Քոչարյա՛ն, ինչո՞ւ գացիր
ՎերլուծությունՀայաստանյան քաղաքական դաշտում կրկին հաստատվեց այն դառը իրականությունը, որ մեր օրերում փայլուն գործում է միայն «ջունգլիների օրենքը»: Եթե դու չես անում քաղաքական քայլ, ապա վաղ, թե ուշ քեզ են կուլ տալու: ԱԺ «Հայաստան» խմբակցությունից միանգամից երեք պատգամավոր զրկվեցին անձեռնմխելիությունից՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթով, շարքով, կարգով դիմել էր խորհրդարան՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության համար։
Փաստորեն, ի՞նչ է ստացվում՝ «Հայաստան» խմբակցությունն այդպես էլ չի միանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենթի գործընթացին, դրա համար բերում է հազար ու մի ծիծաղելի պատրվակ, իսկ այժմ հենց իշխանությունն է քայլ առ քայլ ազատվում, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներից: Իսկ ի՞նչ է մտածում «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կհարցնեք դուք: Իսկ պատասխանը չեք ստանա… Նա հանգստի ռեժիմի մեջ է: Քոչարյանականներին մնում է հիշել արեւմտահայերենով հայտնի երգը՝ մի քիչ փոփոխված. «Քոչարյան, ինչո՞ւ գացիր, Քոչարյան, վերադարձիր…»:
Համենայնդեպս, մինչ այս պահը չի հերքվել, որ նա իր հանգիստն է վայելում Էգեյան ծովում: Իսկ քոչարյանականները հակադարձում են՝ լավ է անում, որտեղ կուզի, կհանգստանա: Էլի լավ է անում, բայց ճի՞շտ է անում… Ու սա այն դեպքում, երբ իշխանություններն իր խմբակցության պատգամավորներին են անձեռնմխելիությունից զրկում, երբ բարձրաստիճան հոգեւորականների են կալանավորում, գործարարներից ունեցվածք են խլում, իսկ Սյունիքի գլխին կրկին վտանգ է կախված: Այսինքն՝ բոլորն անխտիր կրակի մեջ են, իսկ Քոչարյանը՝ ծովի մեջ: Կարծես, նա համակերպվել է բարերար Սամվել Կարապետյանի այն մտքի հետ, որ քաղաքական գործիչներին այլեւս ոչինչ չի հաջողվում: Դրա համար էլ ինքը եկավ ու ասաց, որ «մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», ինչից հետո էլ անմիջապես կալանավորվեց: Ըստ էության, պայքարի քոչարյանական ձեւերը վտանգավոր չէին իշխանության համար, եթե չասենք՝ հարմար էին, իսկ ահա այլ ուժերից նա անմիջապես սարսափեց:
ԻՆՉՈՒ ԱՌԱՋԱՑԱՎ «ՄԵՐ ՁԵՎՈՎ» ՊԱՅՔԱՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս, ի աջակցություն Սավել Կարապետյանի, տեղի ունեցած հավաքն ու երթն էլ ցույց տվեցին, որ «մեր ձեւով»-ի մեջ քոչարյանական յոթ տարի ոչինչ չանելու ձեռագիրն անընդունելի է: Երթի առջեւի շարքերում գնում էին եպիսկոպոսաց դասն ու բացառապես Կարապետյանների ընտանիքը, ինչն իհարկե հուսադրող է: Նույնքան հուսադրող էր Կարապետյանի ուղերձը. «Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ…Ես գիտեմ` ինչպես անել այս ամենը։ Ու անելու ենք միասին։ Մենք միասին ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հենց սա է հային վայել ձեւը»։
Միեւնույն ժամանակ, պետք է նշենք, որ ամեն ինչ այդքան էլ իդեալական չէր, Հայրենիքում՝ այն էլ կալանավորված, Սամվել Կարապետյանը դեռ ներքաղաքական վերջին յոթ տարիների զարգացումներին մանրամասն ուսումնասիրելու կարիք ունի: Երբեմն տպավորություն է, որ անցած հանրահավաքներից, երթերից ու ակցիաներից այդպես էլ դասեր չեն քաղվել, ինչի մասին առնվազն քաղաքական վերլուծաբանները, քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները կոտորվեցին բարձրաձայնելով:
Օրինակ` մարդիկ դժգոհում էին, թե ինչու հանրահավաքի հարթակից ելույթ ունեցավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, ում հանդեպ կա հանրության կողմից ծանր նստվածք դեռ իր սոցապնախարար եղած տարիներից: Կամ` ինչո՞ւ ելույթ ունեցավ նույն խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ մի մարդ, որը 2018-ին Նիկոլ Փաշինյանի հետ էր, ապա խորհրդարանում հայտնվեց իշխանության մանդատով, հետո, իհարկե, հրաժարվեց հարազատ խմբակցությունից, իսկ 2021-ին հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի ցուցակում, այնուհետեւ կրկին դարձավ պատգամավոր: Չէ, ամենեւին էլ ակնարկը միայն սկզբունքայնության մասին չէ, այլ` քաղաքական գործչի հեռատեսության կամ մեղքի իր բաժինն ունենալու: Եվ մի՞թե քաղաքական դաշտն այնքան է ամլացել, որ ընդդիմությունը մնացել է նախկին նիկոլականների հույսին: Նույնքան տարօրինակ էր, որ երթի շարքերում հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կուսակցության ներկայացուցիչները:
Չզլանանք, նորից հիշեցնենք, թե ով էր Էդմոն Մարուքյանը «հեղափոխությունից» առաջ, հիշեցնենք՝ 2017 թվականին ԱԺ ընտրություններին նա առաջնորդում էր «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակը, երկրորդ տեղում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն էր, երրորդ տեղում Նիկոլ Փաշինյանը: Բայց ուշագրավը ոչ միայն այս տրիոյի գաղափարական միասնությունն էր այն ժամանակ, այլեւ` նախընտրական ծրագիրը, որտեղ արտաքին քաղաքական սխալ էին համարում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Ծրագրում նաեւ ընդգծել էին, որ աշխատանքներ կիրականացվեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման այլընտրանքներ գտնելու ուղղությամբ: Սա նշանակում է հրաժարվել ՀԱՊԿ-ից եւ մտնել ՆԱՏՕ, ուրիշ տարբերակ չկա, եթե, իհարկե, ուղիղ թուրք-ադրբեջանական տանդեմին անվտանգության ապահովող չեն դիտարկել: Փաստացի, սա էր Էդմոն Մարուքյանի գաղափարական հիմքը, մինչդեռ հիմա իբր տարանջատվել է Փաշինյան Նիկոլից ու այլ դիրքերից է հանդես գալիս՝ հույսը դնելով, որ, օրինակ, Սամվել Կարապետյանն այդքան չի խորացել, թե ով ով է եղել քաղաքական դաշտում:
ՆԱԽԿԻՆ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ՀՈ ԶՈՌՈՎ ՉԷ՛
Իսկ թե ինչու ԼՀԿ-ականները սողոսկեցին Սավել Կարապետյանին ի աջակցություն իրականցվող երթի շարքերը, բացահայտեց կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը՝ փորձելով դիվիդենտներ քաղել ՀՀԿ-ի ուղղությամբ քարեր նետելով: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա Էդմոն Մարուքյանին ասել է կամ միասին դաշտ են նետել մի պառակտող միտք, թե՝ «Սերժ Սարգսյանը սադրիչներ է ուղարկել՝ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթը հարամելու եւ երթի միասնականությունը պառակտելու նպատակով»:
Վերոնշյալին անդրադարձել է ՀՀԿ ԵԿ անդամ Վահե Մովսիսյանը. «Հաշվի առնելով ժողովրդի համախմբումը ստեղծված ներկա իրավիճակում, կապված ապօրինի ձերբակալվածների, հանձին բարերար Սամվել Կարապետյանի մասով, գործի է անցել ծախու գրչակների խումբը, որոնք իրենց լուսավորներ են կոչում: Էդմոնը, որը նվիրված ծառայում է Նիկոլին տարիներ շարունակ՝ հասկանալով, որ հնարավոր է ընդդիմությանը հաջողվի համախմբվել, ու անգամ կա վարչապետի թեկնածու` առաջադրված ՀՀԿ-ի կողմից, փորձում է նոր պառակտում առաջացնել: Լինելով անսկզբունք ու անհայրենիք գործիչներ՝ Էդմոնը եւ մյուսները տարբեր հոդվածներ են շրջանառում, գոյություն չունեցող թեզեր առաջ բերում, միայն թե իրենց տերերը գոհ մնան ու վճարեն իրենց ամսական գումարները»:
Ընդհանրապես, ստեղծված իրավիճակում աբսուրդ է թիրախավորելը ՀՀԿ-ին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է զրո ամբիցիայի մասին: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ավելի հստակ է բնորոշել իրողությունը. «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի անցկացված երթ-հավաքն ու այնտեղ հնչած ուղերձները վերլուծելու եւ գնահատելու մեծ դաշտ են բացել` առաջին հերթին քաղաքական պրոցեսների շարունակականության եւ իշխանություններին վճռական քաղաքական հարվածներ հասցնելու տեսանկյունից:Չնայած այս հանգամանքին, հայտնի շրջանակները սկսեցին այս հավաքի թեման քննարկել դրա չորրորդական եւ, առաջին հայացքից, որեւէ կարեւորություն չունեցող համատեքստում: Մասնավորապես նշում են, որ ՀՀԿ-ն մեկուսացվեց, որովհետեւ իրենցից ելույթ ունեցող չկար եւ նմանատիպ այլ ցնդաբանություններ:Ի տարբերություն ձեզ, ՀՀԿ-ն 2018 թվականից հետո երբեք էլ առաջնահերթ պլան չի բերել իր` ամեն տեղ նետվելն ու պաշտոնների համար «բազառների» մեջ մտնելը: ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը», եւ մենք քաղաքական ընդդիմախոսների պաշտպանությունն ու իշխանություն փոխելու գործընթացը դիտարկում ենք այդ տեսանկյունից: Այնպես որ, ձեր տեղն ու դերն ամեն ինչից վեր դասելը ձեր «նիշան» է եւ ձեր հաճախորդներին ու քաղաքական վարձկաններին այլ տեղ գործածեք»:
Ահա այս ամենով պայմանավորված է, որ անվստահությունն ամենուր է, բայց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող իմպիչմենթի գործընթացի արդյունք դեռ չկա: Հանրությունն ակնկալում է ոչ թե հանգստի մեջ կորած առաջնորդներ, այլ ռիսկի պատրաստ, սկզբունքային ու գործող քաղաքական պատասխանատուներ։ Իսկ նրանք մեր կողքին են, պարզապես, տեսնել է պետք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
