ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐԶԻՉ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ 6-ՐԴ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՍպորտԱյսօր, հուլիսի 5-ին, Հայաստանի սպորտի դարբնոց համարվում Գյումրիի մարզամշակութային կենտրոնում կայացավ լեգենդար մարզիչ ԱՇՈՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ անվան 6-րդ հուշամրցաշարի բացման պաշտոնական արարողությունը։
Iravunk. com -ի մարզական լրագրողը ներկա է գտնվել։ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում ընդգրկված մրցաշարին այս տարի մասնակցում են 165 մարզիկներ։ Աղջիկների մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցում է 25, իսկ պատանիների մրցաշարին 140 մարզիկ։ «Աշոտ Մխիթարյանը մեծ վաստակ ունի հայկական ծանրամարտում։ Նրա ավանդը մեծ է թե պատանեկան թիմերում և թե մեծահասակների հավաքականում։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ուրախ է աջակցելու այս մրցաշարի կայացմանը։ Լիահույս ենք, որ հենց նմանատիպ մրցաշարերի շնորհիվ ի հայտ կգան նոր անուններ, որոնք կհամալրեն մեր հավաքականների կազմերը», - իր ելույթում նշեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի կողմից հատուկ պարգևների արժանացան Աշոտ Մխիթարյանի անձնական սաները մարզիչներ Ալեքսան Կարապետյանը, Հարություն Եղոյանը, անվանի մարզիկներ Տիգրան Մարտիրոսյանը, Մակար Թամրազյանը, Արա Խաչատրյանը և այլք։ Հուշամրցաշարը կկայանա 2 օր, հուլիսի 5-6-ին։ Ի դեպ, նշենք, որ այս օրերին Գյումրիում ուսումնամարզական հավաքի են մասնակցում ծանրամարտի մեծահասակների հավաքականի անդամները, նրանք պատրաստվում են Աշխարհի առաջնությանը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
