ԽԱՂԱՂՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ԿԱՐՈՂ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ
ՎերլուծությունԵվ այսպես, կարծես թե իրանա-իսրայելյան պատերազմը տեղափոխվում է հրադադարի փուլ: Իհարկե, պետք չէ բացառել, որ դեռ նոր հարվածներ կարող են լինել: Բայց ընդհանրական իմաստով, հակամարտության ընթացքի տրամաբանությունը տանում է «լեզու գտնելու» տեսլականի ուղղությամբ:
ԻՐԱՆԻ «ՏԱՐՕՐԻՆԱԿ» ՊԱՏԱՍԽԱՆԸ
Ի՞նչ տեղի ունեցավ նախօրեին: Իրանը ցուցադրական հարվածներ հասցրեց Դոհայում ամերիկյան ռազմաբազային: Քիչ անց Թրամփը հայտարարեց, թե ոչ մի պատասխան էլ չի լինելու: Ապա, թե Իրանն ու Իսրայելը հրադադարի պայմանավորվածություն ունեն: Հաստատող եւ հերքող տարաբնույթ հայտարարություններից հետո Թրամփը երեկ առավոտյան հայտարարեց, թե՝ զինադադարի ժամն է: Արաղչին էլ արձագանքեց. «Ներկայումս հրադադարի կամ գործողությունների դադարեցման համաձայնագիր չկա: Այնուամենայնիվ, եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական հարձակումները Իրանի ժողովրդի վրա, մենք նույնպես մտադիր չենք շարունակել հակահարված տալ»:
Հասկանալու համար, թե ուր սա կտանի, թերեւս պետք է նախ գլուխ հանել, թե իրականում ինչպես հասան այդ հրադադարին, երբ դրանից ընդամենը մեկ օր առաջ ԱՄՆ-ն հզոր զինատեսակներով հարվածում էր Իրանին, վերջինս էլ խոստանում էր փակել Հորմուզի նեղուցն ու միջուկային զենք ստեղծել: Ժամանակագրական առումով արձանագրվեցին հետեւյալ փաստերը: Նախ, ամերիկյան հարվածներից հետո ամենաառանցքային դրվագներից էր Արաղչիի այցը Մոսկվա եւ Պուտինի հետ հանդիպումը: Թե ինչ արդյունքներ տվեց այդ հանդիպումը, կարելի է միայն ենթադրել, հաշվի առնելով, որ բացի բուն հանդիպման փաստը ֆիքսելուց, որեւէ այլ տեղեկատվություն այդ մասին այդպես էլ չներկայացվեց: Եվ ահա, դրան հաջորդեցին միանգամայն «տարօրինակ» զարգացումներ: Հանկարծ միջազգային լրատվական դաշտը, ընդհուպ ժամի ճշգրտությամբ, հայտնեց, թե Իրանը պատրաստվում է հարվածել Քաթարում ամերիկյան ռազմաբազային: Որտեղից, ի դեպ, դուրս էր բերվել ողջ կոնտինգենտը: Ավելին, հարվածից հետո Թրամփը, հայտարարելով, որ պատասխան չի լինի, մի բան էլ շնորհակալություն հայտնեց Իրանին, որ ժամանակին տեղեկացրել է հարձակման մասին: Իհարկե, աբսուրդ բան է ստացվում. պատրաստվում ես մեկին «վրեժի հարված» հասցնել, բայց այդ մասին ժամեր առաջ հայտնում ես, թե պատրաստ եղիր: Իրականում պատկերը հասկանալի էր. պետք էր Իրանի պատասխան կոչվածը, ցույց տալու համար, թե, տեսեք, Թեհրանը ծնկի չի եկել, համարձակորեն հարվածում է ամերիկյան բազային: Թրամփն էլ, որքան էլ պայմանավորված, բայց իր հերթին «կուլ գնաց»՝ դրան չպատասխանելով: Կանխավ զգուշացված, թե՝ ոչ, սակայն դա ամերիկյան բազային, այն է՝ ԱՄՆ-ի հեղինակությանը հասցված հարված էր: Եվ երբ չես պատասխանում՝ «կուլ տալով» հեղինակության պահը, նշանակում է՝ ցանկանում ես, որ այդ ամենի տակ դրված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Ու նաեւ այն, որ այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվել Պուտինի եւ Արաղչիի հանդիպմանը, որը, շատ մեծ հավանականությամբ, զուգորդվել է առնվազն Կրեմլի եւ Սպիտակ տան միջեւ ստվերային շփումներով, գործնականում կասկած չի հարուցում:
ԻՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԸ ՄՈՍԿՎԱՆ Է
Խորքային իմաստով ունենք այս պատկերը: Իսրայելի հարվածների առաջին օրը Թրամփը պաշտոնապես հայտարարում էր, թե սպասում է Իրանի կապիտուլյացիային: Իսկ մի քանի օրից, թե Պուտինն առաջարկել է միջնորդություն, բայց նա ավելի լավ է` Ուկրաինայի հարցերով զբաղվի: Իրանի կապիտուլյացիայի պահանջը Թրամփը հետագայում էլ շարունակեց, դրա տակ դնելով սպառնալիք, թե ԱՄՆ-ն կմտնի պատերազմի մեջ: Եվ միայն այն բանից հետո, երբ ամերիկյան հարվածներն իրականություն էին, կապիտուլյացիայի թեման Թրամփի լեքսիկոնից դուրս եկավ՝ առաջ բերելով զինադադարի գաղափարը:
Թե որն էր նման տրանսֆորմացիայի եւ հատկապես՝ վերջին կտրուկ տեղաշարժի պատճառը, թերեւս կարելի է կռահել: Այն, որ ամերիկյան հարվածները, մեղմ ասած, Իրանին ծնկի չբերեցին, հասկացան բոլորը: Ավելին, որ ԱՄՆ-ն (Իսրայելը) կարող է շարունակել նման հարվածները եւ կունենա նույն արդյունքը: Դա եւս հաստատեց հայտնի ենթադրությունը՝ իրանական խնդիրը սեփական տեսլականով լուծելու համար ԱՄՆ-ին պետք էր կա´մ ներքին հեղաշրջում, կա´մ ցամաքային օպերացիա, սակայն երկու տարբերակով էլ հաջողության հավանականությունը բավականին փոքր է: Ընդ որում, երկարաժամկետ պատերազմը Իսրայելի համար կարող է լուրջ հետեւանքներ ունենալ՝ նյութական եւ մարդկային կորուստների առումով: Մնում էր մտնել բանակցային դաշտ՝ որոշակի զիջումներով, եւ այս հարցում, ինչպես քանիցս նշելու առիթներ ունեցել ենք, միակ ռեալ մեխանիզմը Մոսկվայի միջնորդությունն էր:
Մյուս կողմից, իրավիճակը, ինչ խոսք, մեղմ ասած՝ նաեւ Իրանի համար էր տհաճ: Իհարկե, Իսլամական Հանրապետությունը ցույց տվեց, որ կարող է ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ երկարաժամկետ կտրվածքով համառ պայքարի մեջ մտնել՝ անորոշ արդյունքի սպասելիքով: Բայց եթե անգամ պայքարի արդյունքում բացարձակ հաղթանակ ուրվագծվեր, մեկ է, այդ ճանապարհին Իրանը հսկայական կորուստների էր բախվելու՝ նյութական, մարդկային եւ այլն: Այն է՝ ավելի ձեռնտու է որոշակի զիջումներով էս գլխից պայմանավորվածությունների գալը: Ու բնական է, այս դեպքում եւս հիմնական աշխատող մեխանիզմը Մոսկվայի միջնորդությունն էր:
Կարճ ասած, ամերիկյան հարվածներից հետո կողմերի համար ակնհայտորեն ձեռնտու դարձավ պատերազմի արգելակումը, եւ դա իրականացվեց «պատասխան հարվածի» միջոցով ԱՄՆ-ի հեղիկանությանը մի փոքրիկ հարված հասցնելով՝ Իրանի «դեմքը փրկելու» խաղի միջոցով: Ու զավեշտի է նմանվում, երբ պաշտոնապես հայտարարում են, թե զինադադարը Քաթարի միջնորդությամբ է. իրական միջնորդը Մոսկվան է:
ՀՐԱԴԱԴԱՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ՞
Թե այդ հրադադար կոչվածը որքա՞ն կշարունակվի, կախված է հարցից, թե վերջնական ի՞նչ պայմանավորվածությունների հնարավոր կլինի հասնել բանակցությունների միջոցով: Հիշեցնենք՝ Իրանի նախնական պահանջն էր՝ իր խաղաղ միջուկային էներգետիկայի իրավունքի ընդունումը, որը ենթադրում է մինչեւ որոշակի աստիճան ուրանի հարստացում: Նաեւ, որ Իրանը պահպանում է իր հրթիռային ոլորտը, իսկ պատժամիջոցները չեղարկվում են: Իսկ խոշոր հաշվով, որ Իրանը պահպանում է իր հարաբերական սուվերենությունը: Իսկ ԱՄՆ-ն, ակնհայտորեն, հետապնդում է ոչ թե ընդամենը նպատակ, թե Իրանը միջուկային զենք չպետք է ունենա, այլ, որ այդ երկիրը դառնա վերահսկելի: Խոսքը, բնականաբար, իրանական էներգետիկ ռեսուրսների վերահսկողության մասին է, որը վերահսկելու դեպքում Թրամփը կկարողանար ծանր հարված հասցնել Չինաստանին:
Այսպիսով, հիմա արդեն Վաշինգտոնը պատրա՞ստ է այդ նկրտումներից հրաժարվել: Եթե չի կարողանում գրավել Իրանը, երեւի այլ տարբերակ չկա: Եվ, ի դեպ, այս ամբողջ աղմուկ-աղաղակի ֆոնին, Թրամփը հանկարծ հիշեց Մեդվեդեւի աղմուկ հանած գրառման մասին, թե՝ «Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը»: Երբ Մեդվեդեւի այդ գրառմանն ԱՄՆ-ն անդրադառնում է փոխնախագահի, ապա՝ նախագահի մակարդակով, դա հարց է առաջ քաշում՝ Սպիտակ տանը չկա՞ն մտավախություններ, որ այդ «մի շարք երկրներից» մեկն էլ Չինաստանը չէ, կամ արդյոք այդ «միջուկային զենքն» արդեն Իրանում չէ՞, եթե ամերիկյան այս խաղի հեռանկարային եւ հիմնական թիրախը հենց Պեկինն է: Եվ եթե հանկարծ այդպես է, ապա Իրանը գրավելու հեռանկարը դառնում է ոչ թե մշուշոտ, այլ՝ ապոկալիպսիսի հասնելու ամենակարճ ուղին: Իսկ այս հանգամանքն իր հերթին է առաջին պլան բերում որոշակի պայմանավորվածություններով հաշտության սցենարը:
Այսպիսով, թեեւ Թրամփի մատնանշած ժամանակից հետո էլ քանիցս խոսակցություններ տարածվեցին եւ հերքվեցին Իրանի կամ Իսրայելի կողմից նոր հարվածների մասին, Թրամփը նորից խառնվեց, թե՝ «Գրողը տանի, չեն հասկանում, թե ինչ են անում»: Բայց եթե անգամ մի քանի հարված առաջիկայում էլ հասցվեն, դրանից ընդհանրական իրավիճակը չի փոխվում. պատերազմի շարունակությունը կողմերի համար, գոնե այս բոլոր իրողությունների ֆոնին, հարցեր չի լուծում, եւ, ընդհակառակը, միայն նոր եւ մեծ կորուստներ է խոստանում: Իսկ էսկալացիան կարող է տանել մինչեւ Երրորդ աշխարհամարտ: Մնում է ինչ-որ կերպ պայմանավորվել:
