Վայ մեզ, որ հակոբմովսեսներն են մերօրյա մտավորականները. ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք«Հովիկ Աղազարյանի հույսին մնաք դուք, լա՞վ չէին Ֆիլիպ Կիրկորովն ու Սոբչակը, Իգոր Կրուտոյը: Հիմա էլ նրան եք ուղարկել, որ Հայաստանի դեմ սուտ մատնություն տա»,- այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ։ Միայն թե պարզ չէ՝ ո՞վ է մնացել Հովիկ Աղազարյանի հույսին: Իր ՔՊ-ն չի՞ բերել Հովիկ Աղազարյանին խորհրդարան, այդ ՔՊ-ն չէ՞ր մնացել նրա հույսին, որ բոլոր անհասկանալի իրավիճակներում նա էր փորձում ապահովել օրվա լրահոսի հետաքրքիր գլխագրերը: Իսկ գուցե Եղոյանը հենց Նիկոլ Փաշինյանի՞ն է կշտամբում Աղազարյան Հովիկի հույսին մնալու եւ խորհրդարան բերելու մեջ:
Իսկ իր վերջին հարցազրույցներից մեկում «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ հայտարարել է, որ կարծում է՝ մինչեւ 2026 թվականը կգրանցվեն՝ որպես կուսակցություն, ավելին՝ մասնակցություն կունենան խորհրդարանական ընտրություններին: Եվ դեռ առաջին քայլերը չարած՝ քաղաքական դաշտում, Չալաբյանը նաեւ նշել է, որ Փաշինյանի այլընտրանքը չպետք է լինեն նախկին նախագահների առաջնորդած քաղաքական ուժերը, քանի որ իրենց վարկանիշը՝ միասին վերցրած վերջինից ցածր է: «Չալաբյանը, չունենալով 0000,1 տոկոս ռեյտինգ, ուզում է 3-րդ նախագահին գնահատական տալ: 168-ի տաղավարում նոր տեսա Ավետիք Չալաբյանի բողոքները ու, իհարկե, չզարմացա, ինձ համար դա նորություն չի, որ որոշների համար ավելի կարեւոր է Սերժ Սարգսյանին մեղադրելը, քան Նիկոլին: Ախր, նախկին իշխանության գոյությամբ քաղաքական դաշտում «խանգարելու» մասին թեզը բերողը չի կարող ընդդիմադիր լինել , նա մաքսիմում կարող է իշխանամետ լինել: Եթե դու չունես մարդկանց ռեյտինգի 1 տոկոսը, ո՞ւր ես մտնում էդ դաշտ, ես իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞վ է տարբերվում, օրինակ, Չալաբյանը Մարուքյանից, իրոք, չգիտեմ»,- հարց է բարձրացնում Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը: Թե ինչով է տարբերվում, հիշեցնենք՝ Արցախի հանձնման օրհասական պահին «Հայաքվե»-ն ստորագրահավաքներով ժողովրդի զգոնությունը թմրեցնում էր, մարդիկ էլ հավատում էին, որ սերտիֆիկատ ստանալով՝ Արցախ են փրկում, այսպիսի քայլ անգամ Մարուքյանը չի արել:
Գրող եւ մշակույթի նախկին նախարար ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍՆ էլ հայտարարել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կաթողիկոսը, իմ կարծիքով, պետք է հրաժարական տա, սա կլինի արտակարգ լուծում այս հարցի, սա նաեւ իմ` քրիստոնյայի, իմ որդիական խնդրանքն է»։ Չէ, երկրում, իրոք, ուրացման շքերթ է: Իսկ որտե՞ղ էր Հակոբ Մովսեսի «որդիական խնդրանքը» Սուրբ Էջմիածնի կողմից տրվող «Կանթեղ» մրցանակը ստանալիս եւ «Շողակաթ» ՀԸ-ով հարցազրույց տալիս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը հիշեցնում է. «2005 թ․ Հակոբ Մովսեսն արժանացավ Հայաստանի գրողների միության եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից տրվող «Կանթեղ» մրցանակին։ 2016 թ․ «Շողակաթ» հեռսուստաընկերությամբ հարցազրույց էր տալիս՝ գովերգելով Հայ Եկեղեցուն։ Այդ ժամանակ նրա մտքով չէր անցնում ու չէր բարձրաձայնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, ընդհակառակը՝ համագործակցում էր Մայր Աթոռի հետ՝ աջակցություն ստանալու ակնկալությամբ, եւ ինքնաներկայանում որպես Եկեղեցու գործընկեր-մտավորական… Ինչպե՞ս կարելի է ներբողական կեցվածքով ծառայել աղետալի հետեւանքներով պատերազմում տապալված վարչակարգին եւ նրա հետ ձայնակցել՝ միաժամանակ քարկոծելով Եկեղեցուն ու Կաթողիկոսին, իբր դա է «արտակարգ լուծումը»։ Ի՞նչ ասես, վայ մեզ, որ հակոբմովսեսներն են մերօրյա մտավորականները:
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը
