Բռնապետություն կամ ոչինչ
ՎերլուծությունԲարի գալուստ, դժոխք: Այլ կերպ դժվար է մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին: Կալանավորվեց Տավուշի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, բարեշնորհ Հրայր սարկավագ Հակոբյանը եւ այլք, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել…
Դեռեւս 2023 թվականին այս մասին էր նաեւ զգուշացնում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, երբ կոչ էր անում ձայն բարձրացնել ի պաշտպանություն Կիեւ-Պեչերյան Լավրայի միաբանության եւ նրա հավատացյալ հոտի: Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւորականներն այդ օրերին սահմռկեցուցիչ հալածանքներ էին կրում Ուկրաինայում: Պատերազմող երկիրն էլ ավելի կարեւոր գործ չէր գտել, քան թե 200 հոգուց բաղկացած միաբանության վանականներին դուրս շպրտելը թե՛ իրավաբանորեն, թե՛ բարոյապես իրենց պատկանող տաճարից:
Համացանցում հայտնված կադրերը հիշեցնում էին առաջին դարը, երբ քրիստոնյաներին գցում էին վայրի գազանների դիմաց, ծաղրում էին հավատացյալներին: Իսկ Կիեւ-Պեչերսկի Լավրայի Վանահայր միտրոպոլիտ Պավելի դեմ հենց եկեղեցում կիրառեցին խափանման միջոց՝ ոտքին ռադիոսարքավորումով ապարանջան հագցնելով: Վերջերս էլ արդեն համացանցում հայտնվեց այլ տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է Ուկրաինայում հաստատված սատանիստական «եկեղեցին» ծես անցկացնում: Փաստորեն, խլել էին ռուս ուղղափառ եկեղեցիները, որպեսզի անցկացնեին նման արարողակարգեր։
Հաջորդը Մոլդովան էր, որտեղ ոստիկանները, ուղղակի, գետին էին տապալել եկեղեցու սպասավորին, որը դուրս էր ելել այլասերվածության շքերթի դեմ։ Եվ, իհարկե, այլեւս աներկբա էր, որ Ուկրաինայից ու Մոլդովայից հետո՝ հարվածը եկեղեցու դեմ լինելու է առաջին քրիստոնյա երկրում՝ Հայաստանում, ինչն անգամ չհաջողվեց իրագործել 2018 թվականին:
ԻՆՉՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅՏՆՎԵՑ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ
Սերբ գրող, ռեժիսոր, նախկին քաղաքական գործիչ եւ ռազմական հրամանատար Դրագոսլավ Բոկանը նշել է, որ Հայ առաքելական եկեղեցու վրա ճնշումը Արեւմուտքի` ինքնիշխան քաղաքականություն պահպանող երկրների թուլացման ռազմավարության մի մասն է։ Ճնշում գործադրելով Հայ Առաքելական եկեղեցու վրա՝ ՀՀ իշխանությունները փորձում են ավարտին հասցնել Հայաստանը ԽՍՀՄ նախկին հանրապետությունների եւ ՀԱՊԿ-ի հետ միությունից ամբողջությամբ անջատելու նախագիծը։ Ավելին՝ սերբ գրողը Հայ առաքելական եկեղեցին անվանել է հավաքական Արեւմուտքի հարձակումների նոր թիրախ:
«Հայ Առաքելական եկեղեցին գլխավորում է մի խիզախ մարդ, որը գիտակցում է, որ քրիստոնեությունը մարտիրոսական սխրանք է, եւ այստեղ չեն կարող լինել անարժան փոխզիջումներ, եթե խոսքը վերաբերում է պետական, հոգեւոր եւ պատմական կապերի համադրմանը, ուստի՝ այս արեւմտամետ քաղաքականությանը դեմ է հանդես եկել», - արձանագրում է Բոկանը:
Այսքանից հետո՝ դեռ կա՞ որեւէ մեկը, ով կարծում է, թե Նիկոլ Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ կապված է Կաթողիկոսի կամ այլ բարձրաստիճան հոգեւորականի կուսակրոն լինել-չլինելու անհաշտ կռվով: Վերանայեք վերոհիշյալ փաստերն ու փորձեք ըմբռնել՝ ինչ մռայլ ապագա են ծրագրել մեր ժողովրդի, մեր հավատքի եւ ինքնության դեմ նրանք, ովքեր եկեղեցին դիտարկում են որպես վերջին կանգուն ամրոցը իրենց ճանապարհին:
Իսկ ոմանք դեռ զարմանում են, թե ինչու է իշխանության տոտալ բռնապետական վարքի հանդեպ այսքան հանդուրժող, օրինակ, ԱՄՆ դեսպանատունը: Սա էլ հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռեւս նախորդ տարի հրապարակել էր աշխարհի շուրջ 200 երկրում, ներառյալ՝ Հայաստանում, կրոնական ազատությունների մասին տարեկան զեկույցը: Զեկույցում անդրադարձ կա նաեւ Հայաստանում կրոնական ազատությունների վիճակին եւ անգամ այս թեմայում նկատելի է ԱՄՆ աջակցությունը ՀՀ իշխանություններին եւ քննադատությունը՝ ուղղված այս իշխանությանը չսատարող Հայ Առաքելական եկեղեցուն։
Զեկույցում որպես դրական ձեռքբերում էր նշվում, որ 2023 թվականին Հայոց եկեղեցու պատմություն առարկան դուրս բերվեց պետական կրթական առարկայացանկից եւ ներառվեց պատմական առարկայացանկի նյութերի մեջ։ Նաեւ Պետդեպարտամենտը մտահոգություն էր հայտնել, որ Առաքելական եկեղեցու հոգեւորականները քննադատել են Հայաստանի իշխանությունների դիրքորոշումն ու գործողությունները` Ղարաբաղյան հակամարտության հարցի հետ կապված: Եվ ահա այսօր, նույն ամերիկյան ու արեւմտյան դեսպանատների լուռ թողտվությամբ ժողովրդավարությունը գնդակահարվում է՝ հրապարակային, անթաքույց, որովհետեւ եկեղեցու դեմ արշավում դավադիր համախոհ են: Միայն թե, այստեղ հարց է ծագում՝ բա Միացյալ Նահանգներում արտաքին քաղաքականություն չէ՞ր փոխվել Թրամփի ընտրվելով, թե՞ հին իներցիայով նախկին իշխանության նշանակած դեսպանը իրեն պահում է բայդենաբարո:
ԻՍԿ ԻՆՉ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԴԵՌ ՉԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Հազար ողորմի ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին, նրա դեմ իրականացված «տուշոնկա» շոուից ավելի վատ էր կազմակերպված Բագրատ սրբազանի «հեղաշրջման պլան» օպերացիան: Հետեւապես, կա երեք վարկած, թե ինչու նա եւ ինչու հիմա.
1. Իհարկե, ակնհայտ է, որ սա կարող է թելադրված լինել դրսից, ընդ որում՝ ոչ միայն Արեւմուտքից, այլեւ Թուրքիայից ու Ադրբեջանից: Ինչպես նկատել է թուրքագետ Մհեր Աբրահամյանը, թուրքական կառավարամետ «Յենի Շաֆաք» պարբերականը մանրամասն անդրադարձել է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ձերբակալություններին` նշելով, որ Հայաստանում կանխվել է հեղաշրջում, որը փորձում էր կազմակերպել Բագրատ սրբազանը: Անդրադարձ կա նաեւ եկեղեցու դեմ ուղղված գործընթացներին. իբր այս իշխանությունը փորձում է եկեղեցուն հեռացնել քաղաքականությունից: «Լայքերը եւ սրտիկները այս նյութի տակ թուրքերի կողմից բավականին շատ են», - ընդգծում է Աբրահամյանը:
2. Իսկ ո՞վ է հիշում, որ կալանավորված է հայտնի բարերար Սամվել Կարապետյանը: Ահա այսպես փնթի օպերացիայով, ժամկետանց պլանի թղթով՝ Փաշինյան Նիկոլը կարողացավ հանրության ուշադրությունը շեղել, իսկ լրահոսն ապահովել այլ ցնցող վերնագրերով: Բագրատ սրբազանի այլեւս մարած շարժումը վտանգավոր չէր Փաշինյան Նիկոլի համար, շարժման վարկանիշը գրեթե զրոյական էր: Հետեւապես, այս օպերացիան եւ դրան հաջորդած կալանավորումներն ունեին ավելի խորքային նպատակ: Այս համատեքստում այն, որ Սամվել Կարապետյանին կալանավորելը թանկ է նստել Փաշինյան Նիկոլի վրա եւ նրա վախերը հենց այստեղից են բխում, այլեւս պարզից էլ պարզ է:
3. Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ անգամ Թուրքիայում իրեն «կռիշ» չեն կանգնում, ոչ էլ վաղը, երբ իշխանությունից զրկվեց փախչելու ու ապաստանի տեղ է ունենալու, որոշել է վերածվել փոքրիկ բռնապետի, պահել իշխանությունն ինչքան կարող է, ինչպես կարող է:
Եվ այս իրավիճակում հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե ինչ է առաջարկում ընդդիմությունը՝ կոչերից, հայտարարություններից, հուզիչ խոսքերից բացի: Այս պահին միակ կառուցողական առաջարկը թերեւս հնչում է Հանրապետական կուսակցությունից. «Ազգային ուժերի համախմբման եւ համաժողովրդական բողոքի ալիքի ճնշմամբ անհրաժեշտ է ավարտին հասցնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը»։ Իսկ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն իրավացիորեն հարց է բարձրացնում. «Հարգելի լրագրողներ, խոնարհաբար խնդրում եմ ճշտել իմպիչմենտին չմիացած ընդդիմադիրներից թե պայքարի կոնկրետ ի՞նչ առաջարկ ունեն: Էդ համախմբվել-մամախմբվել, հայոց-հպարտ, կոչ-սատարում, Նիկոլը տականք ա… լոլոներից բացի, Նիկոլին հեռացնելու ի՞նչ կոնկրետ առաջարկ ունեն»:
Ի դեպ, մեր փնտրտուքները ցույց տվեցին, որ Բագրատ սրբազանն առաջին քաղաքական կալանավորը չէ՝ 1937 թվականի ռեպրեսիաներից հետո: Բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանը հուշում է, որ չարաբաստիկ 1937-ից հետո՝ առաջին քաղաքական կալանավոր հոգեւորականը եղել է Հոգեշնորհ Գրիգոր վարդապետ Եղիայանը, որին 1963-64 թթ. դատարանը մեղադրանք ու վճիռ ներկայացրեց՝ «Յոթ հայրենասերներ» խմբին անդամակցելու համար։ Նրա եւ ընկերների գործողություններն էլ այդ ժամանակ համարվում էին թշնամական, արկածախնդրական եւ ամենակարեւորը՝ ցնորական։ Բայց արի ու տես, որ Յոթի դատավարությունից, բանտեր ու ճամաբարներ առաքումից ամիսներ անց՝ 1965-ի ապրիլին, Երեւանի փողոցները լցվեցին այդ նույն բազմահազար հայրենասերներով։ Պատմությունը կրկնվելու սովորություն ունի…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
