Հանցագործների որջ էիք մտնո՞ւմ, հանցագործներ պիտի բռնեի՞ք, թե՞ գնում էիք Արցախը ազատագրեիք. Անահիտ Քոչարյան
Մշակութային«ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԵՆՔ՝ ՄԻ ՄԱԶ , ՈՒ ՉԻ ԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
Արժեհամակարգի փլուզում, տարածքային ու մարդկային կորուստներ, պատմության խեղաթյուրում եւ... Եվ այս ամենի հանդեպ շատ ու շատ մշակութային գործիչների մոտ «ձայն բարբառո անապատի» վիճակ է: Հերթը հասել է Մայր Աթոռին եւ հոգեւորականներին, Եկեղեցին թիրախավորված է, երկու արքեպիսկոպոս՝ կալանավորված: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:
«ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՍԿՍԵՑ ԱՅՍ ԱՐՇԱՎԸ. ՍԱ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ ՀԱԼԱԾԱՆՔ Է»
— Հասանք նրան, որ կալանավորվում են եկեղեցականներ, իսկ եկեղեցուն անվանում են «չուլան»: Տիկին Քոչարյան, այս ի՞նչ «զուլում եկավ» հայ ազգի գլխին:
— Չգիտեմ ՝ ինչ ասեմ: Ավելի ամոթ, ավելի մեծ խայտառակություն մեր ազգի համար ես չեմ պատկերացնում: Չգիտեմ նման դեպք, որ երբեւէ դիմակավորված ուժայինները մտնեն եկեղեցու տարածք: Հանցագործների որջ էիք մտնո՞ւմ, հանցագործներ պիտի բռնեի՞ք, թե՞ գնում էիք Արցախը ազատագրեիք: Ինչ էիք անում այդ քանակութամբ զորքով: Սա չգիտեմ, ուղղակի ինձ համար ամոթ ու խայտառակություն է: Սա ոչ թե զուտ Միքայել սրբազանի կամ Բագրատ սրբազանի դեմ ուղղված ինչ-որ արշավ էր, այլ՝ կոնկրետ եկեղեցու եւ մեր հավատքի դեմ է ուղղված:
— Տպավորություն է` կարծես հրահանգ է կատարվում…
— Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք եւ լավ գիտակցում ենք, որ հրահանգ է: Նա Էրդողանի հետ հանդիպումից հետո՝ սկսեց այս արշավը, որը եկեղեցու դեմ հալածանք է: Որքան էլ խոսի եւ ասի, որ եկեղեցին մաքրել է պետք, որ «չուլանի» է վերածվել, որ պետք է կուսակրոններ լինեն, եւ որ խախտվել են եկեղեցական օրենքներ, ու ցանկանում է նման խնդիրները լուծել, ասեմ, որ նման խնդիրներն այսպես չեն լուծում: Պետք չէ գոռգոռալով լուծել: Տեղեր կան, հարթակներ եւ մարդիկ կան, որոնց հետ դա կարելի է լուծել: Եթե, իհարկե, իր ասածով այս ամենը զուտ ուղղված է դրան, բայց դրան չէ ուղղված: Լավ գործը նման կերպ եւ նման տոնով չեն անում:
«ՑԱՎՈՔ, ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ԱՅՍ ԱՄԵՆԻՆ, ՄԵԶ ԻՆՔԸ ՇԱՏ ԷԼ Է…»
— Դե նման տոնը ո՞րն է: Նիկոլ Փաշինյանն օրը մի գրառում է «ձոնում» հոգեւորականների հասցեին:
— Գիտեք ինչ, ցավոք, մենք արժանի ենք այս ամենին, որովհետեւ վերջերս «Կրթվելը նորաձեւ է» շարժումը Գյումրիում էր՝ պետական թատրոնում: Մարդիկ հերթագրվել եւ եկել էին: Դահլիճը լեփ-լեցուն էր, պայթում էր մարդկանց հոսքից:
—Իսկ հնարավո՞ր է, որ այդ մարդկանց ստիպելով էին բերել:
— Դե, իհարկե, օրինակ ինչ-որ կազմակերպության ասում են՝ այսինչ քանակի մարդ կբերեք, բայց այդքանից ավելն էր հերթագրվում: Դա նայելով՝ ասացի, որ ինքը դեռ մի բան էլ մեզ համար շատ է: Եթե մենք այսքանից հետո նման կերպ ենք դիմավորում, ընդունում, նշանակում է մեզ ինքը շատ էլ է՝ մենք արժենք դրան:
«ԱՅՍՕՐ ԱՐԺԵԶՐԿՎԵԼ Է Ե՛Վ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ, Ե՛Վ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ»
— Արցախը կորցրեցինք, տարածքները զիջեցինք: Թիրախավորված է եկեղեցին, կալանավորվեցին բարերար եւ եկեղեցականներ, անգամ զոհվածի հայր եւ այլք, սակայն շատ ու շատ մշակութային գործիչներ ձայն չեն հանում: Վախենո՞ւմ են, թե պարզապես իրենց տեսակն է այդպիսին՝ կարեւորը հացը կա:
— Կարծում եմ՝ սա ունի մի քանի պատճառ: Տեսեք, դեռ 90-ականներին՝ Ղարաբաղյան շարժման ժամանակ, Վիկտոր Համբարձումյանը հացադուլ էր անում, կար Սիլվա Կապուտիկյանը եւ էլի անուններ, որոնց հետեւից ժողովուրդը գնում էր, եւ որոնց կողքին լինելը պատիվ էր, քանի որ այդ մարդիկ Սովետական միության օրոք արժեւորվում էին: Այսօր արժեզրկվել է ե՛ւ մտավորականը, ե՛ւ արվեստագետը: Այսինքն՝ արժեզրկում են մարդկանց եւ հետո, այսօր այնքան շատ են խոսում, ու բոլորն են խոսում, որ արդեն խոսքն էլ է արժեզրկվում: Այն ժամանակ այդպես չէր: Այսքան հարթակներ չկային, որ խոսեիր, ձայնդ լսելի լիներ, եւ հետեւաբար խոսում էին մարդիկ, ովքեր պիտի խոսեին: Սակայն այսօր բոլորը կարծիք են հայտնում, խոսում, ամեն ինչից հասկանում են, մասնագետ են: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ շատ արվեստագետների անունից ասեմ, որ կխոսեին, եթե իմանային, որ իրենց խոսքը ինչ-որ մի չափով մի բանի օգուտ կբերեր:
— Բայց այս դեպքում չխոսելն էլ կարող է տպավորություն թողնել, որ հաշտ են այն ամենի հետ, ինչ կատարվում է:
— Դե, այո, այդպես էլ կարելի է մտածել: Չգիտեմ` ինչ ասեմ: Այնպիսի մի իրականության մեջ ենք հատնվել, որ չգիտես՝ ի՞նչ ասես, ո՞ւմ ասես, ի՞նչ անես... Ես գիտեմ մարդկանց, նաեւ սոցհարթակներում, որոնք ե՛ւ գրում էին, ե՛ւ իրենց ձայնն էին բարձրացնում: Տարիներով հետեւել եմ իրենց, սակայն արդյունք չեմ տեսել: Ի՞նչ օգուտ, որ խոսում են: Ցավոք, չեմ տեսնում այն ուժը, այն անհատին, որի հետեւից պետք է գնամ, որի մասին պիտի խոսեմ: Ես գիտեմ, որ այսօր մենք կործանման եզրին ենք՝ մի մազ, ու չի լինի Հայաստանը, բայց ես չգիտեմ` ինչ անեմ, ում հետեւից գնամ: Եվ ինձ նման շատերը: Ու գիտեք ինչու, որովհետեւ անդադար խաբվեցինք, շարունակում ենք խաբվել, հույս փափագելով, որ՝ վայ, մի քիչ այսպես-այնպես կլինի: Չէ՛, տեսնում ենք, որ էլի ու էլի ենք խաբվում: Վերջապես պիտի՞ լինի մի հրաշք, որ հայրենատեր, հայրենասեր մարդ հայտնվի, կլինի՞ նման փրկություն: Սա արդեն հրաշքի նման մի բան է դարձել, որ չգիտեմ՝ կիրականանա, թե՝ ոչ: Հուսանք, որ մեկ-մեկ հրաշքներ լինում են:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
