Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է Թուրքիայի նոքյարի. Շարմազանով
Ներքաղաքական«Իրավունք»-ը զրուցել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ՝ անդրադառնալով ուխտերթին դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին մարտահրավերներին:
— Դուք եւ Ձեր կուսակիցներն ի՞նչ սպասումներով էիք գնացել ուխտերթի՝ դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
— Նախ Սուրբ Էջմիածնի տոնն էր: Բացի այդ, վերջին շրջանում Հայաստանի թրքահպատակ ռեժիմն արշավ է սկսել Վեհափառ Հայրապետի, Հայ Առաքելական եկեղեցու եւ մեր ազգային ինքնության դեմ։ Դա Բոլթոնի (2018-2019 թթ. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական) ծրագիրն է, որը դեռեւս 2018 թվականին կոչ է արել Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվել պատմական, ազգային կաղապարներից։
Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց, հայաթափեց, Արցախի հերոսներին վարկաբեկեց, մերժեց, դատապարտեց, հիմա անցել է բարերարներին եւ եկեղեցուն։ Այս ուխտերթը ի պաշտպանություն էր մեր ինքնության, մեր Առաքելական եկեղեցու, մեր Վեհափառի, ինչու ոչ, նաեւ` եկեղեցու բարերար, ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Սա ուխտագնահատություն էր, քայլարշավ, որ հայ ժողովուրդը հաշտ չէ այս ռեժիմի թրքաբարո, հակահայկական ու հակապետական գործողությունների հետ:
— Պարոն Շարմազանով, փաստորեն, ստեղծված իրավիճակում էլի հույսներս դրել ենք Աստծո վրա՞:
— Ցանկացած քրիստոնյայի համար միակ հույսն Աստված է: Բա ինչո՞ւ ենք ասում՝ հույս, հավատ եւ սեր: Աստված հույս է, հավատ է, սեր է: Բայց ռուսը մի լավ խոսք ունի՝ «на бога надейся, а сам не плошай»: Չի կարելի դիվանին նստած մնալ եւ հույսը դնել Աստծո վրա: Աստված մեզ խելք է տվել, որ շարժվենք, բանականություն, սիրտ ու հոգի է տվել, որ գիտակցենք՝ հայրենիքին ու ժողովրդին դավաճանությունն ու ուրացումը հանցագործություն է: Իհարկե, Աստծո հույսով ու հովանավորությամբ, բայց մեր ազգային գործունեությամբ պետք է լուծումը լինի: Սատարում եմ ե՛ւ Վեհափառին, ե՛ւ մեր մայր եկեղեցուն, ե՛ւ, բնականաբար, բոլոր քաղբանտարկյալներին՝ Արմեն Աշոտյանին, Սամվել Կարապետյանին ու բոլորին:
— Մինչ Հայաստանում ներքաղաքական պրոցեսներն են ավելի ակտուալ, մեր տարածաշրջանում իրավիճակը գերլարված է: Միացյալ Նահանգներն ուղիղ հարված հասցրեց Իրանին: Չենք ուշանո՞ւմ՝ նախ մեր ներքին խնդիրները լուծելու հարցում:
— Դե արդեն շատ ենք ուշացել, բայց ի՞նչ անենք, սպասենք, ընդհանրապես կկործանվենք: 2018 թվի ապրիլի 23-ից ուշացած ենք, երբ մերժեցին Սերժ Սարգսյանին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, երբ Արցախը հանձնվեց, էլի մնաց, երբ 2021 թվականի ընտրությունների գնաց եւ ժողովրդին խաբելով՝ վերընտրվեց, երբ Պրահայում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արցախը հանձնեց, երբ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայթափման ժամանակ ասաց` ես չեմ ներքաշվելու պատերազմի մեջ, երբ այսօր արդեն խոսում է պատմական ու իրական Հայաստանների հակասությունների մասին եւ վերափոխում է Հայոց պատմությունը` դարձնելով Հայաստանի պատմություն: Այս մարդը Հայաստանի Հանրապետությունում թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու է:
— Ի դեպ, Ձեր գնահատմամբ՝ ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցը, եւ ի՞նչ տպավորություն եք ստացել:
— Ես Նիկոլ Փաշինյանից ոչ մի դրական սպասելիք չունեմ։ Առնվազն 5 տարի է` Ձեր եթերում ասում եմ` Նիկոլ Փաշինյանը փոխում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը՝ վեկտորը, եւ Հայաստանը Ռուսաստանի դաշնակցից վերածվում է Թուրքիային նոքյարի: Ինքն էլ թուրքական վալիի կարգավիճակ ունի. ով չգիտի` վալին ինչ է, ասեմ՝ վիլայեթի ղեկավարն է, նահանգապետը: Գնացել էր հրահանգներ ստանար, գար: Նա Ցեղասպանությունն է ուրացել: Ելույթը լսե՞լ եք: Ու մարդիկ կային, նստած հարցեր էին տալիս Փաշինյանին, մեկը ո՛չ Ցեղասպանությունից խոսեց, ո՛չ Արցախից, ո՛չ հայաթափումից:
Նիկոլ Փաշինյանն Ալիեւի հետ մտել է մրցակցության մեջ, թե ով ավելի մեծ հավատարմություն կտա Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Եթե Ալիեւը մի քանի տեղ կարող է Էրդողանի ասածն այդքան էլ չանի կամ կռիվ անեն, Էրդողանն ասի` մենք ենք հաղթել Արցախում, Ալիեւն ասի` չէ՛, մենք ենք հաղթել: Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է` իմ իշխանությունն էլ, երկիրն էլ, ժողովուրդն էլ, ինչպես որոշես, այդպես է լինելու: Հայաստանը ուղիղ դնում է Թուրքիայից վասալության մեջ:
— Իսկ իմպիչմենտի գործընթացը կենսունակ համարու՞մ եք, երբ դեռ չկա դրա շուրջ լայն համախմբում:
— Համախմբումն էլ ինչպե՞ս է լինում՝ այսպես, ինչպես տեսաք ուխտերթին: Ժողովրդի, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մտավորականության, հասարակ հայ քաղաքացիների մտահոգ համախմբվածությամբ կա՛մ կլինի Հայաստան, կա՛մ կլինի նիկոլական Թուրքաստան։
— Գործարար Սամվել Կարապետյանի կալանավորումը կարո՞ղ է ընդդիմությանը համախմբման ազդակ դառնալ, թե՞, այնուհանդերձ, քաղաքական գործիչները պիտի որոշեն հնարավոր ելքը եւ ոչ բարերարները։
— Սա լոկ քաղաքական խնդիր չէ, այլ ազգային ինքնության պաշտպանման, Հայաստանի Հանրապետության գոյության խնդիր է: Սա քաղաքական, կուսակցական հարց չէ, որ ասենք՝ Հանրապետականն առաջնորդի, ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե մի այլ 3-րդ ուժ: Սա ազգային ինքնության խնդիր է: Այսօր հայ ազգը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առաջ: Մենք գահավիժում ենք, եւ ցանկացած հայ մարդ` լինի բարերար, թե հովիվ, քաղաքական գործիչ, թե սովորական մանկավարժ, ով հավատարիմ է խաչի ու մեսրոպյան այբուբենի հայոց վեհ գաղափարին, պետք է հավատարիմ մնա եւ սատարի թե՛ եկեղեցուն, թե՛ Նիկոլի դեմ շարժմանը եւ թե՛ ազգային բարերար Սամվել Կարապետյանին:
Այն, ինչ Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվում է, ոչ միայն խայտառակություն է, այլ մեր ազգի ամոթն է: Ալիեւը Ռուբեն Վարդանյանին է դատում, Նիկոլ Փաշինյանը` Սամվել Կարապետյանին՝ երկու ազգային բարերարների, ովքեր ամենաշատն են ներդրում արել Արցախում, ովքեր ամենաշատն են պաշտպանել Արցախն ու արցախահայությանը: Ու պատահական չէ, որ բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվեց նույն այն օրը՝ հունիսի 18-ին, ինչ 4 տարի առաջ՝ 2021 թվականի հունիս 18-ին Ադրբեջանը նրա նկատմամբ հայտարարել էր միջազգային հետախուզում: Երեւի, Փաշինյանի Ստամբուլ գնալու կետերից մեկն էլ հենց դա էր, որ գնար Էրդողանին զեկուցեր, թե ազգային բարերարին էլ է կալանավորել։
Ես ասել եմ` եթե Աստված չանի, մենք չհաջողենք («մենք» ասելով՝ նկատի ունեմ հայ ժողովուրդը), եւ Նիկոլը չհեռացվի կամ չհեռանա օրինական սահմանադրական ճանապարհով՝ լինի իմպչմենթ, թե անհնազանդություն, մենք վերջանալու ենք՝ որպես ազգ: Լինելու ենք համայնք: Հայաստանը Նիկոլ Փաշինյանն ուզում է դարձնել Ստամբուլի հայ համայնքի կարգավիճակի մի բան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
