ՆՈՒՅՆԻՍԿ ԻՐԱՆՈՒՄ ԵՆ ՄՏԱՀՈԳ ՓԵԶԵՇՔԻԱՆԻ ՈՒ ԱԼԻԵՎԻ ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
ՎերլուծությունԻհարկե, «Զանգեզուրի միջանցք» լինել-չլինելու հարցում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317678&l=am) առանցքային է մնում նաեւ Իրանի դիրքորոշումը: Թեեւ արդեն խոսքը ոչ թե դիրքորոշման մասին է, որն Իրանը քանիցս հայտնել է, այլ՝ հնարավորությունների: Բայց սրանով հանդերձ, գրավված Ստեփանակերտում Ալիեւի կազմակերպած վերջին հավաքը նաեւ այս հարցում որոշակի բաներ հուշեց:
Այսպես, Ստեփանակերտ էր գնացել նաեւ Իրանի նախագահ Փեզեշքիանը եւ այնպես էր ողջագուրվում Ալիեւի հետ, ասես վաղուց կորցրած հարազատ եղբորն էր գտել: Իսկ դա առնվազն տարօրինակ էր, հաշվի առնելով, որ, գոնե ըստ իրանական աղբյուրների, նույն Փեզեշքիանը դրանից օրեր առաջ էր հեռախոսային զրույցում Ալիեւին կոշտ մեղադրանքներ ներկայացրել: Այն է՝ Ադրբեջանն Իսրայելին օդային տարածք (եւ, ըստ ամենայնի, ոչ միայն օդային) է տվել՝ Իրանին ավիացիոն հարվածներ հասցնելու համար: Ընդ որում, իրանական միանգամայն վստահելի աղբյուրներն այդ լուրերը հարստացրին նորանոր մանրամասներով՝ հասնելով այն գաղափարին, որ ապացուցման դեպքում Իրանը պետք է ռեալ պատասխան տա Բաքվին: Նաեւ այն գնահատումներով, որ Ալիեւը ցանկանում է Արեւելյան Ադրբեջան կոչվածն Իրանից խլել: Ու Իրանի նախագահը, ով, տրամաբանորեն, պետք է, որ այս պահին այդ հարցով խորությամբ զբաղվեր, նախ այցելում է Ստեփանակերտ, որով, մեղմ ասած, հարվածում է Հայաստանին (Նիկոլին նկատի չունենք): Էլ չասած, որ այն ջերմությամբ է հանդիպում Ալիեւին, որ հարց է առաջանում, թե արդյոք դրանից հետո կուլիսներում Հեյդարովիչին շնորհակալություն չի՞ հայտնել այդ արարքների համար:
Իրավիճակն ավելի «տարօրինակ» դարձավ այն բանից հետո, երբ իրանական մի շարք աղբյուրներ նախընտրեցին չտեսնելու տալ Փեզեշքիանի այդ այցը, մի շարք աղբյուրներ էլ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած, առավել քան հետաքրքիր ակնարկներ հնչեցրին. «Էրդողանը, Բաքու կատարած այցից հետո, կրկին սկսեց պատրանքներ կառուցել, այսպես կոչված, «Զանգեզուրի» միջանցքի շուրջ։ Սակայն նա պետք է հստակ հասկանա. եթե նա հույսը դնում է պարոն Փեզեշքիանի որեւէ խոստման վրա եւ մտադիր է դրանք կատարել, ապա խորապես սխալվում է: Այս հարցը դուրս է գալիս մասնավոր կամ պետական գործիչների լիազորություններից։ Այն անմիջականորեն կապված է Իրանի բարձրագույն ազգային շահերի հետ եւ գտնվում է Գերագույն առաջնորդ՝ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի բացառիկ իրավասության ներքո…»:
Այսինքն, Իրանում փորձագիտական, եթե չասենք՝ ռազմական մակարդակներում կա, դեռ այսպես ասենք՝ կարծիք, որ նախագահ Փեզեշքիանը կարող է Էրդողանին խոստումներ տալ, այն է` գործարքի մեջ մտնել մի հարցում, որի հետ Գերագույն առաջնորդն առնվազն համակարծիք չէ: Ավելին, որը դեմ է Իրանի կենսական շահերին: Այլ կերպ ասած, որ Փեզեշքիանը գործում է Իրանի կենսական շահերի դեմ:
Ավելին, այդ ակնարկից հետո աղբյուրը երկրորդն է հնչեցնում. «Իրանական ժողովուրդը եւ նրա ղեկավարությունն արդեն հնարավորություն են տվել (Փեզեշքիանին) բանակցություններ Արեւմուտքի հետ, եւ նրանք լավ հիշում են, թե ինչի են դա հանգեցրել։ Այսօր Իսլամական Հանրապետությունում տեղ չկա միամտության կամ դիվանագիտական փորձերի համար: Վերջնական որոշումը պատկանում է Առաջնորդին: Եվ ոչ մի արտաքին ճնշում՝ քաղաքական, ռազմական կամ տնտեսական, չի ազդի Իրանի անսասան կամքի վրա: Սա ազգային արժանապատվության եւ պետության ռազմավարական խորության հարց է»: Ի դեպ, դեռ 12-օրյա պատերազմի թեժ փուլում Փեզեշքիանի հասցեին էլի նման ակնարկներ լսվում էին: Այն է, նրան բանակցելու հնարավորություն տրվեց, չնայած զգուշացումներին, որ դա ոչ թե օգուտ չի տալու, այլ վնասաբեր կդառնա: Փեզեշքիանը մտավ այդ ուղղություն, եւ, զգուշացումների համաձայն, միայն պատերազմ ստացավ: Որոշ աղբյուրներ դա գնահատում էին փորձի պակաս, որոշ աղբյուրներ ավելի թունդ տերմիններ էին օգտագործում: Բայց հիմա, չնայած ձախողմանը, Փեզեշքիանը երկրորդ անգամ է նույն «գետը մտնում», ու այս դեպքում արդեն իրանական գնահատումները շատ ավելի կոշտ են՝ դիտավորություն է, ոչ թե փորձի պակաս:
Վերջապես, այս բոլոր գնահատումները նաեւ ակնարկ են պարունակում, որ Իրանում, սկսելով թերհավատ մոտենալ նախագահի քայլերին, սկսել են շատ ավելի ուշադիր նայել նրա գործողություններին՝ նրա սխալների, էլ չասած՝ չբացառվող դավաճանությանը զոհ չգնալու համար: Եվ, ակնհայտորեն, հսկողությունը նաեւ Գերագույն առաջնորդի, այդ թվում՝ նրա անմիջական վերահսկողության տակ գտնվող ԻՀՊԿ-ի կողմից է:
Այսպիսով, պետք է ենթադրել, որ իրանական գերագույն իշխանությունների մակարդակով «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելիության կուրսը պահպանվում է: Ավելին, այն գնահատվում է, որպես «Իրանի բարձրագույն ազգային շահերի հետ» կապված խնդիր: Բայց մյուս կողմից էլ կա նաեւ Իրանի նախագահի պաշտոնական կուրսը, որը չգիտես էլ, թե որ պահին կարող է եւ «չար կատակ խաղալ», այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ՝ Իրանի գլխին: Իսկ իրականում, քանի դեռ չի ավարտվել ուկրաինական պատերազմը, այս լարվածությունը շարունակվելու է մնալ:
