«ՇԱՏ ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՂԹԵԼ ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ, ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական լրագրողը հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել վերջերս Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած «Իրակլի Աբաշիձեի» անվան Բռնցքամարտի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած կաշվե ձեռնոցի մարտիկ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Աբովյան քաղաքից ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Արթուր, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ 60 կգ քաշային կարգում եմ հանդես եկել։ Ընդհանուր երեք մենամարտ եմ անցկացրել։ Մեկնարկում մրցակիցս Թուրքմենստանի ներկայացուցիչն էր, նրան մի քանի անգամ նոկաուտի ենթարկեցի, մրցավարները դադարեցրին մենամարտը, գրանցվեց վաղաժամ հաղթանակ։ Երկրորդ մենամարտում 3։2 հաշվով հաղթեցի ազգությամբ թուրք մրցակցիս։ Սա առավել բարդ մենամարտն էր այն առումով, որ մրցավարները դժվարությամբ էին միավորներ տալիս։ Իսկ ահա եզրափակչում հաղթեցի մեր հայրենակցին։Շատ ուրախ եմ ու հպարտ, որ կարողացա հաղթել հատկապես թուրք մրցակցիս։ Երբ իմացա, որ մրցակիցս թուրքն է լինելու, միայն մտածում էի հաղթանակի մասին, այլ տարբերակ չէր էլ կարող լինել։ Ճիշտ է, սպորտ է, սակայն սա պատվի հարց է, շատ ուրախանում ես, երբ կարողանում ես պարտության մատնել թշնամի երկրի ներկայացուցչին։ Սա շատ կարևոր հաղթանակ էր ինձ համար։
Հաղթանակս նվիրում եմ հարազատիս, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմում, ամենաթեժ կետում Ջրականում հերոսաբար անմահացած ԷԴՄՈՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Միշտ պարտավոր ենք հիշել մեր բոլոր անմահ հերոսներին, քանի որ մեր այս հաղթանակների համար պարտական ենք նրանց։
- Շնորհակալություն, Արթուր, հետաքրքիր զրույցի համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Շատ զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
