ԱԼԻԵՎԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՊՈՒՐՎԵԼ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՅՍՊԵՍ «ԷՍՏԻ ՀԱՄԵՑԵՔ» ԵՆ ԱՆՈՒՄ
ՎերլուծությունՆախօրեին ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին կոչ հնչեցրեց՝ այրել Բաքվում ռուսական դեսպանատունը՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի անդամների աղմկահարույց ձերբակալությունների պատմության հետ: «Մեր հինգ հայրենակիցներ սպանվել են, բայց Ռուսաստանի դեսպանատունը չի այրվել: Իրենց հարգող ազգերը քարը քարի վրա չէին թողնի այս դեսպանատանը»,- գրել է նա: Տեսնես ի՞նչ է մտածում Աֆղանը՝ դրանից հետո ոչ թե Մոսկվայում ադրբեջանական դեսպանատան, այլ, առհասարակ, Բաքվում «քարը քարի վրա» կմնա՞: Բայց չնայած հետեւանքներին, միայն այն, որ Բաքվում նման կոչեր կան, արդեն իսկ շատ բանի մասին է ակնարկում:
ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԹՇՆԱՄՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ
Ամեն դեպքում, ներկայումս ունենք նման իրողություն՝ ինչպես Նիկոլ Վովայիչը, այնպես էլ Իլհամ Հեյդարովիչն այս պահին ռուսական քաղաքական լրատվամիջոցների, քաղաքագիտական աղբյուրների եւ ազգայնական թեւի ամենասուր քննադատության թիրախում են: Պատահակա՞ն է, որ հենց նույն պահին, դեռ կհասնենք: Մինչ այդ, ֆիքսենք, թե ինչ է կատարվել:
Նիկոլի պարագայում պատկերն ավելի հասկանալի է. տարիների հակառուսական արշավներից եւ արեւմտամետ քայլերից հետո նա հասավ ՌԴ քաղաքացի հանդիսացող Սամվել Կարապետյանի ձերբակալությանը եւ Հայ եկեղեցու դեմ արշավանքներին: Ռուսաստանում դա գնահատում են, որպես ռուսական վեկտորից վերջնական թռիչքի եւ քաղաքական ուղղվածությունը ոչ թե նույնիսկ Արեւմուտք, այլ դեպի Թուրքիա շրջելու մեծ ծրագրի վերջին էտապը: Ռուսական մի շարք աղբյուրներ էլ կարծում են, որ եթե այս ամենը Նիկոլը կարողանա մարսել, ապա կհաջորդի ՀԱՊԿ-ից եւ ռուսական ինտեգրացիոն այլ կառույցներից պաշտոնապես Հայաստանի դուրսբերումը, ռուսական ռազմաբազայի հեռացումը, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ «հաշտությունը», եւ վերջ, խաղն այդքանով կավարտվի: Թե մինչ այդ կամ դրանից հետո Մոսկվան ինչ կարող է անել, դա արդեն այլ թեմա է:
Ադրբեջանի պարագայում էլ, նման է, որ իրավիճակը զարգանում է դեռ անցած տարեվերջին ինքնաթիռի կործանման պատմությանը հաջորդած՝ Ադրբեջանի կողմից ՌԴ-ի հետ հարաբերությունները սրելու պատմության տրամաբանությամբ: Այսինքն, Մոսկվան Ալիեւի հետ լեզու գտնելու մի շարք փորձերից հետո անցավ որոշակի գործողությունների, որոնցից վերջինը Եկատերինբուրգի պատմությունն էր: Այն է, Եկատերինբուրգում քննչական գործի շրջանակներում մահացան ՌԴ քաղաքացի հանդիսացող ադրբեջանցիներ. ըստ ռուսական նախնական տվյալների՝ երկու, ադրբեջանականի՝ հինգ հոգի, շատերին ձերբակալեցին, եւ կայացվում է կալանքի որոշում: Բաքուն միանգամից անցավ սրացման. Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն ՝ խիստ, անգամ՝ վիրավորական բնույթի բողոքի նոտա հանձնելով, չեղարկեցին ռուս պաշտոնյաների այցերը Ադրբեջան եւ ադրբեջանցիներինը՝ Ռուսաստան, արգելեցին ռուսական մշակութային եւ այլ միջոցառումները, եւ այդպես շարունակ: Ու սա այն դեպքում, երբ անգամ ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Եկատերինբուրգում ՌԴ ԱԴԾ աշխատակիցները գործողություն են իրականացրել Սաֆարովների ընտանիքի՝ ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների հասցեներում, եւ քրգործը վերաբերում է սպանությունների, սպանության փորձերի, «ռեկետին» եւ ֆինանսական բնույթի այլ հանցագործությունների: Այսինքն, իրավական տեսանկյունից պաշտոնական Բաքուն այս ամենի հետ կապված որեւէ գործառույթ չի կարող ունենալ:
Սակայն բոլորն են հասկանում, որ այս ամենը միանգամայն այլ հիմքեր ունի: Այսպես, ներկա պահին ադրբեջանցիների հետ կապված, անկախ այն բանից` նրանք ՌԴ քաղաքացիներ են, թե` անօրինական ներգաղթյալներ, տարաբնույթ գործողություններ են իրականացվում ՌԴ-ի տարբեր հատվածներում: Օրինակ, Եկատերինբուրգին զուգահեռ, իրավապահները գործողություններ իրականացրին նաեւ Վորոնեժի «Ալեքսեեւսկիի» խոշոր եւ գերեկամտաբեր շուկայում, որն ազերիական վերահսկողության տակ է: Նույն Եկատերինբուրգում, ըստ տեղի աղբյուրների, Զիեդդին եւ Հուսեյն Սաֆարովները ոչ թե պարզապես ռեստորանատերեր են, այլ մի հսկա հանցավոր «սինդիկատ» են ստեղծել, եւ այսպես շարունակ: Ընդ որում, սրանք եզակի դեպքեր չեն, ընդհանրական իմաստով հարվածի տակ են վերցվել, այսպես ասած, ՌԴ-ում «ադրբեջանական մաֆիան» եւ ապօրինի միգրանտները: Ավելին, հատկապես ռուսական ազգայնական շրջանակներում այն թեզն է զարգանում, որ պարտադիր կարգով հարվածը պետք է ուղղել ազերի օլիգարխներին: Նաեւ այն հիմքով, որ այդ մասշտաբային բիզնեսներից իր մեծ բաժինն ունի նաեւ անձամբ Ալիեւը: Կարճ ասած, եթե այդ բիզնեսները ժամանակին համեմատաբար անձեռնմխելի էին, հիմա արդեն միայն ծավալվող ճնշումների տակ են: Եվ այն, որ դա կապված է Ալիեւի այս նոր քաղաքական կուրսի հետ, հասկանում են բոլորը:
ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բայց խնդիրն այստեղ միայն բիզնեսը եւ մեծ եկամուտները չեն: Այսինքն, Մոսկվայում ավելի ու ավելի են առաջ տանում այն գաղափարը, որ Ալիեւը, օգտվելով ռուսների լռությունից, իրենով անելով Արցախը, եւ հիմա գնում է կուրսի փոփոխության: Նաեւ այն հաշվարկով, որ այն պահին, երբ Ռուսաստանը կվերականգնի իր աշխարհաքաղաքական դիրքերը Հարավային Կովկասում, կվերադարձնի արցախահայությանը Արցախ, եւ կստեղծվի մոտավորապես այն ստատուս-քվոն, որը կար ԽՍՀՄ-ի ժամանակ: Դա թույլ չտալու համար էլ Ադրբեջանին պետք է թուրքական վեկտորի ամրացումը, ընդ որում` ողջ Հարավային Կովկասում: Կարճ ասած, որ Ալիեւը «գցել» է Մոսկվային, եւ դրանում մեծ է նաեւ Ռուսաստանի մեղքը: Օրինակ, ազգայնական թեւը ներկայացնող քաղաքագետ եւ պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին պատկերը բացատրում է այսպես. «Այստեղ արժե դիտարկել ոչ միայն այս կոնկրետ դեպքը, այլեւ 2020 թվականից ի վեր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները։ Օրինակ՝ մեր խփված ռազմական ուղղաթիռը եւ Ղարաբաղում ռուս սպաների սպանությունը։ Ոչ ոք Ադրբեջանին պատասխանատվության չի ենթարկել դրա համար։ Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները իրենց իրավունք են համարում պահանջներ ներկայացնել Ռուսաստանին, կարծես այն իրենց ինչ-որ ինքնավար մարզ լինի»: Արդյունքում, ըստ փորձագետի, եթե հիմա այդ իրավիճակը չփոխվի, վաղը կարող է ուշ լինել:
Ռուսական իշխանություններին մոտ կանգնած փորձագիտական այլ աղբյուրն էլ այսպես է նկարագրում ներկայումս ձեւավորվող ռուս-ադրբեջանական հարաբերությունները. «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները մտնում են համակարգային սառեցման փուլ: Վերջին դիվանագիտական ազդանշանները բացահայտում են ռազմավարական ճեղքվածքի աճ: Առաջին հայացքից պահպանվել է շփումների պաշտոնական մակարդակը, բայց գործնականում Բաքուն ցուցադրաբար կրճատում է երկկողմ փոխգործակցության ուղիները, եւ այս ամենը Մոսկվայից հեռանալու լավ կառուցված քաղաքականության տարրեր… Ադրբեջանը արագորեն անցնում է արտաքին քաղաքականության մոդելի, որը կառուցված է Մոսկվայի հետ հարաբերությունների արժեզրկման համակարգային հենարանով՝ Անկարայի օգտին՝ որպես անվտանգության, տնտեսության եւ տարածաշրջանային ճարտարապետության հիմնական գործընկեր։ Եվրասիական ինտեգրման բանաձեւերը փոխարինվում են «թուրքական միասնության» հայեցակարգով, որտեղ Բաքուն իրեն դիտարկում է որպես ռուսականին այլընտրանքային վերազգային նախագծի անբաժանելի մաս։ Ապագայի ուրվագծերը ակնհայտ են. Բաքուն կշարունակի իր ռազմավարական հեռավորությունը պահպանել, չնայած ձեւականորեն խուսափում է կտրուկ քայլերից։ Մոսկվան, Անդրկովկասում իր ազդեցության գործիքների թուլացման ֆոնին, գործնականում կորցնում է իր հետադարձ կապի լծակները։ Ալիեւի հետ երկխոսությունը փակուղի է մտել. նույնիսկ խորհրդանշական փոխազդեցություն չկա, եւ նախկին դիվանագիտական խողովակները սառեցված են։ Սա հռետորաբանությամբ փոխհատուցելու փորձերը այլեւս չեն աշխատում. անհրաժեշտ է համակարգային արձագանք։ Անդրկովկասում արտաքին քաղաքականության նկատմամբ իր մոտեցման ռազմավարական վերագործարկման բացակայության դեպքում Ռուսաստանը ռիսկի է դիմում վերջնականապես զիջել տարածաշրջանը Թուրքիային եւ այլ արտաքին խաղացողներին»։ Ու սրանում, ինչ խոսք, լուրջ տրամաբանություն կա:
ԿԱ ՎՏԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Այն, որ այս իրավիճակը Հայաստանի համար վտանգավոր ընթացքի մեջ է, դա «անզեն աչքով» էլ կարելի է տեսնել: Այն, որ Ռուսաստանը հիմնական արգելակներից էր՝ Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հավակնությունների հարցում, դա միանշանակ է: Եվ այս պահին, երբ Բաքուն գնում է Ռուսաստանի ազդեցության կտրուկ թուլացման, բնական է, այդ արգելակն էլ սկսում է որոշակիորեն իր դերը կորցնել:
Կունենայինք միանգամայն այլ իրավիճակ, եթե Հայաստանում Նիկոլ չլիներ: Այսինքն՝ իշխանություն, որը հետեւողականորեն, անգամ ներկա ծայրահեղ վտանգավոր իրավիճակում է շարունակում վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այսինքն, եթե այս պահին հայ-ռազմական ռուսական հարաբերությունների մեխանիզմն աշխատեր իր ողջ ծավալով, ապա Սյունիքի ուղղությամբ ագրեսիան մահացու վտանգավոր կլիներ ոչ թե Հայաստանի, այլ՝ Ադրբեջանի համար: Բայց ունենք Նիկոլ, որի, օրինակ, արտգործնախարար Արոն անգամ նման վտանգավոր իրավիճակում է հրաժարվում մեկնել ՀԱՊԿ-ի հերթական միջոցառմանը՝ հայտնի բացահայտ արհեստականորեն սարքված պատմության պատճառով: Ավելին, այս օրերին նիկոլական իշխանությունների կողմից անգամ ակնարկներ կան, թե կարող են վերջնականապես դուրս գալ ՀԱՊԿ-ից: Չնայած, Էրդողանի դուռը գնալու վերջին խայտառակությունը, Եկեղեցու դեմ արշավանքները եւ ներքին հերթական մղձավանջի ստեղծումը ակնարկ էր, որ այս ամենը հենց այնպես չի արվում:
Իմաստն էլ կարելի է հասկանալ. ուկրաինական պատերազմը Ալիեւի համար դեռ բաց է պահում «հնարավորության պատուհանը»: Իհարկե, այս պահին Ալիեւը պատերազմի հարցում իր հերթին խնդիրներ ունի: Թուրքիան ինքն է խառը Մերձավոր Արեւելքում, եւ կովկասյան ուղղությամբ դժվար թե Ալիեւին լուրջ օգնության հնարավորություն ունենա: Իսրայելն իր հերթին է անորոշության մեջ: Բայց եւ այնպես, «պատուհանն» Ալիեւի համար կարող է ամենաուշը մեկ տարուց փակվել: Նախ, Ուկրաինայում կարող է ամեն բան վերջանալ: Երկրորդը, Նիկոլի վերարտադրման հնարավորություններն են շատ ցածր: Կարճ ասած, եթե պետք է ռիսկի գնալ, ապա Ալիեւի համար ժամանակը սուղ է:
