ակտիվացնի Չինաստանի դեմ պայքարի ուղղությունը: Այսինքն, նույնքան արագ էլ պետք է ինչ-որ լուծում գտնի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապված: Ու նման իրավիճակում քիչ հավանական է թվում, որ, անկախ հրապարակային վերամբարձ հայտարարություններից, նա իրականում էլ Մոսկվայի հետ խորը հակասության մի նոր օջախ կսարքի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված:
Իսկ ահաՄոսկվայից Նիկոլին ընդամենը արձագանքեցին՝ եթե ուզում ես ՀԱՊԿ-ից դուրս գալ, քո գործն է: Բայց մեկ է՝ «Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ»: Ընդգծենք` Հայաստանի: Ու թեեւ Նիկոլը «հակված չէ այն լուրերին ու գնահատականներին հավատալ», թե «Ռուսաստանը էս է պլանավորում, էն է պլանավորում», նաեւ, որ եթե անգամ «որեւէ խնդիր լինի, մենք դրանք մեր ռուս գործընկերների հետ կխոսենք, կքննարկենք, լուծումներ կփորձենք գտնել»: Բայց ամբողջ հարցն այն է, թե Մոսկվան 20 տարուց իրեն ԵՄ-ում տեսնող Նիկոլի հետ քննարկելու բան կունենա՞, երբ հենց այս պահին «պատահաբար» առաջացան ՌԴ տարվող կոնյակի եւ ծաղիկների հետ կապված լուրջ խնդիրներ:
Տես նաեւ https://t.me/iravunk/54816
