Փակվող հաղորդաշարեր, ուռճացված ապարատ. ի՞նչ է կատարվում Հանրային ռադիոյում
ՀասարակությունՀայաստանի Հանրային ռադիոյում կրքերը գնալով բորբոքվում են: Բանն այն է, որ աշխատակիցներից շատերն ունեն հստակ բողոք գործադիր տնօրենից՝ ԱՐՄԵՆ ՔՈԼՈՅԱՆԻՑ:
Ինչպես փոխանցում է «Իրավունք»-ի աղբյուրը, Քոլոյանը մոտ մեկ տարի շարունակ անտրամաբանական փոփոխություններով զարմացնում ու զայրացնում է Ռադիոտան աշխատակիցներին, ովքեր դեռ երբեւէ նման մոտեցում չեն տեսել:
Սովորաբար նորաթուխ պաշտոնյաները հաշվետվություն են տալիս պաշտոնի նշանակվելուց 100 օր հետո: Սակայն, 2024 թվականի օգոստոսի 8-ից Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արմեն Քոլոյանն արդեն մոտ 11 ամիս կամ ավելի քան 300 օր է, ինչ պաշտոնավարում է: Այսինքն՝ անցել է երեք անգամ 100 օր: Իսկ ի՞նչ է փոխվել Հանրային ռադիոյում: Նախ եւ առաջ փակվել են 22 (եթե ոչ ավելի) հաղորդաշար: Հարց է ծագում` ինչո՞ւ: Երեւի վա՞տն էին, հի՞ն էին, հնաո՞ճ էին, քաղաքականապես անգրագե՞տ էին, լսարանին չէի՞ն հետաքրքրում… Դժվար է ասել՝ այո կամ ոչ, քանի որ սույն պարոնը դրանց մեծամասնությունը չի էլ լսել: Եվ նրան չեն էլ հետաքրքրել այդ ծրագրերի որակը կամ լսարանի վերաբերմունքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրական բացատրությունը մեկն է. «Ինձ էդ փողը պետք ա»: Թե ինչի՞ն է պետք, կարելի է միայն կռահել: Այդ «խնայված» գումարով բացվել է 4 նոր հաղորդաշար, ընդ որում՝ դրանցից մեկը եթեր է գնում, ուշադրություն՝ Ֆեյսբուքով: Այսինքն, հարկատուների հաշվին ֆինանսավորվող հանրային ռադիոն գումար է ծախսում սոցցանցային հաղորդման վրա: Այն էլ ի՜նչ գումար: Հանրային ռադիոն իր գրեթե 100-ամյա պատմության ընթացքում նման բյուջեով հաղորդում չի ունեցել:
Էլ ի՞նչ է արել նորաթուխ չինովնիկը: Հա՜, մեծացրել է վարչական ապարատը: Է՛լ խորհրդական, է՛լ արտաքին կապերի պատասխանատու, է՛լ գործադիր պրոդյուսեր, է՛լ գովազդի պատասխանատու, է՛լ հատուկ նախագծերի խմբագրություն ողջ կազմով…
Իհարկե, սրանք բոլորն էլ տեսականորեն կարեւոր, որոշ դեպքերում նույնիսկ՝ անհրաժեշտ պաշտոններ են: Բայց արդյոք գործնականում այդպես է: Չմոռանանք հիշեցնել, որ այս պահին պարոն Քոլոյանը դատական գործընթացի մեջ է Հանրային ռադիոյի աշխատանքից ազատված իրավաբանի հետ ու ոչ միայն: Իսկ քանի որ նրան հեռացնելուց հետո լուծարվել էր նաեւ իրավաբանի հաստիքը, դատարանում ռադիոյի շահերը նախկին իրավաբանի եւ մնացած բոլոր կողմերի դեմ ներկայացնում է դրսից վարձած իրավաբանական գրասենյակը: Ռուս դրամատուրգ Միխայիլ Զոշչենկոյի խոսքերով. «Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահե՜լ…»:
Օրինակներ եւ փաստեր կարելի է անվերջ բերել: Սակայն, դա՛ չէ կարեւորը: Այլ հարց է ծագում. իսկ Հանրային հեռարձակողի խորհուրդն ո՞ւր է նայում: Չէ որ այս կետերի մեծամասնությունը հենց իրենք էլ հաստատել են: Ճիշտ է, Քոլոյանի անձնական հովանավոր Արա Շիրինյանը հիմա այլեւս Խորհրդի նախագահը չէ, որ ամեն գնով նրա կապրիզներն արդարացնի ու համաձայնություն տա, բայց գործընթացը, կարծես թե, շարունակվում է: Երբ երեխան խանութի մեջտեղում պառկում է հատակին եւ սկսում է ճչալ, որ այս կամ այն խաղալիքն է ուզում, ծնողը պետք է որոշի՝ բավարարի՞ իր անդաստիարակ զավակի քմահաճույքը, թե՞ ցուցաբերի իմաստություն նրան խելքի բերելու եւ գուցե պատժելու համար: Այս դեպքում առայժմ բավարարում են բոլոր քմահաճույքները եւ տրամադրում իր ցանկացած խաղալիքները՝ կլինի դա «Ռոյթերսի» աղմուկ հանած, գործնականում անիմաստ բաժանորդագրություն, ապարատի ուռճացում, լասվեգասյան գործուղում, ֆեյսբուքային հաղորդումներ, թե՝ մեկ այլ բան: Դեռ ոչինչ, երբ այդ խաղալիքները ծնողը գնում է իր գումարով, բայց դա արվում է հարկատուների հաշվին, եւ ո՛չ միայն հարկատուների:
Քմահաճույքները բավարարելու համար ԱՄՆ քաղաքացի միսթր Քոլոյանը կրճատում է աշխատավարձեր, փակում է հաղորդումներ, հեռացնում է պրոֆեսիոնալ աշխատակիցների: Հիմա ռադիոյում շրջանառվում են համառ լուրեր, որ նա պատրաստվում է է՛լ ավելի ուռճացնել իր ապարատը, հիմնելով նոր հաստիք՝ ստեղծագործական տեղակալ, եւ այդ պաշտոնին է հրավիրում «Ազատություն» ռադիոկայանից իր նման դուրս մնացած մեկին: Եվ քանի որ այս պարոնն էլ ունի մեծ ախորժակ՝ «ստիպված» կրճատվելու են մի քանի աշխատավարձ ու հաղորդում: Ամենազավեշտալին եւ միաժամանակ ողբերգականն այն է, որ միսթր Քոլոյանը բոլոր այս քյանդրբազություններն անելիս չի առաջնորդվում ո՛չ անձնական շահով, ո՛չ էլ վերեւից իջեցրած քաղաքական հրահանգներով (թեեւ հաճախ կրճատումներին փորձում է տալ քաղաքական երանգ, որպեսզի վերեւներում իրեն պաշտպանեն): Պատճառը կարելի է գտնել ժողովրդական իմաստության մեջ՝ «Մի հիմար քարը գցեց ձորը, տասը իմաստուն չկարողացան հանել»:
Տվյալ դեպքում տասը իմաստուն պետք չէ: Հանրային հեռարձակողի խորհուրդն ունի 7 անդամ: Նրանցից չորսի իմաստուն լինելը բավարար է, որպեսզի քարը չգլորվի այնքան խորը, որ այլեւս հնարավոր չլինի այն հանել ձորից: Իսկ եթե՝ ոչ, եթե մունդիրի պատիվն ավելի թանկ է, քան Հանրային ռադիոյի, հետեւաբար նաեւ հանրության շահը, ուրեմն՝ շարունակե՛ք, տիկնայք (3) եւ պարոնայք (4) բավարարել ձեր 68-ամյա «բալիկի» բոլոր քմահաճույքները, առանց մտածելու ձեր արդեն հաստատած եւ առաջիկայում հաստատելիք քայլերի համար եւ չզարմանաք, երբ մոտ ապագայում Հայաստանի Հանրային ռադիոն վերածվի սոցցանցային հարթակի:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
