Գլխավոր դերակատարը 15 տարի անց ինքն է բեմադրել «Մետրանպաժ»-ն ու դարձել Վամպիլովի հետ համահեղինակ
ՄշակութայինԻ՞նչը կարող է փոխել ամեն ինչ։ Միայն մեկ բառ՝ «Մետրանպաժ». տարօրինակ, անհասկանալի ու դեռ հնչողությամբ իսկույն շփոթեցնող։ Եվ հենց այդ բառով էլ սկսվում է քաոսը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում, որտեղ կայացավ Աշոտ Հակոբյանի նոր բեմադրության՝ «Մետրանպաժ»-ի առաջնախաղը. աբսուրդ կատակերգություն՝ առանց ընդմիջման:
Հյուրանոցի մի սովորական օր, անսպասելի այցելու, եւ ամեն ինչ շեղվում է սովորական հունից։ Ո՞վ է նա՝ այդ մետրանպաժը։ Խոստովանենք՝ ոչ ոք ճշգրիտ չգիտի։ Բայց նրա ներկայությունը փոխում է առօրյան ու բերում բացարձակ աբսուրդի, որտեղ կերպարները կորցնում են հավասարակշռությունն, իսկ հանդիսատեսը՝ ընկալման նախնական սահմանները։ Սա կատակերգություն է, որտեղ ծիծաղն անդադար է, աբսուրդը՝ մտածված, եւ հանդիսատեսն՝ ամեն վայրկյան այդ ամենի մեջ ներգրավված։ Մի ներկայացում, որը պետք է ոչ թե պարզապես դիտել, այլ վայելել լիաթոք: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է բեմադրիչի՝ դերասան ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:
— Ուղիղ 15 տարի առաջ Դուք խաղում էիք այս ներկայացման մեջ: Այսքան տարի անց՝ ինչպե՞ս առաջացավ այս ներկայացմանն անդրադառնալու գաղափարը:
— Իսկապես, այս պիեսին ծանոթ եմ դեռ ուսանողական տարիներից, այսինքն՝ արդեն 10 եւ ավել տարի: Շատ սիրել եմ ու սիրում եմ, որովհետեւ իմ ուսանողական տարիներին նաեւ գլխավոր հերոսի դերն եմ խաղացել: Հետո անցան տարիներ… Ճիշտն ասած, շատ մեծ ցանկություն ունեի կատակերգություն բեմադրել, ու հենց այս պիեսը հիշեցի: Առաջարկեցի մեր գլխավոր ռեժիսոր պարոն Հակոբ Ղազանչյանին: Համաձայնեց` ինքն էլ, թատրոնի տնօրեն պարոն Շահբազյանն էլ: Ու իմ սիրելի ընկերների՝ մեր դերասանական խմբի հետ ստեղծեցինք այս ներկայացումը:
— Որքանո՞վ եք հավատարիմ մնացել պիեսի բուն տեքստին, ի՞նչ փոփոխությունների է այն ենթարկվել:
— Պիեսի հեղինակը Ալեքսանդր Վամպիլովն է, ստեղծագործությունը կոչվում է՝ «Պատմություն մետրանպաժի հետ»: Գործի վրա լավ աշխատել եմ, կարելի է ասել, որ համահեղինակ եմ դարձել Վամպիլովի հետ: Արդյունքում ստեղծվեց նոր ոճի կատակերգություն:
— Ի՞նչ գաղափար է դրված բեմադրության հիմքում։ Ո՞րն է ներկայացման գլխավոր ասելիքը:
— Սա կոմեդիայի թատրոն է, եւ ամենամեծ ցանկությունը լիաթոք ծիծաղ ապահովելն էր, որպեսզի լավ տրամադրությամբ հանդիսատեսը գնա տուն: Բայց այդ ամենի հիմքում, բնականաբար, կա լրջություն: Իսկ լրջությունը գլխավոր հերոսի մեծամտությունն է: Նա ինչ արել է, երբեք չի պատժվել, ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել, ու եկել է պահը, երբ ինքը հանդիպել է մետրանպաժին: Թե ով է կամ ինչ է մետրանպաժը, իրեն ինչ է սպասվում՝ իր հերթական արարքից հետո, կտեսնեք ներկայացման ընթացքում: Նաեւ շատ կարեւոր է, որ իր սխալները այնքան մեծ ու ճակատագրական չէին, կարող էր ուղղվել: Եվ քանի որ բարի ավարտ պիտի ունենար ներկայացումն, ինքը ուղղվեց եւ որոշեց վերադառնալ ճիշտ կյանքի: Նա ուներ սիրո պակաս ու արդեն իսկ լրացնելու է այն՝ ապրելով իր սիրելի մարդկանց կողքին, սիրելի մթնոլորտում, զբաղվելու է սիրելի աշխատանքով: Նա ինչով զբաղվում էր, այդ ամենը չէր սիրում, դա էլ բերում էր իր բնավորության բացասական գծերի արտացոլմանը:
— Ո՞ր փուլում էիք ավելի լարված՝ փորձերի ժամանակ, ներկայացման առաջնախաղի՞ն, թե՞ հիմա, երբ արդեն արձագանքները քաղելու ժամանակն է:
— Ինչ վերաբերում է բեմադրություն անելուն, թատրոնին, ես ընդհանրապես շատ անհանգիստ մարդ եմ: Լարվածություն կա ե՛ւ մինչեւ ներկայացումը սկսելը, ե՛ւ ընթացքում, ե՛ւ վերջում, թե ինչպես կընդունվի: Իսկ սա ես չասեմ, դուք արդեն ասեք:
— Խոսենք ներկայացման դերասանական կազմի մասին: Բարդություններ ունեցե՞լ եք, ինչպե՞ս եք դրանք հաղթահարել:
— Դերասաններն իմ սիրելի ընկերներն են: Բացի նրանից, որ իրենք իմ ընկերներն են, նաեւ շատ շնորհալի դերասաններ են: Բնականաբար, բարդություններ եղել են, բայց քանի որ մենք շատ լավ ընկերներ ենք, հիմքում դրել ենք հենց ընկերությունը: Գաղափարն այն էր, որ «ես»-ը դառնա մենք: Եթե այս պահին դուք իրենցից ինչ-որ մեկին էլ հարցնեք, թեկուզ այն տեսարաններից, որտեղ ինքը չկա, վստահ կխոսեն ե՛ւ միզանսցեններից, ե՛ւ ռեպլիկներից: Այսինքն՝ բոլորը տեղյակ են սկզբից մինչեւ վերջ ամեն ինչի մասին, ոչ թե տեղյակ են միայն այն հատվածից, որտեղ խաղացել ու դուրս են եկել։ Ես շնորհակալ եմ բոլորին եւ նրանց, ովքեր մեր թիմի կողքին են եղել, ովքեր չեն խանգարել մեզ։ Ես մեծ շնորհակալություն եմ հայտնում։ Իհարկե, նաեւ մեծ ցանկություն ունեմ, որ ներկայացումը բարի ընթացքով շարունակական բնույթ կրի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
