Ֆրանսահայ վրձնի կարոտն ու հիշողությունը՝ Վանաձորում
ՄշակութայինՀուլիսի 1-ին Վանաձորի կերպարվեստի թանգարանում բացվեց բացառիկ ցուցադրություն՝ մասնավոր հավաքածուի մաս կազմող ֆրանսահայ կերպարվեստի ակնառու ներկայացուցիչների աշխատանքներից՝ Ժանսեմ, Գառզու, Էդգար Շահին, Տիգրան Փոլադ, Արմենակ Միսիրյան, Սերժ-Սեդրակ Աղաբաբյան և այլոք:
«Այսօր մեր առջև բացվում է մի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ հատվում են սերունդներ, մշակույթներ և ժամանակներ։ Մենք մեծ սիրով ենք ձեզ ներկայացնում ֆրանսահայ արվեստագետների այս ցուցահանդեսը։ Ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել հավաքորդ Տիգրան Անտոնյանին, որ ցուցադրության առաջինը ներկայացնելու պատիվն ընձեռեց մեր թանգարանին»,- ողջույնի խոսքում նշեց թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը:
Ներկայացված աշխատանքների վերաբերում են տարբեր ժամանակների ու հեղինակների, բայց բոլորն էլ մեկ բան ունեն՝ կապված են հայ ինքնության, մշակույթի ու ստեղծագործ ոգու հետ։ Սա մի հրավեր է՝ կանգ առնելու, դիտելու, զգալու։
Ֆրանսահայ արվեստը եվրոպական արվեստի կարևոր դրսևորումներից է, որոնք միաձուլել են Արևելքի խորքն ու Արևմուտքի ոճը՝ ստեղծելով գործեր, որոնք խոսում են կարոտի, հիշողության ու պայքարի մասին: Ֆրանսահայ արվեստը ոչ միայն հայ ժողովրդի ստեղծագործ ոգու արտահայտությունն է, այլև մի կամուրջ՝ մշակութային երկու հզոր երկրների` Հայաստանի և Ֆրանսիայի միջև։ Ֆրանսահայ արվեստագետների գրչով, վրձնով ու երևակայությամբ գծագրված այս աշխարհը ծնվել է հեռու հայրենիքից, բայց իր սրտի կենտրոնում պահել է Հայաստանը։
Ցուցադրությա կարևոր մեխերից է Ժանսեմի՝ Հարություն Սեմերջյանի արվեստին նվիրված անկյունը: Մշտապես խոր հոգեկան ապրումներ փնտրող նկարչին ֆրանսիական տեսաբանության մեջ թեև անվանում էին միզերաբլիստ՝ թշվառների նկարիչ, այդուհանդերձ, նրա մոտ ավելի շատ կարոտի ու անցյալի վերապրումների արտահայտություններն են շատ: «Ջոելի դիմանկարը», «Նստած կինը», «Երեխան աթոռին» գծանկարներում պարզորոշ երևում է նկարչի առանձնահատուկ ձեռագիրը և մարդկանց տխրությունը, միայնությունը, ճնշվածությունը արտացոլելու նախապատվությունը: Ցուցադրության մեջ մի ամբողջ պատ հատկացված է Ժանսեմի լիտոգրաֆիաներին, որոնք նրա արվեստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում. nերկայացված են «Արքաներ և լեգենդներ» և «Լեգենդներ» շարքերը:
Ներկայացված հավաքածուի մեջ ներառված են այլ ֆրանսահայ, հայ ֆրանսիացի հեղինակների աշխատանքներ ևս, որոնք ամբողջության մեջ պատկերացում են տալիս հավաքորդի գեղարվեստական ճաշակի ու հայ արվեստը գնահատելու և արժևորելու հատկանիշների մասին: Ցուցահանդեսում ներկայացված են 42 գեղանկար և գրաֆիկական աշխատանքներ, որոնք կերպարվեստի թանգարանի ցուցասրահում կցուցադրվեն մինչև հուլիսի 16-ը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
