ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՍԻՐԻԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ
ՎերլուծությունԱլիեւի համար, իհարկե, աշխարհաքաղաքական փոփոխությունների գնալու հարցում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=317255&l=am) շարունակում է առաջնային մնալ, թե ի՞նչ ծավալի օգնություն կստանա Էրդողանից: Անկարան, իհարկե, հարավկովկասյան ուղղությամբ իր դիրքերը դեռ ամուր է համարում եւ հազիվ թե առանց պայքարի տարածաշրջանի վերահսկողությունը հանձնի Մոսկվային:
Բայց մյուս կողմից էլ, շատ նման է, որ նոր մարտահրավերները, որոնց առաջ ներկայումս կանգնած է Էրդողանը, նոր շրջադարձերի կտանեն: Ու շատ բան այստեղ կապված է այն ներքաղաքական իրավիճակի հետ, որը, անգամ Ստամբուլի քաղաքապետի այդքան աղմուկ հանած ձերբակալությունից հետո դեռ միայն զարգանում է լարվածության ուղղությամբ:
Իրականում, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի եւ Էրդողանի մյուս հակառակորդների դեմ բռնաճնշումները անհետեւանք չեն անցնում։ Նախորդ ընտրություններում Թուրքիայի առաջնորդը առանց այդ էլ հազիվ հաղթեց: Սակայն այդպես էլ չհաղթահարվող տնտեսական ճգնաժամը, դրա արդյունքում ժողովրդականության նոր անկումը, դրանից բխող՝ բռնությունների ալիքը, հաջորդած վարկանիշային նոր անկումները փակ օղակի մեջ են ներքաշել Էրդողանին: Բռնաճնշումները շարունակվում են, եւ վերջին դրվագով էլի հարյուրավոր զինվորականների եւ այլ անձանց դեռ միայն անցած ամիս նա բանտ ուղարկեց: Նոր վարկանիշային անկում է հաջորդում, կհետեւեն նոր ճնշումներ, եւ այսպես շարունակ. արդեն տեւական ժամանակ է, որ այս օղակից ելք Էրդողանը չի գտնում:
Ու նման է, որ կփորձի այդ կորուստները փոխհատուցել դրսում ունեցած հաջողություններով՝ հետեւելով Նեթանյահուի օրինակին: Այն է՝ երկրի ներքին քաղաքական տիրույթի մաքրում ՝ արտաքին քաղաքականության արմատականացման միջոցով։
Բայց այս դեպքում էքսպանսիայի ամենահավանական թիրախը Սիրիան է, որտեղ տարօրինակ վիճակ է: Այսպես, թեեւ այն տպավորությունն է, որ Սիրիայում Էրդողանին հավատարիմ ռեժիմն է իշխանության եկել, թուրքամետ ուժերը առաջընթաց են գրանցում, սակայն կան այդ տպավորությանը հակասող մի շարք էական դրվագներ: Նախ, թեեւ Էրդողանն արգելափակեց Թուրքիայի տարածքով Իրանին Իսրայելի, ասենք նաեւ՝ ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը, սակայն սիրիական իշխանությունները միանգամայն հակառակն արեցին։ Ապա նաեւ, այդ նույն իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին Հոլանի բարձունքների նկատմամբ հավակնությունից՝ այդ տարածքը փաստացի հանձնելով Իսրայելին: Այն դեպքում, երբ Էրդողանը քանիցս խոսել է Սիրիայի տարածքային ամբողջականության օգտին: Թրամփն էլ, որպես պարգեւ, չեղարկեց Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները, ինչին Էրդողանն էլ էր փորձում հասնել, բայց չկարողացավ: Սա արդեն թափանցիկ ակնարկ էր, թե իրականում ով է սիրիական ներկա իշխանությունների համար «հարց լուծող»: Վերջապես, սիրիական ներկա իշխանությունները նաեւ քրդերի հանդեպ են առնվազն լոյալ կուրս վերցրել, այն դեպքում, երբ հենց «քրդական հարցը», ավելի կոնկրետ՝ Քուրդիստանի հարցը Իսրայելի հիմնական խաղաքարտերից մեկն է՝ Մերձավոր Արեւելքի ապագա ճարտարապետության հարցում: Ու նաեւ՝ Թուրքիայի հիմնական մտահոգությունը:
Այսինքն, այն հիմնական տպավորությունն է, որ այս պահին «քրդական հարցի» լուծման փորձերը Էրդողանի համար դառնում են հիմնական նախապատվություն: Երկու իմաստով. միանգամայն ռեալ դարձած վտանգի չեզոքացում եւ այդ ֆոնին՝ իդեալական միջոց ներքին քաղաքական «մաքրագործման» համար: Այն է՝ Էրդողանի կուրսին դեմ հանդես եկող բոլոր ներքին լիբերալ ուժերը կմեղադրվեն Քուրդիստանին աջակցելու մեջ եւ կենթարկվեն քաղաքական ստերիլիզացման: Սիրիայի հյուսիսում հատուկ գործողության իրականացումն էլ կամրապնդի Էրդողանի դիրքերը անվտանգության բլոկում:
Ամեն դեպքում, Սիրիան Էրդողանի «Մեծ Թուրան» ստեղծելու ջանքերի ամենահավանական ուղղությունն է։ Իհարկե, նա կհանդիպի Իսրայելի դիմադրությանը։ Թել Ավիվի համար Անկարան շատ ավելի վտանգավոր մրցակից է, քան` Թեհրանը։ Ի վերջո, Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ է, այլեւ տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակ ունեցող պետություն, այդ թվում՝ ռազմական տեխնոլոգիաներ։ Եվ, ի թիվս այլ բաների, այն հակված է աջակցել իսլամական արմատականներին, որոնք անմիջական սպառնալիք են ներկայացնում հրեական պետության գոյության համար։
Մի խոսքով, որ թուրք-իսրայելյան բախման հավանականությունը, եթե Իսրայելը հրաժարվի Իրանի հետ միանգամայն ծանր երկրորդ պատերազմից, կարծես թե դառնում է չափազանց իրատեսական: Ընդ որում, այս դեպքում շատ հետաքրքիր է, թե Ալիեւը, որ համառորեն փորձում էր հաշտեցնել իր երկու դաշնակիցներին, ո՞ր կողմին կնախընտրի: Բայց անկախ դրանից, կովկասյան հարթակում սեփական խաղն առաջ տանելու հարցում Ալիեւը հազիվ թե այս պահին կարողանա «մեծ եղբոր» մասշտաբային օժանդակության վրա առանձնակի խաղադրույքներ կատարել:
