Թրամփը «նեղացել» է Պուտինից, բայց Մոսկվայի համար դա շատ կարեւոր չէ
ՎերլուծությունԻհարկե, Մերձավոր Արեւելքում ստեղծվող ճարտարապետությունը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=318165&l=am) շատ բանով մնում է կախված նրանից, թե վերջապես դեպի ուր են գնում ռուս-ամերիկյան հարաբերությունները, եւ այդ համատեքստում որն է լինելու Չինաստանի քայլը: Այս պահին ռուս-ամերիկյան թեմայով հիմնականը, որի մասին խոսվում է, դա այն է, որ Թրամփը «նեղացել» է Պուտինից:
Թե ինչու, մեկնաբանեց Զելենսկու երբեմնի քարոզիչ եւ ճիշտ պահին «նրանից թռած» Արեստովիչը: Այսինքն, վերջին խոսակցության ժամանակ Պուտինը հայտնի հասցեով է ուղարկել Թրամփին, թե միայն խոսում ես՝ առանց որեւէ ռեալ գործողության: Դեռ մի բան էլ, որ այդպես էլ որեւէ ռեալ քայլ չի անում Զելենսկուն խաղաղություն պարտադրելու համար, փոխարենը հարվածում է Մոսկվայի դաշնակից Թեհրանին: Դե, այդ դեպքում, Մոսկվան ինքը Կիեւին խաղաղություն կպարտադրի: Ու նաեւ, որ, ըստ Արեստովիչի, նաեւ Չինաստանն է պատրաստվում կտրուկ ակտիվանալ՝ Ռուսաստանին ռազմական օգնության հարցով: Ըստ այդմ էլ, Թրամփը նեղացել եւ հիմա խոսում է Կիեւին աննախադեպ զենքեր տալու եւ Մոսկվայի հանդեպ աննախադեպ պատժամիջոցների մասին:
Թերեւս, որոշակի տրամաբանություն այստեղ կա: Թրամփն իրոք կտրուկ անցավ Ուկրաինային զինելու, նոր պատժամիջոցների թեմային՝ «մոռանալով», որ ընդամենը վերջերս չափազանց գոհ էր Պուտինից: Միայն թե այն հարցը կա, թե դա ո՞ւր կտանի:
Նախ, որ Թրամփը Մոսկվայի «սիրուն աչքերի» համար չէր խոսում խաղաղությունից, հասկանալի է: Ունի բազում ներքին խնդիրներ, որոնք միայն սրվում են, նաեւ իրենց հետ սրելով թրամփյան թիմի ներսում հակասությունները, ինչը միանգամայն օգուտ է դեմոկրատներին: Դրսում, ուկրաինականից զատ, կա Մերձավոր Արեւելքում չավարտված պատերազմ, եւ Թրամփը հասկացավ, որ դա մյուս պատերազմների պես «հաճելի զբոսանք» չի լինելու: Վերջապես, անհետաձգելի է դարձել Չինաստանի խնդրի լուծումը, ավելի կոնկրետ՝ լուծել փորձելը: Չնայած ծայրահեղ քայլերին, ամերիկյան գերխնդիրը՝ ֆինանսատնտեսական կայունացման հարցը ոչ թե չի լուծվում, այլ միայն վատթարանում է, ինչն էլ մատնանշեց Մասկը՝ Թրամփից հեռանալով եւ նոր կուսակցություն ստեղծելով: Այսինքն, շատ մոտ է այն կետը, որից հետո Չինաստանին հաղթելու որեւէ շանս չի մնա՝ միանգամայն տեսանելի եւ շոշափելի բոլոր հետեւանքներով հանդերձ:
Եվ ահա, այս բարդ իրավիճակում, ինչպես բացահայտում է The Wall Street Journal-ը, Պենտագոնը դադարեցրել էր Ուկրաինայի սպառազինումն այն շատ պարզ պատճառով, որ ԱՄՆ-ն սպառում է պաշարները, ինչի մասին փոխնախարար Էլբրիջ Քոլբին գաղտնի նամակ է ուղարկել Պենտագոնի ղեկավարին, որ՝ Ամերիկան ֆիզիկապես չի կարող միաժամանակ հաղթահարել ռազմական մասնակցությունը երեք ճակատներում՝ Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում եւ Ասիայում: Այն է՝ Ուկրաինայի սպառազինության դադարեցումը պարտադիր զիջում է՝ մյուս ուղղություններում հասցնելու համար:
Բայց ահա՝ Թրամփը որոշեց «նեղանալ» Պուտինից: Իսկ դա, ի դեպ, Մոսկվայի համար լավ առիթ է, որ կտրուկ ակտիվացնի հարձակումներն Ուկրաինայում: Ավելին, ըստ արեւմտյան տարբեր աղբյուրների, մոտ օրերս կսկսվի եւս մեկ մասշտաբային հարձակում, որից հետո կարող են եւ ուկրաինական խաղատախտակին հարցերը լուծվել ռազմաճակատներում՝ Թրամփին պարզապես «անհարմար վիճակի» մեջ թողնելով:
Առավել եւս, եթե Չինաստանը, Արեստովիչի պնդումների համաձայն, իրոք ակտիվանա, եւ այստեղ որոշակի իմաստ կա: Այն, որ Լավրովն անցած շաբաթ երկու անգամ հանդիպում ունեցավ Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ, թերեւս, խոսում է Արեստովիչի վարկածի օգտին: Իհարկե, կա նաեւ վարկածը, որ Չինաստանն այժմ պետք է երկարաձգի պատերազմը Ուկրաինայում, որպեսզի ամերիկացիները չանցնեն Թայվան։ Դրա համար չինացի ընկերները կարող են Ռուսաստանին խոստանալ առաջնահերթ մատակարարումներ, օրինակ՝ անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված բաղադրիչներ, որպեսզի Ռուսաստանը ստանա լրացուցիչ ուժեր ռազմաճակատում։ Բայց մյուս կողմից, այդ ռեսուրսը սկսում է սպառվել: Թրամփն արդեն զբաղված է Չինաստանի դեմ կոալիցիա ստեղծելով, եթե Իրանում խնդիրներն ավելանան, Պեկինը կարող է զրկվել նավթից եւ այլն: Գումարած, Ռուսաստանում ակնհայտորեն մեծանում է դժգոհությունը Չինաստանից` հենց նույն բացատրությամբ` Պեկինն իր շահի համար ձգտում է, որ ռուսները շատ երկար կռվեն եւ կորուստներ ունենան: Իսկ այդ դեպքում, ո՞րն է երաշխիքը, որ ինչ-որ պահի Մոսկվան չի գնա Վաշինգտոնի հետ պայմանավորվածությունների, որը, անկախ Թրամփի «նեղացած» լինել-չլինելուն, նրան շատ է պետք: Իսկ դրանից հետո Մոսկվան հանգիստ կնստի եւ կնայի, թե Չինաստանն ինչպես է կռվում ամերիկացիների դեմ:
Բայց եթե Թրամփը, չնայած այս իրողություններին, պարզվի, որ «չափազանց շատ է նեղացել» Պուտինից եւ իրոք զենք ու միգուցե զորք (միջնորդավորված) լցնի Ուկրաինա, այդ դեպքում Մոսկվան էլ ունի պատասխան քայլը` ասենք Իրանում միջուկային մարտագլխիկով մի քանի «Իսկանդեր» տեղակայելու տեսքով:
Ամեն դեպքում, չինական ուղղությամբ ԱՄՆ-ն այլեւս չի զսպում սրացումը, այլ նախագծում է այն, ինչպես ցույց տվեց Ճապոնիային եւ Ավստրալիային Թրամփի ուղղած պաշտոնական «ռազմակոչը»: Կարճ ասած, ԱՄՆ-ի համար ժամանակն իրոք սպառվում է եւ այդ ընթացքում դեռ պետք է փորձի ձերբազատվել Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրներից: Լավ տարբերակ կլիներ, որ ռուսներն արագացնեին եւ գրավեին այն տարածքները, որոնք Զելենսկին տալ չի կարող: Նման է, որ առաջիկա մեկ-երկու ամիսները հենց այդ ուղղվածությունն էլ ունենալու են:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54605
