Անտարբերությունն ավելի վատ է, քան նիկոլիզմը. Տիգրան Ավետիսյան
ՄշակութայինԴարեր ի վեր հայ ազգի պահապան հենասյունը եղել է եկեղեցին, որը մեր օրերում խարխլվում է իշխանության ձեռամբ: Մինչդեռ շատ մշակութային գործիչներ շարունակում են լռել եւ անտեսում են լրջագույն արհավիրքը, որը կախված է հայ ազգի եւ պետականության գլխին: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Իրավունք»-ի հարցերին պատասխանել է երգահան ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
—Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն անվանեց «չուլան», Աննա Հակոբյանը հոգեւորականներին մեղադրեց մանկապղծության մեջ: Եվ այս արշավը եկեղեցու դեմ շարունակվում է ամենօրյա ռեժիմով: Ի՞նչ կասեք այս մասին:
— Նիկոլ Փաշինյանն իր բիո զանգվածին ցանկանում է ներկայանալ, իբրեւ թե, իդիալիզմի կողմնակից, որովհետեւ այս ամենն, ինչ անում է՝ դա է ենթադրում: Թե բա՝ գիտեք ինչ, մեր եկեղեցիները կեղտոտ են, ինչ-որ ավելորդ իրեր կան դրված, չուլանի է նմանվում, իսկ սպասավորները մանկապիղծներ են, նա ցանկանում է իդիալական երեւալ: Իր համար չափանիշ է դարձրել այն, որ եկեղեցականները պետք է սուրբ կյանքով ապրեն: Այսինքն՝ եթե չնայենք Նիկոլ Փաշինյանի կառավարած այս 7 տարիների կատարած սխալները, տպավորություն է ստեղծվում, թե ամեն բան նորմալ է, եւ ճիշտ է ասում՝ քահանաները պետք է կուսակրոնությունը պահեն եւ այլն: Ու դա դեր է խաղում անգետ կամ քիչ տեղեկացված մարդկանց մոտ ու կարծիք է փոխվում, թե բա՝ տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինչ լավն է, բոլոր հարցերը լուծել է, հիմա էլ մտածում է եկեղեցու իդիալականության մասին, որ Գարեգին Բ-ն պետք է թողնի իր աթոռը, տեղը այլ մարդ գա, քանի որ երեխա ունի…
Մենք կարող ենք Փաշինյանին համեմատել Կաթողիկոսի հետ եւ հասկանանք՝ երկու գահին նստած մարդիկ՝ մեկը եկեղեցու գահին, մյուսը` պետության, ով է ամենից շատ օգուտ տվել պետությանը, եւ ինչ վնասներ են եղել իրենց ղեկավարման ընթացքում: Համեմատենք Փաշինյանի 7 տարիները, Կաթողիկոսի՝ գրեթե 25 տարիների կառավարման հետ, մենք կհասկանանք, որ Կաթողիկոսի 25 տարվա գործունեությունը Հայաստանին վնաս չի տվել: Անկախ այն բանից, նա բիզնես ունի, երեխա ունի, թե ինչ, դա երկրին չի վնասել: Վստահաբար կարող եմ ասել, եթե անգամ Կաթողիկոսը երեխա ունի եւ դրժել է կուսակրոնության ուխտը, հաստատ դրանով նա չի վնասել Արցախին ու Հայաստանին, օրինակ՝ թանկացումների, ապօրինի ձերբակալությունների եւ Արցախի կորստի հետ կապ չունի:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ, եթե ես սկսեմ խոսել նրա 7 տարվա կառավարումից եւ դրա հետեւանքով ծագած սխալներից, դա կտեւի ժամեր՝ այնքան բան կասեմ: Այսինքն, թե ինչու է Նիկոլը մանկապիղծ համարում հոգեւորականներին եւ ցանկանում է Կաթողիկոսին փոխել, ես կարող եմ մի բան ասել, նա բոլոր կառույցները՝ դատական համակարգը, ոստիկանությունը եւ այլն, բերել իր տակն է փռել, եւ հետեւաբար իր կողմից կառավարվում են խամաճիկներ: Եվ ինչ ուզում, ասում է, նրանք էլ կատարում են: Օրինակ, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որն աբսուրդ էր: Եվ ստացվում է, որ միակ կառույցը, որն իրեն չի ենթարկվում, եկեղեցին է: Եվ քանի որ եկեղեցու վրա չի կարողանում ազդեցություն ունենալ, դեռ մի բան էլ, ոչ իր սրտով գործունեություն է ծավալում եկեղեցին՝ միջազգային տարբեր եկեղեցական ֆորումներում խոսում է հայ գերիների մասին, Արցախի մասին եւ Հայաստանի շահերն է հետապնդում, այդ պատճառով Նիկոլ Փաշինյանին եւ ադրբեջանական իշանություններին դա դուր չի գալիս: Դա է պատճառը, որ Փաշինյանն ընկել է եկեղեցու հետեւից ու ընդամենը թոզ է փչում անտեղյակ մարդկանց աչքերին, թե բա՝ Կաթողկոսին պետք է փոխել, քանի որ վերջինս կուսակրոնության ուխտը դրժել է: Էլի եմ ասում՝ Կաթողիկոսի երեխա ունենալ-չունենալն ինձ չի խանգարում: Թող Նիկոլ Փաշինյանն էլ մանր օրենքներ խախտած լիներ, բայց իր խոշոր պարտականությունները որակով կատարեր:
— Առկա իրավիճակում՝ ինչո՞ւ է այսքան պասիվ հասարակությունը եւ հատկապես մշակութային գործիչները:
— Շատերը քայլ արեցին: Օրինակ, ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանը Սամվել Կարապետյանի դատավարության ընթացքում եղել է դատարանի առջեւ: Իմ լավ ընկեր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը չի լռում: Իմ անունից ասեմ, լինելով երաժիշտ, երգահան, երբեք հաշվարկ չեմ անում իմ խոսքը ասելուց: Եթե գտնում եմ, որ պետք է խոսել, ապա խոսում եմ: Իսկ մնացած 70-80 տոկոսը, որ լռում են, ինձ համար դա անընդունելի է: Անտարբերությունն ամենամեծ չարիքն է: Անտարբերությունն ավելի վատ է, քան նիկոլիզմը: Մեծամասնությունը քայլ չարեց ու չի էլ անի, եթե անգամ թուրքը մտնի Երեւան: Նրանց մեջ է նաեւ Տիգրան Մանսուրյանը, ում ես շատ-շատ հարգում եմ, Գարիկ Պապոյանը, ով ժամանակակից երաժշտություն է ստեղծում, Սոնա Ռուբենյանը եւ այլն: Շատ անուններ կարող եմ տալ: Սակայն իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, թե ինչու լուռ մնացին: Ես կարող եմ քարկոծել նրանց՝ իրենց լռության համար, բայց երբ Հայաստանը թրքանա, նրանք էլ մեր՝ բոլորի նման տուժելու են ու դառնալու են թուրքերի ստրուկներ, կամ թողնելու են երկիրը, գնան գլենդելներում իրենց հանգիստ կարիերան շարունակեն: Սա է մեր իրականությունը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
