«Ազատ», «անկախ», «ժողովրդավար» Նիկոլստան
ՎերլուծությունԲրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: Վերջինս կարեւորել է Հայաստանի հետ հետեւողական ու արդյունավետ երկխոսությունը եւ ուրախությամբ արձանագրել, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը եւս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին եւ ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: Այստեղ, իհարկե, կարելի էր նույնիսկ հուզվել, միայն թե «ազատ», «անկախ», «ժողովրդավար» Հայաստանի մասին խոսելիս եվրապաշտոնյան մոռացավ ամենակարեւորը՝ տասնյակներով քաղբանատրկյալներին:
Այսօր անազատության մեջ է երկու սրբազան՝ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը եւ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ազգային բարերար Սամվել Կարապետյանը, Համահայկական ազգային պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, ՀՅԴ-ական գործիչները, տեւական ժամանակ է տնային կալանքի տակ է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ այս շարքը շատ երկար է, իսկ Արեւմուտքը, ինչպես միշտ՝ կույր: Անգամ այն դեպքում են արեւմտյան դեսպանատները լուռ, երբ նորածնի ապաքաղաքական մայրն է հայտնվում կալանքի տակ ու անմարդկային դժոխքի միջով անցնում: Հետեւապես, այլեւս սպասել, որ Նիկոլստանի վերածված Հայաստանում ինչ-որ մեկը նկատելու է, որ այստեղ տոտալ բռնապետություն է տիրում ու ձայն է հանելու, անիմաստ է: Եվ ուրեմն՝ ի՞նչ անել:
Երկամսյա կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանը կրկին ուղերձ է հղել հայրենակիցներին, որով մանրամասնել է նախորդիվ արված իր քաղաքական հայտարարության կոնտեքստը, թե ինչ նկատի ուներ ասելով, որ «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը»:
«Այս օրերին շատ քննարկվեց իմ ուղերձը, բայց ցավոք, իրականությունից կտրված տարբեր մեկնաբանություններ էլ արվեցին։ Կարծում եմ, որ ես շատ պարզ եմ արտահայտվել՝ ստեղծելու ենք սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Մեծ հարգանքով եմ վերաբերվում մինչ օրս Նիկոլ Փաշինյանի հակազգային իշխանության քաղաքականության դեմ իրական պայքար մղած քաղաքական ուժերին եւ գործիչներին։ Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա կառուցելու մեր պատկերացումն ունենք։ Ու գնալու ենք մեր ճանապարհով, մեր նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ … Մեր քաղաքական թիմի ձեւավորումը մեկնարկել է։ Անելո՛ւ ենք՝ մեր ձեւով», - նշել է նա:
ՈՐՆ Է ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՍԿԶԲՈՒՆՔՈՐԵՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺ» ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ԿՈՆՑԵՊՏԸ
Ակնհայտ է, որ այս հայտարարությունն իշխանության մեջ անհանգստություն է առաջացրել, բայցեւ իրական ընդդիմադիրների շրջանում կարեւորագույն հարցերը շարունակում են մնալ՝ ումո՞վ է ձեւավորվելու այս նոր ուժը, քոչարյանական դաշինքո՞վ, որոնք գերակտիվություն են դրսեւորում Սամվել Կարապետյանի շուրջ, բայց նրանք ախր հեչ նոր ուժ չեն, եթե չասենք՝ որոշ դեպքում վարկաբեկված (ընկեր Աղվան Վարդանյանի ականջը կանչի, ում սոցապում աշխատած տարիները դառնությամբ է հիշում հայ ժողովուրդն առ այսօր), եւ վերջապես՝ ի՞նչ ծրագիր է ունենալու: Օրինակ, արդյոք «սկզբունքորեն նոր քաղաքական ուժ» ստեղծելը նշանակում է մի ուժ ձեւավորել, որը մինչեւ հիմա որեւէ մեկը չի ստեղծել, այն գաղափարներո՞վ է նոր լինելու, թե՞ կառուցվածքով եւ ո՞րն է այն ճանապարհը, որով գնալու են: Նկատենք, որ համանման լոզունգներ եղել են ե՛ւ «Հայրենիքի փրկության շարժման», ե՛ւ «Դիմադրության» շարժման, ե՛ւ «Սրբազան պայքար» շարժման դեպքում, բայց արդյունքը միշտ նույնն է եղել, այսինքն՝ չի եղել: Կամ արդյոք Սամվել Կարապետյանի «մեր ձեւով»-ը ենթադրում է զուտ խոշոր կապիտալի շահերի պաշտպանություն, թե՞ ավելի լայն առաքելություն է ունենալու:
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդեւանյանը (հայտնի է, որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի անդամ) հրավիրված ասուլիսի ժամանակ շեշտադրում արեց, որ «Աբսուրդային է, որ մարդը լինի կալանավորված ու այդ ընթացքում իր սեփականության իրավունքին միջամտություն լինի։ Այսինքն՝ մարդուն կալանավորեն, որպեսզի փորձեն իր բիզնեսը, կներեք արտահայտությանս համար, խլեն»: Հետեւապես՝ նախ պետք է հստակեցնել՝ մինչեւ կալանավորվելը քաղաքականությամբ չզբաղվող Սամվել Կարապետյանի գործը քաղաքակա՞ն է, թե՞ տնտեսական:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ՝ միանշանակ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է: «Մենք ողջունում ենք նրա ակտիվությունը, եւ այն, որ նա փորձեց պաշտպանել եկեղեցուն։ Ավելին՝ ասելը, թե Սամվել Կարապետյանը կալանավորվել է, որպեսզի ՀԷՑ-ը կամ «Տաշիր պիցցա»-ների ցանցը խլեն նրանից, նվազեցնում է նրա անձի եւ առաքելության աստիճանը եւ, այսպես ասած, ինչ-որ տեղ է թողում նահանջի: Այսինքն` եթե հարցը միայն փող կիսելու մեջ է, վերցրեք փողը, թողեք ազատության մեջ Սամվել Կարապետյանին: Այս դեպքում կլիներ տնտեսական վեճ: Բայց կարծում եմ` հարցը քաղաքական է, որովհետեւ այն հայտարարությունները, որ Սամվել Կարապետյանն արել է, կա քաղաքական շեշտադրում եւ հենց այդ քաղաքական գործոնով պայմանավորված է նա զրկվել ազատությունից: Եվ քանի որ նա ունի տնտեսական մեծ հնարավորություններ՝ Նիկոլին անհանգստացրեց, վերջինս վախեցավ եւ գնաց ռեպրեսիաների», - ընդգծում է Հայկ Բաբուխանյանը։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԹԻՄ ԼՈՒՍՆԻՑ ՉԻ ԻՋՆԵԼՈՒ, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ՈՐՏԵՂԻ՞Ց ԳՏՆԵԼ
Այդուհանդերձ, քաղաքական գործընթացները պետք է իրականացնեն քաղաքական գործիչները։ Ժամանակը ցույց տվեց, որ միայն հոգեւորականներով կամ տեխնոկրատներով գործը գլուխ չի գա: Աղոթքն աղոթք, փողը փող, բայց պետք է քաղաքական ծրագիր, գաղափարախոսություն եւ ամենակարեւորը՝ բանիմաց քաղաքական գործիչներ: Այլապես, եթե խոսում ենք նոր ուժից, դրա «խերն» արդեն 2018-ին հայ ժողովուրդը տեսել է, երբ բառիս բուն իմաստով փողոցից մարդիկ հայտնվեցին քաղաքականության մեջ, ապա պետական աթոռներին ու 7 տարի շարունակ քանդում են երկիրը, հանձնում ու ուրանում ինչ կարող են:
Այս համատեքստում բավական հատկանշական է լրատվամիջոցներում լայն արձագանք գտած «Փաստ»-ի հրապարակումը՝ Սամվել Կարապետյանի «նոր ուժ» արտահայտության վերաբերյալ: Օրաթերթը հիշեցնում է, որ դեռ մի քանի ամիս առաջ լիդերների, խարիզմատիկ գործիչների համախմբելու, նոր օրակարգ առաջ քաշելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Միասնություն» ազգային շարժումը՝ ի դեմս շարժման ղեկավար Արման Վարդանյանի, որն արդեն իսկ կոնսոլիդացիոն մի շարք հանդիպումներ է ունեցել հասարակական, քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտների բազմաթիվ ներկայացուցիչների հետ: Տրամաբանությունը հենց «նոր ուժերի», «նոր մարդկանց» ներգրավումն ու ակտիվ քաղաքականության մեջ նրանց լուրջ դերակատարման առաջնայնությունն է: Այդ նախաձեռնություններին ու հանդիպումներին քանիցս անդրադարձել են ԶԼՄ-ները, այդ մասին խոսել են նաեւ ԱԺ անկախ պատգամավորները:
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւս հանգամանալից անդրադարձել է, թե որքանով համահունչ կարող են լինել Կարապետյանի հայտարարած «նոր ուժն» ու մինչ այս արդեն իսկ այդ գաղափարը կրող եւ միասնական օրակարգի պատրաստ քաղաքական միավորները՝ 3-րդ ուժը, որի մաս է կազմում նույն «Միասնություն» շարժումը եւս: Նա հիշեցրել է, որ դեռեւս նախորդ տարի հոկտեմբերի 26-ին արդեն իսկ հիմնադրվել է 3-րդ ուժ, որտեղ միավորված են մի շարք կուսակցություններ, շարժումներ, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժումն ու ՍԻՄ կուսակցությունը:
«Հիմնադրման օրից մինչեւ հիմա 3-րդ ուժը կատարել է մեծ ծավալով աշխատանք: Շատ ակտիվ նախապատրաստական գործողություններ են կատարվել` միավորելու համար էլ ավելի մեծ թվով կուսակցություններ, քաղաքական գործիչներ, շարժումներ: Գործընթացը շատ ակտիվ ընթանում է: Այս առումով մենք նաեւ ողջունում ենք Սամվել Կարապետյանի հայտարարությունները՝ 3-րդ ուժի գաղափարի վերաբերյալ: Միեւնույն ժամանակ, պետք է ընդգծենք, որ դատարկ դահլիճում չի, որ այդ 3-րդ ուժը պետք է ձեւավորվի, այն արդեն կա, ունի գաղափար, քաղաքական ուժեր, գործիչներ: Պատահական չէր, որ լեփ-լեցուն դահլիճ էր՝ 3-րդ ուժի հիմնադրման օրը ներկա: Եվ այս հենքի վրա կարող է լինել համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր ցանկանում են Նիկոլի այս խայտառակ, դավաճանական եւ հակահայկական իշխանությանը վերջ դնել», - շեշտում է Հայկ Բաբուխանյանը;
Փաստացի, այն, ինչ այսօր կարող է ակնկալվել «սկզբունքորեն նոր քաղաքական ուժից», այսինքն՝ միավորել բոլորին, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հիմնվելով քաղաքական դաշտի հնաբնակների փորձի եւ նոր գործիչների նորարարական մոտեցումների վրա: Այլապես հատվածային մտածելակերպով՝ լավագույն դեպքում կրկնվելու է 2021 թվականի սցենարը, միայն թե այս դեպքում՝ ընդդիմությունն առանձին-առանձին անգամ անցողիկ 5 տոկոսի չի կարողանալու հավակնել եւ կամա, թե ակամա նպաստելու է Փաշինյան Նիկոլի վերարտադրությանը:
Այսպիսով՝ շատ ավելի կարեւոր է գիտակցել, որ խնդիրը ոչ միայն նոր ուժ ձեւավորելու մեջ է, այլ ճիշտ ձեւով ու բովանդակությամբ այն ձեւավորելու։ Այո՛, հասարակությունը սպասում է սկզբունքային փոփոխության, բայց ոչ էլիտաների հերթափոխի, այլ կառավարման նոր որակի՝ արժանապատիվ, ծրագրված եւ ազգային պետականության շահից բխող մոտեցման։ Եվ այս տեսանկյունից, Սամվել Կարապետյանի հայտարարությունը կարող է բացել մի նոր էջ, բայց դա դեռ ձեւավորված քաղաքական ծրագիր չէ։
Այս փուլում խնդիրը միայն տեխնոկրատներով ուժ ձեւավորելը չէ. առանց քաղաքական լրջմիտ ու փորձառու գործիչների ներգրավման, նույնիսկ ամենաուժեղ ֆինանսական ու կազմակերպչական ռեսուրսով շարժումը կարող է վերածվել ժամանակավոր նախաձեռնության։ Հասարակության մեջ խորացած հիասթափությունը չես հաղթահարի պարզապես նոր անուններով կամ գրավիչ կարգախոսներով։ Պետք է ձեւակերպված գաղափար, հասկանալի ծրագիր եւ քաղաքական կամք։ Իսկ այս ամենը ձեւավորվում է կոնսոլիդացիայի, փոխադարձ հարգանքի եւ ինստիտուցիոնալ մոտեցման հիմքի վրա։ Այո՛, քաղաքական դաշտի վերակառուցումը հնարավոր է 3-րդ ուժի գաղափարի շուրջ, եւ եթե կա ցանկություն իրականում դառնալ այլընտրանք, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հարմար հերթական ընդդիմությունը՝ 2026 թվականի ընտրություններին, ապա անհրաժեշտ է քաղաքականապես հասուն թիմ, հստակ ռազմավարություն եւ ոչ պակաս կարեւոր պատասխանատվության բարձր զգացում։ Ի վերջո, ճակատագրական վճռորոշ իրավիճակում է գտնվում երկիրը, որտեղ ամեն քայլ՝ ոչ միայն հնարավորության դարպաս է, այլ նաեւ՝ սխալվելու գինը չափազանց բարձր է: Այնպես որ, կա՛մ վերջիվերջո, կլինի միասնական իրական ընդդիմադիր ճակատ, որը թեկուզ ընտրություններով կհաղթի Փաշինյան Նիկոլին, կա՛մ նրա իշխանությունը լինելու է հավերժ, ամեն մեկն իր ձեւով պայքարողներն էլ՝ հավերժ քաղբանատարկյալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
