«ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ ՀԱՂԹԵԼ ԷԻ ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ». ԲԱԶԿԱՄԱՐՏԻ Մ23 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Ռումինիայի Կլուջ Նապոկա քաղաքում կայացել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի բազկամարտիկները հաջող են հանդես եկել, նվաճելով 16 մեդալ, որից 7 ոսկե, 6 արծաթե ու 3 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել աղջիկների հավաքականի անդամ, ոսկե մեդալակիր, Աշխարհի առաջնության փոխչեմպիոն ՄԱՐԻԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
- Շնորհավորում ենք, Մարիամ, հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 65 կգ քաշային կարգում, մինչև 23 տարեկանների կազմում։ Բոլոր 4 հակառակորդներիս հաղթել եմ աջ ձեռքով։ Ձախ ձեռքով չեմ մասնակցել, քանի որ վնասվածք ունեի։ Հակառակորդներս ազգությամբ ուկրաինացի, ռումինացի, ֆրանսիացի էին, եզրափակչում էլ թուրքն էր։ Թուրք մրցակիցս բավականին ուժեղ էր ու փորձառու, սակայն նրան հաղթել էի նաև Աշխարհի առաջնության ժամանակ։ Սա իմ առաջին չեմպիոնությունն էր Եվրոպայի առաջնությունում։ Շատ անմոռանալի զգացողություններ ունեցա, երբ թուրքին հաղթեցի։ Այլ կերպ չէր կարող լինել, երբ իմացա, որ մրցակիցս թուրք մարզիկն է լինելու, միայն մտածում էի նրան հաղթելու մասին։ Շատ երկար էի պատրաստվել այս մրցաշարին։ Մինչ առաջնությունը հիվանդացել էի, սակայն բուժվեցի ու կարողացա հաջող հանդես գալ։ Ես շատ ուրախ եմ, որ առաջին աղջիկն եմ հայկական բազկամարտի պատմության մեջ, ով նվաճում է ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում։ Հաղթանակս նվիրում եմ քրոջս հիշատակին, սա շատ երկար սպասված հաղթանակ էր։ Ցավոք, չեմ ստանում պետական աջակցություն։ Ինձ ԱՄՆ -ից բարերարներն են աջակցել ֆինանսապես, որպեսզի մասնակցեի այս առաջնությանը, շատ շնորհակալ եմ նրանց։ Անկեղծ ասած, հարազատներս սկզբից դեմ էին, սակայն հետո տեսնելով նվաճումներս, համակերպվեցին ու հպարտանում են ինձանով։ Աշխարհի առաջնությանը ևս կաշխատեմ նվաճել ոսկե մեդալ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
