«ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ 10։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆ
ՍպորտՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը հաղթանակով է վերադարձել Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից։ Մեր պատանի ըմբիշները նվաճել են 5 մեդալ, որից 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե։ Այս գերազանց արդյունքով մեր ընտրանին թիմային պայքարում գրավել է առաջին հորիզոնականը։ Iravunk. com -ի մարզական լրագրողը Գյումրիում հանդիպել ու բացառիկ զրույց է ունեցել ոսկե մեդալակիր, պատանիների Եվրոպայի անցած տարվա չեմպիոն ՄԱՐԱՏ ԱՃԵՄՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Մարատ, փայլուն հաղթանակի առթիվ։ Երկրորդ տարին անընդմեջ դարձար պատանիների Եվրոպայի չեմպիոն։ Ինչպես ստացվեց։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 51 կգ քաշային կարգում։ Անցկացրել ե 4 գոտեմարտ ու բոլորին հաղթել բացարձակ առավելությամբ, որևէ մրցակցի որևէ միավոր չեմ տվել։ Մեկնարկում 9։0 հաշվով հաղթեցի հունգարացի մրցակցիս, նա Եվրոպայի առաջնության մրցանակակիր էր։ Ապա 8։0 հաշվով պարտության մատնեցի Մոլդովայի ներկայացուցչին։ Կիսաեզրափակչում 10։0 հաշվով հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս Ռիզվան Կաիրբեկովին։ Իսկ ահա եզրափակչում ոսկե մեդալի ճանապարհին, կրկին 10։0 հաշվով հաղթեցի ռուս ըմբիշին։ Ընդհանուր գոտեմարտերի արդյունքում 37։0 հաշվով հաղթեցի բոլոր հակառակորդներիս։ Շատ ուրախ եմ, որ կարողացա կրկնել անցած տարվա հաջողությունս ու կրկին չեմպիոն հռչակվեցի Եվրոպայի առաջնությունում։ Իմանալով, որ կիսաեզրափակչում ադրբեջանցի է լինելու մրցակիցս, բնական է, պատասխանատվությունը շատ մեծացավ ինձ մոտ, մեր թշնամի երկրից էր, ինձ մոտ այդ պահին շատ մեծացավ հաղթանակի ցանկությունը, որ ամեն գնով պիտի պայքարեի նրան հաղթելու համար, այլ տարբերակ չունեի։ Սակայն ամենադժվար գոտեմարտը առաջինն էր հունգարացու հետ պայքարը և եզրափակիչը ռուս ըմբիշի հետ։ Երբ իմ պատվին հնչեց մեր երկրի հիմնը, Եռագույն դրոշը ծածանվեց, այդ պահին ես շատ մեծ հպարտության զգացողություններ ունեցա։ Ամեն բան անելու եմ, որպեսզի Աշխարհի առաջնությանը ևս հաղթեմ, որը կկայանա 1,5 ամիս անց Հունաստանում։
- Շնորհակալություն, Մարատ, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։
- Շատ զգացված եմ ուշադրության համար։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
