Մանդատներ վայր դնելը չի կարող քաղաքական հետևանք չառաջացնել.Իրավաբանը մանրամասնում է
«Մանդատներ վայր դնելը չի կարող քաղաքական հետևանք չառաջացնել»,-անդրադառնալով ընդդընադիր խմբակցությունների մանդատները վայր դնելու հրամայականին եւ վերջիններիս պատճառաբանություններին, նման նկատառում է անում իրավապաշտպան Նորայր Նորիկյանը ընդգծելով.
-Ցանկացած, առավելևս խորհրդարանական կառավարում ունեցող երկրներում, նույնիսկ եթե խորհրդարանական փոքրամասնությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքները, ավելին, եթե տվյալ դեպքում իրավական առումով սկսում են իրենց պատգամավորական լիազորությունների դադարեցման գործընթաց, ինչպես նաև համապատասխան առումով Ազգային ժողովի ղեկավարությանն են ներկայացնում իրենց մանդատները վայր դնելու մասին դիմումներ, բացի այդ, իրենց ընտրական ցուցակներում ներառված անձինք համապատասխան դիմում են ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որ ինքնաբացարկ են հայտնում, սա չեմ ասում հաստատապես, բայց երկրում կարող է իսկապես սահմանադրական ու քաղաքական ճգնաժամ առաջացնել:
Գործող Սահմանադրության կարգավորումների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովում նվազագույնը պետք է լինեն երեք քաղաքական ուժեր, հիմա եթե նրանցից երկուսը դե յուրե դադարեցնում են իրենց գործունեությունը՝ նշանակում է, որ մենք գործ ենք ունենալու ոչ լեգիտիմ խորհրդարանի հետ, մինչև այդ հարցի լուծումը: Ցավոք սրտի, մեր Սահմանադրությունը չի կարգավորում նման պարագայում հարցի լուծման ձևը, բայց և չի բացառվում, որ մեկ քաղաքական ուժից բաղկացած լինելու պարագայում խորհրդարանը կդառնա ոչ լեգիտիմ, խոցելի ու կաղացող, փաստ է:
Ես կարծում եմ, որ դա պետք է ավելի վաղ արվեր, ես այս մասին ասել եմ 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, բայց գործող խորհրդարանական ընդդիմությունն ամեն ինչ արեց իր պատգամավորական հնարավորությունները օգտագործելու համար ու նման մտադրություն ընդհանրապես չունի:
