Ծափահարողներ չկան, բայց Նիկոլը չի հանձնվում
ԹեմաՓաշինյանը չի ցանկանում իր սկսած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությանը» վերջ դնել: Ամեն տարի սկսում է «մերժելու» հեղափոխական խաղը եւ, սովորաբար, այդ խաղն ավարտում ծանր կորուստներով: Նա կարծես դարձել է խաղամոլ, ով սեղանի վրա է դրել Հայոց աշխարհի հեղինակությունը, պատմական ուղին եւ հարուստ ժառանգությունը: Մերժելու մոլուցքը դարձել է Փաշինյանի գոյության վկայականը, որտեղ հավաքվել են նրա արկածներով ուրախացողները եւ արկածից ողբացողները:
Մեծ արենայում Փաշինյանը ցլամարտ է խաղում, որտեղ ամեն մերժելու հետ խոցում է առանց այն էլ խոցված ու չարչարված հերթական «ցլին»: Իսկ ամեն խոցմանը ցլամարտի հանդիսատեսը դիմավորում է ծափողջուններով: Չնայած «փորձառու ցուլը» չի կորցրել պայքարելու կարողությունը, բայց ուժերն անսպառ չեն, իսկ դիմացն՝ անհագ խաղամոլն է, ով ամեն ինչ կտա, միայն թե հանդիսատեսը ավելի բարձր ծափահարի:
Ցավոք, մերժման օրակարգը կարմիր գծեր չունի, եթե սկզբում նախագահն էր, հետո ՍԴ նախագահը, ապա ավելի ուշ ցանկը ընդարձակվեց՝ ընդգրկելով մարդու իրավունքների պաշտպանով, գլխավոր դատախազով եւ այլն: Փաշինյանն էլ մերժելու բան չունի, իր հայտարարած գլխացավանք Արցախից ազատվել է, նախկիններ գրեթե չեն մնացել, սակայն դեռեւս խանգարող մեկ ուժ մնացել է, որին մեկ անգամ մերժել չէր հաջողվել, բայց «հանուն խեղափոխության» դա էլ պետք է անել: Վերջին դաշույնն է, որ Փաշինյանը հանուն հանդիսատեսի պետք է խոցի: դեռ ծափահարողներ չկան, բայց նա չի հանձնվում, անընդհատ նոր հնարքներ է գտնում, որ զբաղեցնի մարդկանց, որպեսզի հանկարծ հանդիսատեսը չհոգնի:
Թերեւս հայ ազգը այս ներկայացման ավարտի համար շատ թանկ է վճարելու, իսկ ծափահարողները ասելու են, որ իրենք էլի սխալվել են: