Փաստորեն, ցմահ դատելո՞ւ են. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքԲոլորիս վճարած հարկերի հաշվին գոյություն ունեցող Հանրային հեռուստաընկերությունը` միայն թե Նիկոլ Փաշինյանին բավարարելու մոլուցքով տարված, այնքան է իջեցրել մակարդակը, որ եթեր է տրամադրում ում պատահի՝ կեղծ հոգեւորականից մինչեւ ինքնակոչ սարկավագ: Նախ Հանրայինի եթերում է հայտնվում կարգալույծ մի հոգեւորական եւ ներկայացվում՝ իբրեւ հոգեւորական: Տեսան, որ չանցավ ու մարդկանց այսօր մանիպուլացնելն այդքան հեշտ չէ, հիմա էլ արել են հաջորդ քայլը: Հանրայինի ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԻ հյուրն այս անգամ Արթուր սարկավագ Կարապետյանն էր: Իհարկե, այստեղ «սարկավագ» բառն օգտագործելն էլ հեչ տեղին չէր: Որտեղի՞ց էին պեղել նրան` Աստված գիտի: Իրանագետ Տիգրան Դավուդյանը մի ամբողջ ցանկ է հրապարակել եւ գրել. «Հարգելի Հ1, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների թվում Արթուր սարկավագ Կարապետյան անունով մեկը չկա… Շնորհակալ եմ, որ մեր հորդորը լսելով` գոնե էս անգամ Ձեր հյուրին սքեմ չէիք հագցրել»։ Իսկ ԵՊՀ քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը մանրամասնել է. «Հ1-ի Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգեւորական է, այլընտրանքային հոգեւորական երեւի, սարկավագ` սպիտակ վերնաշապիկով, փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն է ուզում ստուգի՝ տեղում են, թե՞ չէ, копьë է ման գալիս՝ Աստվածամուխ Սուրբ Գեղարդի հետ է: Հաղորդման թեման էլ հետեւյալն էր՝ «Ինչ է կատարվում եկեղեցու ներսում»: Էս հարցերին ջինսերով ու սպիտակ վերնաշապիկով «կյանքի տղեն» լուրջ դեմքով պատասխանում է, որպես հոգեւորական…»: Այսքանից հետո մեզ մնում է ավելացնել՝ Տեր, մի ներիր նրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում…
Իսկ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ անում է խուզարկություններ դաշնակցականների տներում: Բայց զարմանալին ոչ թե սա է, այլ այն, թե ինչ է հայտնաբերել կոմիտեն երեկ իրականացված խուզարկությունների արդյունքում: «Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տանից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։ Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Քառօրյա եւ 44-օրյա պատերազմների մասնակից Հակոբ Պէրպէրեանն էլ կատակում է. «Դաշնակցականների տներից ինչ-որ ռազմական իրեր են հայտնաբերում ու ներկայացնում՝ որպես հանցագործություն։ Դաշնակցականի տնից երբ ջութակ հայտնաբերեք, դա ներկայացրեք, հենց դա կլինի հանցագործություն»: Ի՞նչ ասես, բա որ ՀՅԴ-ականների տներից հանկարծ գտնեն հայտնի երգի բառերը, որ «Դաշնակցություն ժողով արեց, շուն Թալեաթին մահ որոշեց…», փաստորեն, ցմահ դատելո՞ւ են:
ՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է հայաստանյան կառավարչի ու Ալիեւի պատվիրակությունների հանդիպման տեսանյութին. «Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու եւ համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից»: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ժպտերես դեմքը, ով «հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո՝ ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը եւ, երեւի, մտքում անընդհատ կրկնում` «Մարտունին Ադրբեջան է եւ վե´րջ»: Կատարյալ խայտառակություն…
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
