Սպերցյանը ոչ միայն «Կրասնոդարի» լեգենդն է, այլև մարդ, ում սիրում են քաղաքում. «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ
Սպորտ
«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։
«Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, ում սիրում են քաղաքում», – ասել է Մուսաևը։
Մարզիչը նշել է, որ ամառային արձակուրդի ընթացքում զրուցել է Սպերցյանի հետ առաջիկա մրցաշրջանի մասին։
«Ես ասացի նրան՝ ինչ էլ որ լինի քո կյանքում, դու հիանալի կարիերա կունենաս։ Քո առջև երկու լավ տարբերակ կա՝ մեկնել արտասահման կամ մնալ տանը։ Բայց մենք բոլորս ցանկանում ենք, որ Էդուարդը շարունակի իր անունը գրանցել հարազատ ակումբի պատմության մեջ», – ավելացրել է նա։
