Արզումանյանն ինձ պատմեց Հայաստանի, հայտնի հայերի մասին. Զուբովիչը` ԿԼ-ի «Ուրարտուի» դեմ խաղին ընդառաջ
ՍպորտԳրոդնոյի «Նեմանի» հարձակվող Եգոր Զուբովիչը Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի՝ «Ուրարտուի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Կոնֆերենցիայի լիգայում հեշտ մրցակիցներ չեն կարող լինել։ «Ուրարտուն» լավ թիմ է, մենք պատրաստվում ենք առավելագույն նվիրվածությամբ։ Ամեն ինչ կտեսնեք վաղը Տրամադրությունը մարտական է, բոլորը լավ են պատրաստված»։
«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի մասին Զուբովիչն ասել է, որ «Յագելոնիայում» հանդես գալու ընթացքում առիթներ ունեցել է վերջինիս հետ շփվելու.
«Լավ մարդ և ֆուտբոլիստ։ Մենք մարզական հավաքի ժամանակ սենյակ էինք կիսում։ Նա ինձ համար արագացված դասընթաց անցկացրեց Հայաստանի մասին՝ պատմեց, թե քանի մարդ է ապրում երկրում, քանի հայ կա աշխարհում, թվարկեց հայտնի մարդկանց։ Շատ հետաքրքիր և կարդացած տղա։ Ես իմացա, որ նա «Ուրարտուի» գլխավոր մարզիչն է, և ուրախացա, որ մենք նորից կհանդիպենք»,- ասել է Եգոր Զուբովիչը նախախաղային մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ «Նեմանի» և «Ուրարտուի» միջև առաջին խաղը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին, ժամը 20։30-ին։
