Էրդողանն ընդգծում է իր դերը տարածաշրջանում՝ իբր «նայեք՝ Հայաստանի վարչապետն էլ եկավ ինձ մոտ. Իսպիրյան
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է թուրքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԻՍՊԻՐՅԱՆԻ հետ։
— Պարոն Իսպիրյան, Ձեր կարծիքով, ի՞նչ նշանակություն ուներ Նիկոլ Փաշինյանի այցը Անկարա։
— Քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմը ցուցաբերում է ավելի շատ նախաձեռնողականություն, իսկ թուրքական կողմը բավականին պասիվ է՝ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման տեսանկյունից, ապա երբ վերջինս՝ Հայաստանի վարչապետի եւ Թուրքիայի նախագահի միջեւ հեռախոսազրույցից հետո տեղի ունեցավ հանդիպում, դա արդեն իրողություն էր։ Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ հայկական կողմի ջանքերը՝ ունենալու պաշտոնական հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, ի վերջո, արդյունք տվեցին։ Սա հայկական կողմի երկար տարիների աշխատանքի արդյունքն էր։ Վարչապետն անգամ իր խոսքում նշեց, որ դրան նույնիսկ վեց ամիս առաջ սպասել հնարավոր չէր։ Այսինքն՝ կարելի է ասել, որ հայկական կողմի համար գլխավոր հաջողությունն այն էր, որ Հայաստանի վարչապետը ի վերջո հանդիպեց Թուրքիայի նախագահի հետ։
Այժմ՝ ինչ վերաբերում է դրական կողմին. դրական կողմը կախված է նրանից՝ ինչ տեսանկյունից նայենք եւ ինչպես գնահատենք։ Եթե արդյունքին նայենք, ապա նույնիսկ հանդիպումից առաջ, ինչպես նաեւ դրանից հետո արդեն կանխատեսվում էր, որ որեւէ հայտարարություն, որը կարող էր փոխել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքը կամ կարգավորման գործընթացը, չէր արվելու։ Քանի որ մենք գիտենք՝ դրա դեմ լուրջ խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս չլուծված խնդիրները։
Թուրքիան բազմիցս նշել է, որ մինչ այդ հարցերը չկարգավորվեն՝ կլինի դա խաղաղության համաձայնագիր, թե այլ ձեւաչափով, ինքը Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորի։ Ավելին՝ նրանք նշում են, որ այդ ամենից հետո նոր միայն Թուրքիան կմտածի նման կարգավորման մասին։ Այսինքն՝ նույնիսկ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները կարգավորվեն, դա դեռեւս չի նշանակում, որ միանգամից կմեկնարկի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Քանի որ Թուրքիան եւս իր հերթին ունի մի շարք հարցեր Հայաստանի հետ, որոնցից որոշներն է միայն քննարկում։
Այս հանդիպումը պարզապես արարողակարգային բնույթ ուներ եւ կարելի է ասել՝ հիմնականում ուղղված էր լրատվամիջոցներին։ Էրդողանի համար այն կարեւոր էր այնքանով, որ ընդգծվում էր իր դերը տարածաշրջանում՝ իբր «նայեք, Հայաստանի վարչապետն էլ եկավ ինձ մոտ»։ Այս տեսանկյունից է, որ կարելի է գնահատել հանդիպումը։
Մեր տեսանկյունից այս ամենը զուգադիպեց Իրանի եւ Իսրայելի միջեւ տեղի ունեցող էսկալացիայի օրերի հետ, եւ կարծում եմ, որ որոշ դրական արդյունքներ կարող են լինել այն առումով, որ գուցե Ադրբեջանը զսպվածություն ցուցաբերի՝ նկատի ունենալով Հայաստան-Թուրքիա ձեւավորվող այս կապը, եւ գոնե այդ օրերին սահմանային միջադեպեր տեղի չունենան։ Սա գոնե մի դրական բան է, որ պետք է արձանագրենք, որն ավելի շատ պատահականություն էր, քան հատուկ պլանավորվածություն։ Իրանի եւ Իսրայելի բախումները սկսվել էին դրանից առաջ, իսկ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպման պայմանավորվածությունն արդեն գոյություն ուներ։
— Այդ հանդիպման ընթացքում մենք նաեւ լսեցինք, որ հնարավոր է` ապագայում Էրդողանին նույնպես հրավիրեն Հայաստան։ Իսկ այս ամենից հետո ինչպիսի՞ հնարավոր վտանգներ կարող են ի հայտ գալ։
— Երբ խոսքը երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպումների մասին է, վտանգ տեսնելը պետք է դիտարկել մի փոքր ավելի լայն ու խորքային հարթության մեջ։ Սա ես ասում եմ որպես փորձառու մասնագետ, որը հասկանում է դիվանագիտության բարդություններն ու նրբությունները։ Իհարկե, դա լիովին նորմալ եւ ընդունելի է, որ երկու հարեւան պետությունների պաշտոնական ղեկավարները, հատկապես՝ Թուրքիայի եւ Հայաստանի նման երկրները, որոնք ունեն պատմական ու քաղաքական բարդ հարաբերություններ, հանդիպումներ ունենան եւ քննարկումներ ծավալեն։ Նման օրինակներ մենք կարող ենք տեսնել նաեւ մյուս տարածաշրջաններում՝ օրինակ, նույն Թուրքիայի նախագահը, երբ դեռ վարչապետ էր, հանդիպումներ է ունեցել Հունաստանի իր ղեկավար գործընկերների հետ, ինչը նույնպես նորմալ դիվանագիտական գործընթաց է համարվում։ Սակայն ամենակարեւորը ոչ թե հանդիպման փաստն է, այլ այն, թե ինչ են այդ հանդիպումներում քննարկում, ինչպիսի նպատակներ ու պայմանավորվածություններ են ձեռք բերվում։ Հանդիպումը ինքնին վտանգավոր չէ, այն լրիվ բնական ու ընդունելի երևույթ է, եւ դրա առկայությունը պետք է դիտարկել որպես իրավիճակի կարգավորման կամ բանակցությունների բաց մի հարթակ։ Բայց ահա հանդիպումների բովանդակությունն է, որը հենց սկզբնական խնդիրը եւ մտահոգության աղբյուրը կարող է հանդիսանալ։
Այս համատեքստում նորմալ ու ողջունելի է նաեւ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարող է այցելել Հայաստան, քանի որ ներկա պահին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները պաշտոնապես չեն բնութագրվում ո՛չ պատերազմով, ո՛չ էլ բացահայտ թշնամանքով։ Այսինքն՝ այն այցերը, հանդիպումները եւ փոխադարձ շփումները կարելի է դիտարկել որպես բնական ու անհրաժեշտ քայլեր, որոնք նպատակ ունեն բարելավել կամ գոնե պահպանել տարածաշրջանային կայունությունը եւ երկկողմ հարաբերությունները։ Այս գործընթացները պետք է տեղի ունենան հստակ ու ապահովված պայմաններում, որպեսզի բացառվեն ցանկացած տեսակի ռիսկեր կամ անվտանգային խնդիրներ։ Կարեւոր է, որ նման այցերն ու բանակցությունները կազմակերպվեն այնպես, որպեսզի Հայաստանի ազգային շահերը լիովին պաշտպանված լինեն, ինչպես նաեւ՝ պահպանվի երկրի անվտանգությունը եւ տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այս առումով անհրաժեշտ է՝ միջոցներ ձեռնարկվեն, որոնք թույլ կտան հավասարակշռված եւ պատասխանատու մոտեցմամբ առաջ տանել բանակցությունները:
— Վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու դեմ բավական ակտիվ արշավ է իրականացվում։ Ձեր կարծիքով` կարելի՞ է ենթադրել, որ այս ամենը կազմակերպված է Թուրքիայի հրահանգով՝ որոշակի հեռահար նպատակներ հետապնդելով։
— Անկեղծ ասած, ուզում եմ նշել, որ ես չունեմ բավարար տեղեկություններ կամ հիմքեր, որպեսզի կարողանամ որեւէ հստակ հայտարարություն անել այս հարցի շուրջ կամ հաստատել որեւէ տեսակետ։ Այդուհանդերձ, իմ անձնական տեսակետով, չեմ կարծում, որ Թուրքիան ներկայումս որեւէ կերպ խնդիր կամ դժվարություն ունի հայկական եկեղեցու հետ կապված։ Նշեմ նաեւ, որ հենց Թուրքիայի տարածքում գործում է Հայոց պատրիարքարանը, որը գտնվում է Էջմիածնի հոգածության ներքո եւ երկար տարիների պատմություն ունեցող այս կառույցը շարունակում է իր բնականոն ու նորմալ գործունեությունը։ Այն ունի լիովին կարգավորված իրավական դիրք եւ, իմ կարծիքով, որեւէ իրավական կամ քաղաքական խոչընդոտներ այս պահին գոյություն չունեն։
Այնպես որ, իմ անձնական համոզմամբ, Թուրքիան այս հարցում որեւէ ուղղակի կամ ակնհայտ ներգրավվածություն չունի, եւ ես դժվարանում եմ հավատալ այն լուրերին կամ կարծիքներին, որոնք կապում են Թուրքիային այս իրավիճակի հետ։ Նման տեսակետները, եթե անկեղծ լինեմ, ինձ համար շատ հաճախ թվում են անիմաստ կամ անհիմն։ Այսպիսով, ես չեմ կարող հաստատել որեւէ կոնկրետ ինֆորմացիա կամ ուղղակի կապ թուրքական կողմի մասնակցության վերաբերյալ։
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
