ՄՈՍԿՎԱՆ ՍԿՍՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԸ
ՎերլուծությունԱբու Դաբիի հանդիպման համատեքստում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317930&l=am) մեկ էական դետալ եւս չմոռանանք՝ Ռուսաստանի գործոնը: Եվ այս համատեքստում՝ նախ մեկ հանգամանք հաշվի առնենք:
Այսպես, նախօրեին Միխայիլ Բոգդանովն ազատվեց Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից: Պուտինի հաջորդ հրամանագիրը շատ բանի մասին է ակնարկում՝ նա Բոգդանովին ազատել է Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Աֆրիկայում ռուսական գործերը վատ չեն, դրա համար Բոգդանովին պետք էր մեդալ տալ: Բայց երբ հեռացնում են, դա թափանցիկ ակնարկ է, որ Պուտինին չի բավարարում նրա աշխատանքը Մերձավոր Արեւելքի ուղղությամբ: Եվ կարծես թե դժգոհությունն այն կարգի է, որ ԱԳՆ-ի պատասխանատու աշխատակցին հեռացնում են աշխատանքից, մինչդեռ ռուսական պրակտիկայում ավելի շատ ընդունված է թույլ դիվանագետներին փոխելը: Ճիշտ է, այս դեպքում խոսվում է տարիքից, բայց դա էապես բան չի փոխում: Առավել եւս, որ Լավրովի տեղակալին «թոշակի ուղարկելը» թափանցիկ ակնարկ է հենց Լավրովին:
Այսինքն, այն տպավորությունն է, որ Մոսկվան թուրքական ուղղությամբ գործունեությունը վերախմբագրելու սուր կարիք է զգում եւ արագորեն գնում է դրան: Արդեն կան խոսակցություններ, որ Բոգդանովին կփոխարինի հայտնի, եւ, որ երեւի ավելի կարեւոր է՝ ակտիվ, «հարցեր լուծելու» ունակ դիվանագետ Ալեքսեյ Երխովը, ով եղել է Ռուսաստանի դեսպանը Թուրքիայում: Ընդ որում, այդ պաշտոնը ստանձնելով Անդրեյ Կառլովի սպանությունից անմիջապես հետո եւ կարողանալով որոշակի բալանսի հասցնել ռուս-թուրքական հարաբերությունները: Մի խոսքով, նման է, որ Պուտինը սկսել է թուրքական ուղղությամբ գնալ խորքային վերադասավորումների, որոնք հազիվ թե միայն դիվանագիտությանը վերաբերեն:
Բայց մյուս կողմից, խոշոր իմաստով՝ շատ բան մնում է կախված այն ընթացքից, որը կունենան ռուս-ամերիկյան հարաբերությունները: Իսկ այստեղ, շնորհիվ Թրամփի, տատանումների պակաս չեն զգացվում: Թեկուզեւ միայն վերջին օրերին քանի իրար հակասող մտքեր է հնչեցրել, արդեն դժվար է հիշել: Մեկ, որ Ուկրաինային զնեք չեն տա, մյուս օրը, թե՝ շատ դժգոհ է Պուտինից, եւ ո՞վ է որոշել, որ զենք չեն տա, լավ էլ կտան: Իսկ թե ով է Թրամփի «գլխից թռել» եւ կանգնեցրել Ուկրաինային զենք տալը, որը բոլորի աչքի առաջ գտնվող հարց է, Թրամփը խոստացավ պարզել եւ պատժել: Մեկ օր անց էլ հայտարարեց, թե՝ «մեղավորին» գտնելու հարցով չի էլ զբաղվել, եւ ինչ վերաբերում է Ուկրաինային հրթիռներ տալուն, ապա դրանք շատ թանկ են, ու այսպես շարունակ:
Բայց այն, որ այս խաղերի հիմքում ձեւավորվող ռեալ քաղաքականություն կա, դա եւս կարելի է նկատել: Այսինքն, երբ թվում է, թե ռուս-ամերիկյան այս «վերաբեռնավորումը» մոտ է ձախողմանը, հանկարծ հանդիպեցին պետքարտուղար Ռուբինոն եւ Լավրովը. սա էլ Պուտինից Թրամփի դժգոհությունը: Ամեն դեպքում, այս ամբողջական իրավիճակը մեկ բան հուշում է: Ռուս-ամերիկյան հարաբերություններում, բնական է, չափազանց շատ են կուտակված հարցերը, որոնցից շատերի հետ կապված, ինչ խոսք, կողմերի շահերն ամենաուղիղ հակասության մեջ են: Չնայած դրան, գործընթացը շարունակվում է, եւ, դատելով Լավրով-Ռուբինո այդ հանդիպումից ( միանգամայն ակտիվ), ի վերջո, դժվար չէ կռահել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նման հանդիպումները ո´չ հենց այնպես են լինում, թե չգնա՞նք մի բաժակ սուրճ խմելու: Եվ ո´չ էլ «դատարկ թղթերի» շուրջ: Նման հանդիպումները պետք է խորությամբ կազմակերպել եւ դրա տակ դնել մինչ այդ եղած երկար-բարակ բանակցությունենրի մասին հիմքեր: Այն է՝ այդ բանակցությունները հասել են մի այնպիսի մակարդակի, որ արդեն հարցերը պետք է լուծվեն արգործնախարարների անձնական հանդիպման մակարդակով:
Այսինքն, թեեւ քիչ տեսանելի, բայց ռուս-ամերիկյան գործընթացները հասել են հենց այդ փուլին: Հասկանալի է, ոչ բոլոր հարցերով է, որ նախապես որոշակի համաձայնություններ կան: Բայց կան համաձայնությունների բավարար պաշար՝ Լավրով-Ռուբինո հանդիպման օրակարգ դարձնելու համար: Ու կարելի է կռահել, որ խոսքը նաեւ հիմնական թեմաների մասին է, ասենք՝ Ուկրաինա, Մերձավոր Արեւելք, առանց որոնց գոնե որոշակի հանգուցալուծումների, ռուս-ամերիկյան հարաբերություններն էլ հազիվ թե լուրջ առաջընթաց ունենան: Այսինքն, ներկա պահին Թրամփը խոսում է նաեւ Ռուսաստանի հանդեպ նոր եւ միանգամայն ծանր պատժամիջոցների հնարավորության մասին: Բայց կարելի է կռահել՝ եթե իրոք դրանք կյանքի կոչվեն, ապա նման հանդիպումների եւ բանակցությունների մասին խոսակցությունները հազիվ թե ռեալ լինեն:
Եվ, կրկնենք, այն հանգուցալուծումները, որոնց հնարավոր լինի հասնել ռուս-ամերիկյան հարթությունում, իրենց ազդեցությունն են թողնելու նաեւ մյուս ուղղություններում: Եվ սա էլ է մասնավորապես Անկարայի համար ազդակ, որ հարավկովկասյան ուղղությամբ ներկա «բաց պատուհանը» կարող է եւ, օրինակ, մինչեւ գալիք աշնան վերջեր փակվել: Կախված ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ՝ թուրքական ուղղությամբ ռուսական կուրսի արդեն մեկնարկող փոփոխությունների հետ:
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54467
