Խաղաղության պայմանագրում չկա անհետ կորածների, գերիների վերադարձի հարց. Թագուհի Թովմասյան
ԹեմաՄի քանի օր է, ինչ Բաղրամյան պողոտան փակ էին պահում պատերազմում անհետ կորածների ծնողները: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նշեց, որ փողոց փակած ծնողները ոչ թե եկել էին ինչ-որ պաշտոնյայի վերադարձի պահանջով, այլ իրենց վերջին հույսի համար:
- Այս ընթացքում նրանք հասել են այն արդյունքի, որ ամեն առանձին երեխայի դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ եւ առանձին որոշակի գործողություններ են իրականացվում: Այսինքն՝ փաստահավաք որոշակի գործողություններ արդեն արվել են: Ամեն անգամ, երբ նոր պաշտոնյա է գալիս, որ գա պետք է ասի՝ մի հատ ծանոթանամ, հասկանամ, շարունակականությունը չի ապահովում: Ծնողների մտավախությունը հենց սա է… Ծնողներն ուզում են, որ լինի մեկը, որը երաշխավորված իրենց հարցերին կպատասխանի ու երաշխավորված կզբաղվի իրենց խնդիրներով: Իսկ իրենց երեխաների խնդիրը մեր՝ բոլորիս խնդիրն է: Մեր բոլորի թասիբի ու նամուսի հարցն է: 2021 թվականի հունվարից անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցված են: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քայլ չի իրականացնում, որ անհետ կորածների վերադարձի, մասունքների որոնողական աշխատանքների հարցը ներառվի բանակցային գործընթացում: Խաղաղության պայմանագրում չկա անհետ կորածների, գերիների վերադարձի հարց:
