ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐՎԱԾՆԵՐՆ ԻՐԱՆԻՆ ՄԵԾ ՕԳՈՒՏ ՏՎԵՑԻՆ
Վերլուծություն
Եվ այսպես, Իրանի շուրջ իրավիճակն ամերիկյան աղմուկ հանած ռմբակոծությունից հետո դուրս եկավ իրանա-իսրայելյան փոխադարձ հարվածների «ստանդարտ» դարձած վիճակից: Ավելի կոնկրետ՝ առավելագույն սրությունը, որը հնարավոր էր իրավիճակին հաղորդել, ամերիկյան այդ հարվածները տվեցին: Ու հիմա հիմնական է դառնում նաեւ Դմիտրի Մեդվեդեւի հնչեցրած հարցադրումը՝ լավ, բա հետո՞, ինչի՞ հասան ամերիկացիները Իրանի երեք կետերի վրա գիշերային հարվածով։
ԱՄՆ-Ն ԼԵԳԻՏԻՄԱՑՐԵՑ ԻՐԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Այս սրացումները, իհարկե, նորից օրակարգ են բերում մեզ համար ամենակարեւոր հարցը՝ ի՞նչ է այս վիճակը խոստանում Հայաստանին: Սրան դեռ կհասնենք: Մինչ այդ, հասկանալ է պետք՝ ո՞ւր կարող է տանել աստիճանաբար անկանխատեսելի, այն է՝ անկառավարելի ընթացք ստացող ներկա իրավիճակը: Հաշվի առնելով, որ հենց դրանից է բխում, թե մեր երկրին այս իրողություններն ինչ են խոստանալու:
Այսպիսով, ի՞նչ ունենք այս պահին: Նախ, թեեւ Թրամփը հպարտորեն հայտարարում է, որ ամերիկյան այդ հարվածները զրոյացրին Իրանի միջուկային ծրագիրը, սակայն բոլորն են հասկանում, որ նման բան չկա: Ավելին, մի շարք հեղինակավոր եւ տեղյակ ռազմական փորձագետներ պնդում են, որ մասնավորապես Իրանի Ֆորդոյի ստորգետնյա միջուկային կայանը ոչ միայն անվնաս է, այլեւ գործնականում անձեռնմխելի է։ Այսինքն, դեռ նույն կարգի՝ 10 եւ ավելի տոննայանոց տասնյակ ռումբեր հենց նույն կետին պետք է հարվածեն, որ կարողանան ճեղքել Ֆորդոյի կայանի մոտ 100 մետրանոց գրանիտե եւ բետոնե պաշտպանիչ շերտը՝ բուն կայանին հասնելու համար: Իսկ դա իրատեսական չէ: Ավելին, մի շարք աղբյուրներ հաստատում են, որ այդ կայանը պաշտպանված է անգամ միջուկային ռումբի ուղիղ հարվածից: Բայց եթե անգամ այդ ճեղքումն իրականանա, ամերիկացիները հասնեն Ֆորդոյի ստորգետնյա հատվածին, ապա, ինչպես իրանական կողմն է հաստատում, անգամ դա Իրանին չի խանգարի, որ եթե ցանկանան, միջուկային զենք ստեղծեն: Նման է, որ հարստացված ուրանի պաշարները գոնե մասնակիորեն Ֆորդոյից տեղափոխել են, միգուցե կենտրոնացրել մի քանի այլ վայրերում: Իսկ դրա հիման վրա միջուկային ռումբ ստեղծելը, որը էապես կփոխի ուժային բալանսը, Իրանը կարող է իրականացնել:
Ընդ որում, հենց ամերիկյան հարվածներն էլ լեգիտիմացրին Իրանի՝ միջուկային զենք ստեղծելու ցանկությունը: Այսպես, այդ հարվածների ֆոնին՝ ՌԴ-ի, Չինաստանի եւ Պակիստանի նախաձեռնությամբ անցկացված ԱՄԿ-ի ԱԽ արտակարգ նիստում ինչպես նախաձեռնող երկրների, այնպես էլ Իրանի ներկայացուցիչները մատնանշեցին, որ Թրամփի այդ հարվածներն իրականացվել են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով: Այսինքն, եթե ժամանակին, երբ ԱՄՆ-ն հարձակվում էր Իրաքի վրա, ինչ-որ սրվակ էին ցուցադրում, թե տեսեք, Սադամը քիմիական զենք է ստեղծում, հիմա անգամ դա չարվեց: Այն է՝ չկա որեւէ հիմնավորում, որ Իրանն իրոք միջուկային զենք էր ստեղծում, չկար այդ հիմքի վրա ՄԱԿ-ի ԱԽ-ի որեւէ որոշում: Հենց այդ փաստերն էլ մատնանշեց ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ, դոկտոր Սաիդ Իրովանին, որ պարզապես Իրանի վրա իրականացվել է հարձակում, եւ Իրանը բոլոր միջոցներով իրավունք ունի պաշտպանվել: Ավելին, որ պրովոկացիան կազմակերպվել է ԱԷՄԳ-ի անմիջական մասնակցությամբ, այն դեպքում, երբ հարվածներ են հասցվել խաղաղ միջուկային էներգետիկայով զբաղվող օբյեկտներին: Այն է՝ Իրանը փաստացի միջուկային ուղղվածության գրոհի է ենթարկվել եւ իրավունք ունի համարժեք պաշտպանության տարրեր, այն է՝ միջուկային զենք ստեղծել:
Բացի այս, ամերիկյան այդ հարվածները լեգիտիմացրին Իրանի եւս մեկ հնարավոր քայլ: Այն է՝ Հորմուզի նեղուցի փակումը: Այն, որ Իրանն ի զորու է դա անել, հասկանում են նաեւ Վաշինգտոնում: Այսինքն, երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրապարակային կոչով դիմեց Չինաստանին` համոզել Իրանին` չփակել Հորմուզի նեղուցը, դրանով նա արդեն խոստովանեց, որ Իրանը դրա հնարավորություններն ունի: Ավելին, եթե մի երկրի միջուկային օբյեկտներին հարվածում ես խորքային ռումբերով, ապա դա նաեւ տվյալ երկրին բարոյական իրավունք է տալիս՝ հասցնել ցանկացած պատասխան, այդ թվում՝ նեղուցը փակելու տեսքով:
Ասենք, Թրամփը լեգիտիմացրեց նաեւ տարածաշրջանում ամերիկյան բազաներին Իրանի հարվածելու իրավունքը. նման հարվածներն արդեն կորակավորվեն, որպես պատասխան գործողություն, որի հնարավորությունը միջազգային իրավունքը տալիս է:
Կարճ ասած, շատ բաներ, որ մինչ այդ հարվածներն Իրանը չէր կարող անել, հիմա արդեն կարող է:
ԻՆՉ ԱԿՆԱՐԿԵՑ ՄԵԴՎԵԴԵՎԸ
Արդյունքում, Մեդվեդեւը հենց այնպես առաջ չքաշեց հարցերի շարք, թե՝ «Ի՞նչի հասան ամերիկացիները»: Նա իրավիճակը գնահատում է՝ ըստ հետեւյալ թեզերի.
Իրանի ատոմային ծրագիրը մնում է կենսունակ, եւ «այժմ մենք կարող ենք ուղղակիորեն ասել՝ եւ միջուկային զենքի ապագա արտադրությունը կշարունակվի»։
Եթե ոչ, ապա` «Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը»:
ԱՄՆ-ն հիմա ներքաշվել է «նոր հակամարտության մեջ՝ ցամաքային գործողության հեռանկարով»:
Իրանի քաղաքական ռեժիմը մի բան էլ ամրացել է: Բայց փոխարենը, ներքին խնդիրներ կան Իսրայելում:
Մի խոսքով, Թրամփը «չի տեսնի Նոբելյան խաղաղության մրցանակը»:
Հարցադրումները, թերեւս, ճիշտ կետին են հարվածել, հաշվի առնելով, որ փոխնախագահ Վենսը շտապեց արձագանքել: Ու այն հիմնական իմաստով, թե այս մտքերն անձամբ Մեդվեդեւի՞ց են գալիս, թե՝ Մոսկվայի մեսիջն է: Ու սա շատ լուրջ մտահոգություն է, հաշվի առնելով հենց միայն Մեդվեդեւի թեզը, թե` «Մի շարք երկրներ պատրաստ են անմիջապես Իրանին մատակարարել իրենց միջուկային զենքը»: Ո՞ւմ մասին է խոսքը, նա փակագծեր չի բացում: Մինչդեռ չմոռանանք, որ միջուկային զենք ունեցող երկրների ցանկը խիստ սահմանափակ է` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Բրիտանիա, Հնդկաստան, Հյուսիսային Կորեա, Պակիստան: Ոչ պաշտոնապես, նաեւ Իսրայել: ԱՄՆ-ին եւ Իսրայելին միանգամից բացառենք: Ֆրանսիային եւ Բրիտանիային` նույնպես: Հնդկաստանը հազիվ թե Իրանին միջուկային զենք տա: Պակիստանը մի պահ խոստացավ, միգուցե տա, բայց էլի քիչ հավանական է:
Մնացին Ռուսաստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան: Մեդվեդեւը խոսում է «մի շարք երկրներից», ու այդ շարքի հավանական թեկնածուների թիվը երեքն է։ Ու դա հաշվի առնելով, Մեդվեդեւի հայտարարությունը նաեւ մեսիջի տեսք է ստանում:
ԹՐԱՄՓԻ ԳՈՐԾԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԼԱՎ ՉԵՆ
Սակայն Թրամփի հիմնական խնդիրն այս պահին անգամ Իրանի միջուկային զենք ունենալ-չունենալը չէ: Լավ, ասենք մի քանի հարված հասցրեց, հետո՞: Գլխավոր նպատակին, որը նաեւ Մեդվեդեւի գրառման մեջ է նկատվում, Իսրայելն ու ԱՄՆ-ն չհասան: Այն է՝ Իրանում հեղաշրջում իրականացնելը: Անգամ եթե սպանեն Գերագույն առաջնորդին, հարցն էլի չի լուծվի. նա արդեն իսկ իրեն փոխարինող է նշանակել: Իրանում քաոս ստեղծելն էլ դժվար է, քանի որ իրանական ուժային համակարգը՝ բանակն ու ոստիկանությունն այս հեռահար հարվածներից չեն տուժել եւ ի զորու են ներքին կայունությունը պահել: Առավել եւս, որ անցել են ռազմական ռեժիմի: Ժողովուրդն էլ հակաիշխանական ելույթների փոխարեն, իշխանություններից պատասխան հարվածներ եւ միջուկային զենք ստեղծել է պահանջում: Իհարկե, ԱՄՆ-ն դեռ կարող է մի քանի նման հարված եւս իրականացնել, բայց դա հազիվ թե ընդհանրական պատկերը փոխի:
Այդպիսով, Իրանում իշխանափոխության միակ տարբերակ է մնում ցամաքային ներխուժումը: Բայց դրա հաջողության որեւէ ռեալ շանս Թրամփն ակնհայտորեն չունի: Ու եթե սրան էլ հանկարծ գումարվեց Հորմուզի նեղուցը փակելու որոշումը, Թրամփը լրջագույն խնդիրների առաջ է կանգնելու: Սրանից զատ էլ, արաբական երկրները Թրամփին խոստացել էին խոշոր ներդրումներ՝ տարածաշրջանում նոր պատերազմ չսկսելու դիմաց: Ենթադրելի է, որ այս ծրագրերը եւս, եթե հետագա շիկացում լինի, կզրոյանան: Էլ չասած, որ ԱՄՆ-ում դեմոկրատներն արդեն իսկ «տարօրինակ» հարցեր են տալիս՝ թե Թրամփն այդ ի՞նչ իրավունքով է ԱՄՆ-ն նման վտագավոր պատմության մեջ ներքաշել: Դրան էլ գումարած, սկսվել է փողոցային բողոքի հերթական (հակամիգրացիոն ալիքի ֆոնին) ալիքը՝ Թրամփի իմպիչմենտի պահանջով:
Կարճ ասած, գործնականում ոչինչ չստանալով, Թրամփը հայտնվել է ծայրահեղ բարդ իրավիճակում. հետաքրքիր է, թե Նեթանյահուն ինչո՞վ է նման ազդեցություն ձեռք բերել: Ընդ որում, ամենավատն այն է, որ այս պահին նրա շանսերը, որքան էլ պարադոքսալ թվա, կախված են Իրանի գործողություններից: Իսկ ահա Թեհրանը, նման է, որ միանգամայն գրագետ, հաշվարկված քայլերով է առաջ շարժվում: Այն է՝ ԱՄՆ-ի դեմ պատասխան որեւէ «տաք» գործողություն չարվեց, եւ պաուզայից, այն է՝ պատրաստվելու ժամանակ տալուց հետո միայնամերիկյան ռազմաբազաներ ուղարկեց այնքան հրթիռ, որքան Իրանին հարվածած ամերիկյան ռումբերն էին: Խորհրդարանն ունի ինչպես միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու, այնպես էլ Հորմուզի նեղուցը փակելու որոշում: Սակայն Գերագույնը դա դեռ չի հաստատել:
Ու ամենաթեժ պահին արտգործնախարար Արաղչին հայտարարեց, որ մեկնում է Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու:
Այս ամենը մեկ բան է նշանակում՝ կա խորքային բանակցային գործընթաց: Ըստ ամենայնի՝ հետեւյալ մեխանիզմով. Իրանի խաղաղ միջուկային ծրագրի հարգում բոլորի կողմից, պատժամիջոցների չեղարկում, որի դիմաց Թեհրանը կխոստանա միջուկային զենք չստեղծել:
Եթե ոչ, Թրամփին կմնա անցնել ցամաքային օպերացիայի կամ նույնիսկ միջուկային հարվածների: Բայց այս դեպքում էլ մեծ հարց է, թե Մեդվեդեւի ասած այն «մի շարք երկրների միջուկային զենքը» արդեն Իրանում չէ՞ (հետաքրքիր է, թե Չինաստանից մի քանի ինքնաթիռային թռիչքներով ի՞նչ բերվեց Իրան»: Եվ եթե Իրանում է, ապա Իսրայել հասկացությունը կարող է առհասարակ վերանալ: