Անհիմն գույժերն ու բամբասանքները դառնում են տեղեկատվական դաշտի հիմնական տարրերը. Լոքմագյոզյան
ՆերքաղաքականԸստ Միջինարեւելյան ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ, եթե Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցին հաջորդի Էրդողանի այցը Հայաստան՝ իբրեւ խաղաղասիրության կամ համագործակցության նշան, ապա պետք է ընդունենք, որ դրանով մենք փաստացիորեն եւս մեկ քայլ ենք անում դեպի խոր ճահիճ, որտեղից դուրս գալն ավելի ու ավելի բարդ է դառնալու։
— Այդպիսի քայլերը կարող են միանշանակորեն ընկալվել որպես մեր ինքնիշխանության հերթական զիջում՝ մի գործընթաց, որն արդեն իսկ վտանգավոր հետեւանքներ է ենթադրում։
— Վերջին շրջանում իշխանության մակարդակով սկսված եկեղեցու դեմ արշավը կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիա կատարելիք այցից առաջ հենց նրանց հանձնարարականը կարող է լինել:
— Ես կասեի՝ ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի կողմից է տեղի ունենում այս հարձակումների քաղաքական ու քարոզչական համակարգումը։ Մենք բոլորս էլ լավ հիշում ենք, որ հենց Ադրբեջանի կողմից հնչեց առաջին ազդակներից մեկը՝ եկեղեցին ներկայացնելով որպես ռեւանշիստական շրջանակների կենտրոն։ Նրանք սա ներկայացրին որպես սպառնալիք, որին իբր անհրաժեշտ է հակազդել։ Եվ զարմանալին այն է, որ, կարծես թե, հենց այդ հայտարարություններից անմիջապես հետո՝ մեր, այսպես կոչված, վարչապետը՝ երկրի ղեկավարը, ասես հրահանգ ստացած լիներ ու սկսեց ակտիվ քարոզչական ու քաղաքական արշավ եկեղեցու դեմ։
Սակայն պետք է նշենք, որ սա նոր երեւույթ չէ։ Եթե վերադառնանք մի քանի տարի հետ, երբ այս ուժերը նոր էին գալիս իշխանության, նրանց ներկայացուցիչներից մեկը բացահայտ հայտարարեց, որ եկեղեցին` որպես ինստիտուցիոնալ կառույց, պետք է վերանա։ Դա դեռ այն ժամանակ մատնանշում էր նրանց գաղափարական ուղղվածությունը եւ վերաբերմունքը ազգային ու հոգեւոր արժեքների հանդեպ։ Այսօր այդ նույն գիծը շարունակվում է, բայց արդեն՝ կարծես թե արտաքին հրահանգներով կամ գոնե դրանց համընթաց։
Պետք է նաեւ ընդգծել, թե ինչպես է կիրառվում երկակի ստանդարտ. այս մարդիկ չեն քննադատում կամ չեն անդրադառնում իրենց թիմակիցների անձնական կյանքին՝ չամուսնացած զավակներ, սիրուհիներ, ապօրինի կապեր։ Բայց երբ խոսքը հասնում է եկեղեցու առաջնորդներին, սկսվում է անձնական բամբասանքների հիման վրա ժողովրդին մանիպուլացնելու հերթական ալիքը։ Սա կատարվում է հանրային կարծիքը շեղելու, իրական խնդիրներից ուշադրությունը դեպի կողմնակի թեմաներ տանելու նպատակով։
Եվ ցավալի է, որ մեր հասարակությունն էլ երբեմն հակված է նման թեմաներով «սնվելու». անհիմն գույժերն ու բամբասանքները դառնում են տեղեկատվական դաշտի հիմնական տարրերը, ինչը թույլ է տալիս այդ նույն քաղաքական գործիչներին վերահսկել հոսքերն ու ձեւավորել հանրային տրամադրություններ։ Արդյունքում՝ առանց գիտակցելու, հասարակությունը մասնակցում է մի գործընթացի, որը միտված է քանդել ազգային, հոգեւոր եւ մշակութային արժեքները։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
