Եվրոպային այսօր Հայաստանում միայն հակառուսականությունն է հետաքրքրում. Արամ Մանուկյան
ՆերքաղաքականՕրվա իշխանության վարած արտաքին քաղաքականության շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, Գերագույն խորհրդի, ապա ԱԺ մի քանի գումարումների նախկին պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
— ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի վրա հոխորտում է, թե՝ մի խառնվեք մեր ներքին գործերին: Ի՞նչ կասեք այս մասին:
— Այսօրվա իշխանությունների միակ թիրախը Ռուսաստանն է: Ի դեպ, Հայաստան եկավ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կալասը եւ նրա ամբողջ ուղղորդումը հակառուսականության շեշտի վրա էր: Այսինքն` Եվրոպային Հայաստանում այսօր միայն հակառուսականությունն է հետաքրքրում, դա է իրենց նպատակը։ Ուկրաինայի պատերազմից հետո՝ ամբողջ մեր հարաբերությունները Եվրամիության հետ եղել է հակառուսականության ֆոն ստեղծելու համար:
Վերադառնալով ձեր հարցին՝ ասեմ, որ այնպես չէ, որ Ռուսաստանը չունի արժանիքներ՝ իրեն քննադատելու համար: Բայց, եթե այդպես համարձակ Միրզոյանը սպառնում է Լավրովին, որ թող չհամարձակվեն մեր ներքին գործերին խառնվել, շատ լավ է, բայց Ալիեւն էլ է մոտավորապես նույն բանն ասում, ինչո՞ւ ասվածի 1/10–ը չի ուղղում Ալիեւին, դրա 1/100-ը՝ Էրդողանին կամ Կալասին։ Հիմքեր չկա՞ն Էրդողանին մեղադրելու կամ Իսրայելին, որ ամբողջ պատերազմն իրենք ղեկավարեցին, ինստրուկտորներն իրենք էին, զենքը իրենցն էր, Ադրբեջանը մեզ հաղթել է այդ 2 երկրի բացահայտ եւ անթաքույց աջակցությամբ: Եվ դու այնքան անարժանապատիվ ես, որ գնում ես այդ երկրներ՝ միայն քծնանքի ճանապարհով:
— Բայց Հայաստանում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծելու թիվ մեկ կողմնակիցը եղել է Հայոց համազգային շարժումը, ապա Կոնգրեսը…
— Եվ միշտ քննադատվել ենք այդ դիրքորոշման համար ազգայնականների կողմից, շատ քիչ տոկոսներ ենք ստացել ընտրություններում: Այո՛, խաղաղության գործընթացի եւ Թուրքիայի հետ սահմանը բացելու, դիվանագիտական եւ տնտեսական հարաբերություններ ունենալու կողմնակիցն ենք եղել։
— Այդ դեպքում՝ այս հարցում ո՞րն է Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի սկզբունքային տարբերությունը:
— Ամեն ինչ շատ պարզ է՝ մենք արժանապատիվ, գործընկերային խաղաղության կողմնակից ենք: Նայեք, Տեր-Պետրոսյանի հանդիպումները Դեմիրելի հետ, արժանապատիվ կեցվածքով էր, հարաբերություններ՝ հավասարը հավասարի հետ: Ընդ որում՝ այդ հարաբերությունները եղել են բազմավեկտոր, բոլորի հետ: Մենք Եվրոպական կուսակցության անդամ ենք, Հայ ազգային կոնգրեսը դեռ ՀՀՇ-ից սկսած՝ Եվրոպայի լիբերալների կուսակցության անդամ է: Այսինքն` մեզնից շատ եւ մեզնից շուտ ոչ ոք չի ասել մեր ճանապարհը, մեր քաղաքակրթությունը Եվրոպայի հետ է, բայց հաճախ նաեւ սլաքները դրա վրա է ուղղվում։
— Ավելին՝ ասում են` Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի երազանքը:
— Երանի իրականացներ: Բա թող իրականացներ, արժանապատվությունն ո՞ւր է: Մենք երբեւէ Եվրոպայում, Թուրքիայում, Ադրբեջանում, Սեւծովյան համագործակցությունում, որտեղ տարիներ շարունակ աշխատել ենք, որեւէ այլ երկրի դեմ չենք աշխատել: Մենք Ռուսաստանում թուրքերի դեմ չենք աշխատել, Թուրքիայում Ֆրանսիայի դեմ չենք աշխատել, ֆրանսիացիներին չենք ուղղել ռուսների դեմ: Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է միջնորդ ՝այլ երկրների խնդիրները իրականացնելու մեկ այլ երկրի նկատմամբ: Սա դիվանագիտական կոլապս է: Մենք Իրանի հետ ունեինք նորմալ, ռազմավարական հարաբերություններ, նույնը Ռուսաստանի, Եվրամիության, Միացյալ Նահանգների հետ: Հիմա խնդրում եմ ասեք` դրանցից ո՞րն է մեր ռազմավարական ընկերը:
— Երեւի, Ֆրանսիան, Մակրոնը ողջունում է Փաշինյանի քայլերը, իշխանությունն էլ ոգեւորված է դրանով:
— Մակրոնը ողջունում է նաեւ Ադրբեջանի բոլոր գործողությունները եւ մեզ ստիպում է գնալ թուրքերի հետ միակողմանի զիջումների։ Թուրքիան եւ Ֆրանսիան ունեն տնտեսական մեծ բյուջե: Ֆրանսիան հենց այսօր 600 միլիոն դոլարի էներգետիկ ծրագիր է իրականացնում Նախիջեւանում։ Նպաստում է Ադրբեջանի նավթի եւ գազի մուտքին ՆԱՏՕ-յի եվրոպական 6 երկրներում։ Ֆրանսիան Ադրբեջանի «Սոկարի» բաժնեմասի տերն է: Չեմ ասում՝ լավ է, թե վատ, բայց Ֆրանսիան, իր երկրի շահերից ելնելով, շատ լավ հարաբերություններ է պահում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ նաեւ Հայաստանի հետ։ Մեզ թվում է, մենք ուզում ենք, որ այդպես լինի, թե՝ Ֆրանսիան մեր միակ ընկերն է: Ախր դա հավկուրություն է, պուճուրություն է, որ դու չես տեսնում, թե քո շուրջն ինչ է կատարվում: Ի՞նչն է խանգարում լինել ե՛ւ Մակրոնի գործընկերը, քանի որ Ֆրանսիայում մեծ համայնք ունենք եւ ֆրանսիական շահերը շատ հաճախ համընկնում են հայկական շահերի հետ, ե՛ւ հարաբերություններ փորձել կարգավորել Ադրբեջանի հետ: Միակ կողմնակիցն ենք դրա, բայց մի՛ պառկի տակները, մի՛ նվաստացիր, քո երկրի արժանապատվությունը մի՛ ոտնահարիր, մի՛ ուրացիր քո պատմությունը: Ո՞վ էր ստիպում իրեն ցեղասպանությունը մերժել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
