Մորգենշտերնը ձեռք չի քաշում Երեւանից. 2022-ին՝ սպառնալիքներ, 2026-ին՝ լռություն Խելոք պահի քեզ, այ տղա՛, ծեծռկտուք՝ Հանրայինի եթերում Մխիթարյանը` «Ինտերի» ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդ Լատվիա-Հայաստան. Ֆուտբոլիստների գնահատականները Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար. Միշիև Հանրայինը թիրախավորել է ռուսական 102-րդ ռազմաբազան Ջրմուղի թվերը հիշեցնում են Նիագարայի ջրվեժը. բեսպրեդելը շարունակվում է Համախմբման հայտարարության տեքստում քաղբանտարկյալների մասին կետ, ցավոք, չկա. Մանուկ Սուքիասյան Սյուզան Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Տեղեկատվական անվտանգության փորձագետը ահազանգում է

Մորգենշտերնը ձեռք չի քաշում Երեւանից. 2022-ին՝ սպառնալիքներ, 2026-ին՝ լռություն

Մշակութային

Ճակատին «666» խփած ազգությամբ բաշկիր սկանդալային ռեփեր ԱԼԻՇԵՐ ՄՈՐԳԵՆՇՏԵՐՆՆ իր երեւանյան ծրագրերն ընդլայնում է․ դեկտեմբերին նախատեսված առաջին համերգի տոմսերը, ըստ նրա հայտարարության, վաճառվել են ընդամենը ութ ժամում, եւ այժմ վաճառվում է երկրորդ համերգի տոմսերը։ Մորգենշտերը սոցիալական ցանցերում ոչ միայն հրավիրում է հայ հանդիսատեսին համերգի, այլեւ խոստանում, թե Հայաստան է բերում մեծ ուրախություն։ Ուրախություն՝ ո՞ւմ համար, սա թերեւս ամենակարեւոր հարցն է։

«Մորգենշտերն, հայաստան եւ այն գիշերը, որը կսկսվի հետո։ Դու այնպես կկտրվես իրականությունից, որ կմոռանաս, թե ինչպես են քեզ կոչում։ Իսկ հետո մենք կհիշեցնենք, բայց արդեն մեր ձեւով։ Կիսախավարում, առանց բեմի, առանց ամբոխի։ Միայն դու եւ ինչ-որ մեկի ձեռքերը, որոնք թույլտվություն չեն հարցնի։ Սկզբում՝ նա։ Հետո՝ այն, ինչի մասին չես պատմի առավոտյան», - ահա այսպիսի ինտիմ գովազդներ են տարածվում սոցցանցերում, այսպես ասած, գիշերային թիթեռնիկների էջերում։ Մարզահամերգային համալի՞րն են պատրաստվում վերածել գիշերային սթրիփ-ակումբի՞, ո՞վ է թույլ տվել ամբողջ գիշեր համալիրում զբաղվել նրանով, ինչի մասին առավոտյան չես պատմի, դեռ կպարզենք։ Համենայնդեպս, ինչպես շեշտում է Սամվել դպիր Գրիգորյանը․ «Ամո՛թ է, երբ մեր երիտասարդների հոգևոր ու բարոյական առողջության հաշվին ոմանք զվարճանք են կազմակերպում, իսկ մյուսները՝ շահույթ ստանում»։

Ի դեպ, հիշեցնենք, որ 2022 թվականին Մորգենշտերնի՝ Երեւանում նախատեսված համերգի կազմակերպիչը «Prime Production» ընկերությունն էր, որի հիմնադիր ղեկավարն Էդգար Հոկտանյանն է։ Այն ժամանակ ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ համերգը չեղարկվել է, իսկ կազմակերպիչները սպառնալիքներ են ստացել՝ սատանիստական հակումներ ունեցող ռեփերի համերգը կազմակերպելու համար։ Իսկ այսօր, երբ նույն անձը կրկին փորձում է Երեւանում համերգ տալ՝ այս անգամ լատվիական Ready Еvents, Sia ընկերության կազմակերպմամբ (ղեկավար՝ Ռոդիոն Սոկոլովսկիսին), բոլորը ձկան պես լուռ են։ Վերոնշյալին անգամ այսօր չի ցանկանում անդրադառնալ Հոկտանյանը, նա «Իրավունք»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն դա այլեւս չի հետաքրքրում։

Այնուհանդերձ, համաձայնեք, որ այս ամենը հանրային բացատրության կարիք ունի․ եթե այն ժամանակ Մորգենշտերնի ներկայությունն այդքան անընդունելի էր համարվում, ապա ինչո՞ւ այսօր նույն ռեփերի՝ Հայաստանում ելույթ ունենալու շուրջ համարժեք հանրային արձագանք գրեթե չի նկատվում։ Մի՞թե սկզբունքները կախված են նրանից, թե ով է կազմակերպում համերգը։ Մի՞թե հայ կազմակերպչի նկատմամբ կարելի է կոշտ լինել, իսկ օտարերկրյա ընկերության պարագայում՝ պարզապես լռել։

ԻՆՉՈՒ Է ԼՌՈՒՄ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԸ

Մորգենշտերնի կերպարը վաղուց հասարակական վեճերի առարկա է։ Նրան քննադատում են կրոնի, սեռականության եւ հասարակական բարքերի վերաբերյալ արտահայտությունների, ինչպես նաեւ նրա ստեղծագործություններում առկա վիճահարույց թեմաների համար։

Ուշագրավ է, որ անգամ 2025 թվականին Մորգենշտերնի հնարավոր ելույթների շուրջ Լիտվայում քաղաքական քննարկումներ էին ծավալվել։ Հրապարակումների համաձայն՝ Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը բարձրացրել էր նրա անցանկալի անձանց ցանկում ընդգրկելու հարցը։ Իսկ ավելի վաղ սույն անձի համերգները 2024թ.-ին չեղարկվել են Ղազախստանում, 2023թ.-ին ելույթը մերժման է հանդիպել Ղրղզստանում՝ Մշակույթի նախարարության առարկությունից հետո։ Դե իսկ ՌԴ ներքին անվտանգության կողմից երկրից վտարված է Մորգենշտերնը։ Նա ՌԴ արդարադատության նախարարության որոշմամբ՝ օտարերկրյա գործակալների ռեեստրում է ընդգրկված։

Մորգենշտերնի շուրջ քննադատության մեկ այլ ուղղություն վերաբերում է նրա երաժշտական գործունեության եւ Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ պնդումներին։ Հրապարակային տեղեկություններում նշվում է նրա կապը Atlantics Records Russia լեյբլի հետ, որի սեփականատերերի թվում ներկայացվում են Էմին Աղալարովն ու Բախտիյար Ալիեւը։

Եվ այս բոլոր հանգամանքները մեկ ընդհանուր հարց են առաջ բերում․ Հայաստանում մշակութային միջոցառումների կազմակերպման ժամանակ առաջնահերթ են միայն տոմսերի վաճառքն ու կոմերցիոն շահո՞ւյթը, թե՞ հասարակական մտահոգություններն էլ են հաշվի առնվում։ Հետաքրքիր է՝ այս հարցերի պատասխանները ստանալ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից, որը ընդամենն օրեր առաջ Մոսկվայում հանդիպել է ՌԴ մշակույթի նախարարի հետ եւ նրանք ստորագրել են 2027-2029 թվականների մշակութային համագործակցության ծրագիրը։ Օրինակ, նախարար Օլգա Լյուբիմովային Անդրեասյանը պատմե՞լ է, որ ՌԴ-ում օտարերկյա գործակալ ճանաչվածները Հայաստանում մի այլ կարգի «պռախոդ» ունեն եւ կապ չունի, որ խոսքն այնպիսի այլասերված կերպարի մասին է, ինչպիսին զորօրինակ՝ Մորգենշտերն է։

ՀԱՅԵ՛Ր, ԴԵՌ ՈՒՇ ՉԷ

Մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 19-ը եւ 20-ը դեռ ժամանակ, որպեսզի չեղարկվի այս համերգը։ Ի վերջո, խնդիրը միայն այն չէ, թե ով կգնա կամ չի գնա համերգին։ Խնդիրն այն է, թե ինչ բովանդակություն է հանրայնացվում, ինչ արժեքներ են քարոզվում եւ ինչ ազդեցություն կարող է դա ունենալ հատկապես երիտասարդ սերնդի վրա։ Այս համատեքստում արդեն իսկ մի խումբ քրիստոնյաներ ու ծնողներ հանդես են եկել հայտարարությամբ։ Հուսանք՝ չի ուշանա նաեւ Մայր Աթոռի կոշտ արձագանքը, որը զարմանալիորեն մինչ այժմ չկա։

«Մեր մտահոգությունը վերաբերում է այն ստեղծագործություններին, որոնցում առկա են անպարկեշտ արտահայտություններ, սեռական սանձարձակության եւ թմրամիջոցների օգտագործման դրական կամ գայթակղիչ ներկայացումներ, ինչպես նաեւ քրիստոնեական բարոյականությանը հակասող այլ բովանդակություն։

Մենք՝ որպես քրիստոնյաներ եւ ծնողներ, չենք կարող այդ բովանդակության տարածումը համարել ընդամենը անհատական ճաշակի հարց։ Մեր պահանջը ոչ թե պարզապես համերգներին չմասնակցելն է, այլ դրանց չեղարկման հարցը պետական իրավասու մարմինների առջեւ բարձրացնելը», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ