Իշխանությունները փորձում են լռեցնել սփյուռքին՝ արգելելով մուտքը երկիր - Կարեն Իգիթյան
ՎերլուծությունՏարածաշրջանային հարցերով փորձագետ և քաղաքագետ Կարեն Իգիթյանին արգելվել է մուտք գործել Հայաստան Պյատիգորսկից վերադառնալու ճանապարհին, որտեղ նա մասնակցել է «Կովկասյան երկխոսություն» ֆորումին։ Հայաստան ժամանելուն պես ԱԱԾ սահմանապահները տեղեկացրել են պարոն Իգիթյանին, որ նրան արգելված է մուտք գործել երկիր։ Քաղաքագիտական և փորձագիտական գործունեությունից բացի Կարեն Իգիթյանը Հայ-ռուսական համալսարանի դասախոս է։
Մեզ հաջողվեց կապ հաստատել պարոն Իգիթյանի հետ և զրուցել նրա` երկիր մուտք գործելու արգելքի պատճառների, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ նրա տեսլականի մասին։
- Պարոն Իգիթյան, դուք վերադառնում էիք «Կովկասյան երկխոսություն» ֆորումից, երբ ձեզ արգելեցին մուտք գործել Հայաստան։ Ձեր կարծիքով, ո՞րն էր արգելքի պատճառը։ Ձեր ելույթը ֆորումում, թե՞ լրատվամիջոցներում Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանությանը նվիրված ելույթները։
- Դժվար է նշել ճշգրիտ պատճառը։ Մենք գործ ունենք Հայաստանի ընդհանուր իրավիճակի հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում արդեն որոշ ժամանակ է՝ տեղի են ունենում ձերբակալություններ և ազատազրկումներ։ Մարդկանց լռեցնում են։ Եվ, հավանաբար, ստալինյան բռնաճնշումներից ի վեր առաջին անգամն է, որ հոգևորականները հայտնվել են բանտերում քաղաքական մեղադրանքներով։
Կանանց նույնպես ձերբակալում են, ինչը անսովոր է Հայաստանի համար, ավելի ճիշտ` անընդունելի ։ Օրինակ՝ Լիդիա Մանթաշյանը ձերբակալված է։ Ամենայն հավանականությամբ, խոսքը այն մասին է, որ իշխանությունները փորձում են խնդիրներ ստեղծել, լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր արտահայտում են իրենց քաղաքականությանը հակառակ կարծիքներ։
-Այս քաղաքական հետապնդումները, ձերբակալությունները, եկեղեցու վրա հարձակումները... Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետագա զարգացումը։
-Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կշարունակի այս քաղաքականությունը, քանի որ այս ամենը շատ խորը ենթատեքստ ունի։ Սա նաև գաղափարական առճակատում է Փաշինյանի և հայ եկեղեցու ու այլ հայկական կուսակցությունների միջև։ Մյուս կողմից` այս բոլոր իրադարձությունների համար կա արտաքին համատեքստ։ Ադրբեջանի և Փաշինյանի կողմից համակարգված կամ, եթե ոչ համակարգված, ապա միաժամանակյա հարձակումը հայկական եկեղեցու վրա։ Երկու կողմերն էլ գրեթե զուգահեռ մեղադրում էին Հայ Առաքելական եկեղեցուն բոլոր մահացու մեղքերի մեջ։ Այս բռնաճնշումների ալիքն սկսվեց Փաշինյանի` Թուրքիա կատարած կայծակնային այցից հետո։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այս բոլոր իրադարձություններում կա նաև արտաքին համատեքստ։
-Կարծում եք՝ սփյուռքը կարո՞ղ է ինչ-որ կերպ ազդել իրավիճակի վրա։
- Հարցը հենց նրանում է, որ մուտքի սահմանափակման այս մեխանիզմը կիրառվում է հիմնականում սփյուռքի դեմ, և շատ կարևոր է ընդգծել, որ սա կիրառվում է բոլորովին տարբեր երկրներից եկած հայերի նկատմամբ` Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների։
Փաստացի այս բոլոր մարդկանց միավորում է այն, բացի մուտքի արգելքի ցուցակից, որ նրանք արտահայտում են իրենց դիրքորոշումը, համաձայն չեն կառավարության քաղաքականության հետ և նշում են, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղության չեն պատրաստվում Հայաստանի հետ։ Սա, հավանաբար, ամենակարևորն է։
Հայաստանում իշխանությունները տարածում են այն հռետորաբանությունը, որ խաղաղություն կլինի, և նրանք ամեն ինչ արել են դրա համար։ Բայց նրանք ճիշտ նույն բանն են ասում, ինչ 2021 թվականին։ Եվ մենք գիտենք, թե ինչպես դա ավարտվեց. ագրեսիա Հայաստանի դեմ և էթնիկ զտումներ Արցախում։
Հիմա նույն բանն է։ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ծախսերը։ Այն խստացրել է իր հռետորաբանությունը Հայաստանի՝ որպես պետության վերաբերյալ։ Եվ մենք չենք տեսնում որևէ ազդանշան, որ Ադրբեջանը պատրաստվում է խաղաղության։ Եվ այն ազդանշանները, որ այնտեղ պատրաստվում են պատերազմի, ակնհայտ են։
- Ֆորումում դուք խոսեցիք Թուրքիայում ռադիկալիզացիայի տարածման մասին։ Ի՞նչ կոնկրետ գործընթացներ են քննարկվել, և ինչպե՞ս կարող են դրանք ազդել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա։
-Ես խոսում էի այն մասին, որ Թուրքիան ռադիկալիզացիա է տարածում մասնավորապես Կովկասում, քանի որ մեր քննարկումներում սահմանափակվեցինք Կովկասով, բայց եթե ավելի լայն խոսենք, ապա սա ներառում է նաև Կենտրոնական Ասիան։
Թուրքիայից եկող ռադիկալիզմը տարածվում է երկու ուղղություններով։ Մի ուղղությունը` պանթյուրքիզմն է իր ամենաարմատական ձևերով, որը խոսում է թուրքերի գերազանցության մասին։ Այն մասին, որ այն պետությունները, որոնց կազմում ապրում են թյուրքալեզու ժողովուրդները, ըստ էության պետք է ոչնչացվեն, և այդ տարածքները պետք է միավորվեն միասնական թուրքական կայսրության տիրապետության ներքո։
Մյուս կողմից` արմատականությունը տարածվում է նաև Թուրքիայից, և արմատական շարժումների հիմնական քարոզիչները, որպես կանոն, թաքնվում են Թուրքիայում։ Ավելին`ես մեջբերեցի Ռուսաստանի պաշտպանության նախարարի, Ռուսաստանի նախագահի և այլ կառավարական ու քաղաքական գործիչների մի շարք խոսքեր այն մասին, որ, օրինակ, Չեչնիայում 20 տարի առաջ ոչնչացված միջազգային ահաբեկիչների մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Այս մասին խոսել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։ Նաև, որ այս ամբողջ ահաբեկչական ընդհատակը թաքնվում է Թուրքիայում՝ հատուկ ծառայությունների կողմից պահպանվող տարածքներում, որոնք հետո ներթափանցում են Ռուսաստան։ Այս մասին խոսել է Ռուսաստանի նախագահը։ Կան բազմաթիվ ապացույցներ, որ Թուրքիան ռադիկալիզմի օջախ է։ Ես խոսեցի դրա մասին։
-Որո՞նք են ձեր ապագա ծրագրերը։ Ինչո՞վ եք զբաղվելու և արդյո՞ք պայքարելու եք այս արգելքի դեմ։
-Ես կպայքարեմ։ Դեռ պարզ չէ, թե ինչով եմ զբաղվելու, քանի որ վերջին տասնվեց տարին ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Այսինքն՝ իմ ամբողջ կյանքը կապված է Հայաստանի հետ։ Հիմա ինձ թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան։ Պետք է մտածեմ, թե ինչ անեմ հաջորդիվ, դեռ որևէ ծրագիր չունեմ։
