Խայտառակություն. ՀՀ նախկին վարչապետ
ԹեմաՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ գրել է.
«Լրատվամիջոցները բառացիորեն միաժամանակ հանրությանը տեղեկացրեցին արտառոց միջադեպի մասին. հատուկ ջոկատայինները ‹‹գրոհել են›› խոշոր ձեռնարկատեր, հայտնի բարերար Սամվել Կարապետյանի առանձնատունը: Համապատասխան իրավապահ մարմնի ներկայացուցիչները առանձնատանը անց են կացրել խուզարկություն: Ըստ տարածվող լուրերի իրավապահները բերման են ենթարկել առանձնատան մուտքի մոտ կանգնած մի քանի տասնյակ անձանց, ենթադրաբար գործարարի բարեկամներին և հարևաններին:
Եվ այս ամենն ի պատասխան Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, որ ինքը որպես հավատացյալ հայ պատրաստ է պաշտպանել և բարոոյական աջակցություն ցուցաբերել Հայ Առաքելական Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերջին շրջանում իշխանությունների կողմից նախաձառնած աննախադեպ վարկաբեկիչ արշավին արժանապատվորեն դիմագրավելու գործում:
Թվում է թե Եկեղեցու հետևորդին հարիր, որոշակի հոգևոր և մտավոր արժեքներ կրող անհատին բնորոշ հայտարարություն է արել մեծ բարերարը:
Բայց ո՛չ: Ստացվում է, որ մեր Եկեղեցու հետևորդները իրավունք չունեն Կառավարության ղեկավարից ու նրա մերձակա շրջապատից տարբերվող կարծիք ունենալ: Ավելին, պարզվում է, որ ‹‹ժողովրդավարության բաստիոն›› Հայաստանում այլակարծությունը ոչ միայն չի խրախուսվում, այլև ‹‹վտանգավոր է››:
Ընդ որում նշյալ միջադեպի կապակցությամբ սոցցանցում ‹‹թաղային լեկսիկոնով›› իր գրառմամբ Նիկոլ Փաշինյանը փաստում է, որ Սամվել Կարապետյանի հանդեպ նա քաղաքական հետապնդում է նախաձեռնել:
Ավելին, իր վարքագծով Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայոց Վեհափառի հանդեպ իր վարկաբեկիչ ոտնձգությունները բացառապես քաղաքական նպատակ են հետապնդում: Եվ այս ամենը մեր մտավորականության կրավորական կեցվածքի պայմաններում: Խայտառակություն է»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
