Ո՞ւմ է ուղղված Փանահիին Երեւանում մեծարելու մեսիջը՝ Իրանին, թե Ադրբեջանին
ՄշակութայինԵրեւանում մեկնարկեց 22-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, ինչպես միշտ՝ հնարավորինս հոլիվուդյան ժպիտներով եւ իբր զերծ քաղաքական ենթատեքստերից: Հավաքվել էին մեծամասամբ իշխանահաճո կինոաստղերը, որոնք երջանիկ էին ու գոհ, կարծես թե, իրենք ո՛չ այս երկրից են, ո՛չ էլ հայկական խնդիրներն իրենց վերաբերվում է: Մինչդեռ աշխարհում ընդունված է, որ մշակութային փառատոները, մրցույթները եւս առիթ են դառնում հասարակական, քաղաքական, գլոբալ խնդիրների բարձրացման համար՝ աշխարհն ավելի լավը դարձնելու միտումով, ընդ որում՝ դրանից զերծ չէ նաեւ աշխարհահռչակ «Օսկար» կինոփառատոնը:
ՀՈԼԻՎՈՒԴԻՑ ՀԵՏՈ՝ ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԱՉՔԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ՀՐԱՇԱԼԻ Է
Ի դեպ, «Օսկար»-ի մասին. հեղինակային կինոյի վարպետ Շուն Բեյքերի՝ «Օսկար»-ի եւ «Ոսկե արմավենու ճյուղ»-ի արժանացած «Անորա» ֆիլմում նկարահանված հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը եւս ներկա էին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Ավելին՝ Կարագուլյանն ընդգրկված է նաեւ կինոփառատոնի ժյուրիի կազմում:
Անդրադառնալով, թե ինչպես է վերաբերվում օսկարակիր «Անորա»-յի շուրջ առկա քննադատություններին, մասնավորապես նրան, որ, ըստ տարածված կարծիքների, ֆիլմում հայերի կերպարը շատ թյուր եւ սխալ ձեւով էր ներկայացված ու նման կերպ ներկայացնելուց հետո էլ հայ ազգի մասին առաջանում է հակասական կարծիք ու պատկերացնում, ՎԱՉԵ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ այսպես արձագանքեց. «Կարծիքները, բնականաբար, տարբեր են, եւ դա նորմալ է ու առողջ: Նկատել եմ մի բան, որ բացասական կարծիք հիմնական արտահայտում են մարդիկ, ովքեր ֆիլմը դիտել են ռուսերենով: Ռուսերեն թարգմանության մեջ է, կարծում եմ՝ խնդիրը: Բայց ֆիլմի արժեքներից մեկը համարվում է այն, որ երեք լեզվով է այն արված, եւ Շուն Բեյքերի տաղանդը հենց դրանում է, որ նա կարողացել է երեք լեզվով մարդկանց հետ աշխատել»:
Վաչե Թովմասյանը հրաշք է համարում այն, որ ինքը հայտնվեց «Օսկար»-ի բեմում, ինչի համար շնորհակալ է Շուն Բեյքերի բոլոր ֆիլմերում նկարահանված եւ հայտնի կինոռեժիսորի 30 եւ ավել տարիների ընկեր Կարեն Կարագուլյանին: Նույնքան հրաշալի է համարում նաեւ հայաստանյան այսօրվա իրականությունը: «Իրավունք»-ը հետաքրքրվեց նրանից, թե ի՞նչ կարծիք ունի հայաստանյան այսօրվա իրողությունների մասին, եւ համարձակ Վաչե Թովմասյանը սկսեց շրջանցել հարցը. «Ուզում եք քաղաքական կողմ թեքե՞ք, հրաշալի է ամեն ինչ, ինձ թվում է»:
Ի՞նչն է հրաշալի, Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանության արշա՞վը, բարերար ու սրբազաններ կալանավորե՞լը, գերիներին մոռացության տա՞լը, այդպես էլ չկարողացանք ճշտել, այլեւս հոլիվուդյան աստղը շտապում էր:
Իսկ ԿԱՐԵՆ ԿԱՐԱԳՈՒԼՅԱՆԻՑ հետաքրքրվեցինք, թե Հայաստանի հետ կապված որեւէ ծրագրեր ունի՞, ինչին ի պատասխան նշեց, որ կան մտքեր եւ ցանկություններ. «Երբ կգա ժամանակը կոնկրետ ինչ-որ բանի մասին խոսելու, կասեմ, բայց դեռ մտածում եմ: Ամենակարեւորը՝ գտնելն է սցենար, որն ինձ կհետաքրքրի: Աշխատում ենք այդ ուղղությամբ»: Այո՛, Կարագուլյանը քչախոս էր, նույնիսկ անկեղծացավ, որ բերանը չորանում է, բայց Վաչե Թովմասյանն արդեն փակագծեր բացել էր նրա մասին. «Ինքն իրավունք չունի այս մասին բարձրաձայնել, բայց ասեմ, որ Կարագուլյանը նկարահանվելու է աշխարհահռչակ մի ֆիլմում, որի ռեժիսորը եւ սցենարիստը աշխարհի 10 լավագույն ռեժիսորներից երկուսն են: Ես շատ ուրախ եմ եւ հպարտ: Շուտով բոլորդ այդ մասին կիմանաք»:
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ԻՐԱՆՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ՌԵԺԻՍՈՐԻՆ
«Օսկար»-ից վերադառնալով «Ոսկե ծիրան»-ին՝ հիշեցնենք, որ նախորդ տարի «Իրավունք»-ը գրել էր, որ կինոփառատոնի բարձրագույն` «Փարաջանովյան թալեր» մրցանակին արժանացել է ՋԱՖԱՐ ՓԱՆԱՀԻՆ՝ ծագումով, այսպես կոչված, Արեւելյան Ադրբեջանից: Մանրամասնենք՝ Փանահին ծնվել է Իրանի Միանե քաղաքում, որը հիմնականում բնակեցված է իրանական ադրբեջանցիներով, ովքեր խոսում են ադրբեջաներեն։ Եվ ահա ադրբեջանական ծագումով այս ռեժիսորին անցած տարի քիչ էր, մի հատ էլ այս տարի ծափահարեցին Երեւանում: Նա այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր «անակնկալն» էր, որը հայտնվեց բեմում` գլխավոր «Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնելու հետհեղափոխական իրանական կինոյի առաջամարտիկ-ռեժիսոր Ամիր Նադերին:
Ջաֆար Փանահիին արդեն երկրորդ տարին շարունակ «Ոսկե ծիրան»-ի գլխավոր հերոս դարձնելը հատկանշական է նաեւ հայ-իրանական հարաբերությունների համատեքստում:
Նշենք, որ Փանահին անցած տարի առաջին անգամ էր մասնակցում փառատոնի՝ 14 տարվա կալանքից եւ ազատազրկումից հետո: 2010 թվականի մարտին Ջաֆար Փանահին ձերբակալվել է, ապա դատապարտվել վեց տարվա ազատազրկման հակակառավարական գործունեության եւ 2009 թվականի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ անցկացված բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Փանահիին արգելվել է զբաղվել կինեմատոգրաֆիական գործունեությամբ եւ հարցազրույց տալ 20 տարվա ընթացքում: Ըստ էության, այս սանկցիայի ժամկետն ավարտվում է 2030 թվականին: Բանտարկության փոխարեն՝ Փանահին հայտնվել է տնային կալանքի տակ եւ, չնայած արգելքին՝ շարունակել ստեղծագործել ընդհատակում, ինչը պաշտոնապես արգելված էր իրեն:
Ինչ խոսք, իհարկե, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե ինչ կապ ունի նրա դեմ հարուցված քրեական գործը, կարեւորը՝ համաշխարհային ճանաչում ունի, հազարումի մրցանակների արժանացած ռեժիսոր է, դե ֆիլմերն էլ վատը չեն: Բայց այս տրամաբանությամբ պակաս հայտնի չէ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, կարո՞ղ է վաղն էլ նրան բերեն Երեւան՝ որպես պատվավոր հյուր: Կամ, ասենք, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Զեյնաբ Խանլարովայի համերգը դնեն Մարզահամերգային համալիրում: Մի՞թե այս առթիվ ասելիք չունեն ո՛չ հայ ադրբեջանագետները, ո՛չ իրանագետները: Կամ՝ ի վերջո, ի՞նչ մեսիջ ենք հղում հարեւան Իրանին, երբ իր երկրում դատապարտվածին բերում ենք Հայաստան ու բարձրացնում բեմ, մի հատ էլ մրցանակ տալիս ու մրցանակ հանձնող դարձնում:
Իրանի հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների վերաբերմունքը Ջաֆար Փանահիի նկատմամբ այսօր էլ շարունակում է լարված եւ հակասական մնալ։ Իրանի ԱԳՆ-ն շարունակաբար քննադատում է Ֆրանսիայի պաշտոնյաների ու միջազգային կառույցների աջակցությունը վերջինս եւ նրա ֆիլմերին՝ համարելով դա միջամտություն երկրի ներքին գործերին: Ահա թե ինչու «Ոսկե ծիրանին» ներկա չէր Հայաստանում Իրանի դեսպանը, մինչդեռ Փանահիին ծափահարում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Այս ամենը հաշվի առնելով՝ Ջաֆար Փանահիին բերել Երեւան ու մեծարելը, ինչպես եւ նախորդ տարի ենք պնդել, թերեւս կարող էր արդարացվել միայն այն դեպքում, երբ Իրան-իրաքյան պատերազմին մասնակցած եւ 76 օր քուրդ ապստամբների մոտ գերության մեջ անցկացրած ռեժիսորը կոչով հանդես գար՝ դիմելով աշխարհին անել հնարավորն ու անհնարը հայ գերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար: Կասեն՝ դե չէ, փառատոնն ապաքաղաքակա՞ն է, այդ դեպքում՝ ի՞նչ գործ ունի Ջաֆար Փանահին այստեղ, ինչու է կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կարեն Ավետիսյանը բեմից խոսում Իրան-Իսրայել հակամարտությունից, բայց լռում Ադրբեջանում հայ գերիների եւ Հայաստանում քաղբանտարկյալների մասին:
ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ԹԵՐԱՑԵԼ. ՀԱՄԱԼԻՐԻՑ ՀԱՍԱՆՔ «ԿԻՆՈՅԻ ՏՈՒՆ»
Հավելենք, որ եթե նախորդ տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Օպերայի համերգասրահներում կամ գոնե «Մոսկվա» կինոթատրոնում, ապա այս տարի անցկացվեց «Կինոյի տանը»: Կինոփառատոնի տնօրեն Կարեն Ավետիսյանն էլ բեմից գցում-բռնում էր ներողություն խնդրի՞ նրանցից, որոնց չեն կարողացել հրավիրել, թե՞ իմաստ չկա, քանի որ ներկա չեն: Այդուհանդերձ, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ այս տարի համեստ դահլիճ ընտրեցին, «Իրավունք»-ի հարցին ի պատասխան` ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ասաց. «Շատ պրագմատիկ խնդրով է պայմանավորված: Ընթանում է Բասկետբոլի միջազգային մրցաշարը, որը Հայաստանի համար նույնպես կարեւոր է, եւ որը կարող է սպասարկել միայն Մարզահամերգային համալիրը՝ միջազգային մրցույթի չափորոշիչներով: Իսկ մենք մեծ հաշվով կարող էինք ադապտացվել այլ դահլիճներում»:
Լավ, Մարզահամերգային համալիրը հասկացանք, իսկ մյուսների հարցով ինչո՞ւ ԿԳՄՍ նախարարությունը չի զբաղվել, բայց նախարարով ու փոխնախարարներով եկել էին երեւալու: Նորությո՞ւն էր, որ «Ոսկե ծիրան»-ը 22 տարի է, ինչ տեղի է ունենում ամառվա այս շրջանում, այսինքն՝ մի ամբողջ տարի մեգաաստղերի հետ օր է պայմանավորվում, իսկ արի ու տես, մի դահլիճի հարց մեր երկրում լուծել հնարավոր չի լինում: Ո՞վ է իրականում թերացել այս հարցում, թե՞ քաղաքապետարանն ու նախարարությունը զուտ գումար են խնայել, բայց կարմիր գորգին հայտնվելու գայթակղությանը չեն դիմացել, մենք դեռ կփորձենք պարզել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
