ԻՐԱՆՈՒՄ ԲԼԻՑ ԿՐԻԳԸ ՉՍՏԱՑՎԵՑ, ՀԵՏՈ՞…
ՎերլուծությունԻհարկե, երբ խոսում ենք Իրան-Իսրայել բախումների մասին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=315834&l=am), ապա այս հարցում, բացի առաջին պլանի երկու դերակատարներից, առաջնային են նաեւ արտաքին առանցքային ուժերի շահերն ու հակաշահերը: Այսինքն, որ խաղը պտտվում-պտտվում, եւ վերադառնում է ԱՄՆ-ՌԴ-Չինաստան տիրույթ, թերեւս հասկանալը դժվար չէ: Ուրեմն, խոշոր խաղացողներից ով եւ ինչ է ուզում այս պատմությունից:
Միացյալ Նահանգները շարունակում է ամրապնդել իր ռազմական ներկայությունը՝ ավելի ու ավելի ներգրավվելով հակամարտությունում: Թրամփը խոստովանեց, որ Վաշինգտոնը կաջակցի Թել Ավիվին, տեսանելի են դրա միանգամայն կոնկրետ դետալներ: Բայց մինչեւ ո՞ր աստիճան:
Երբ խոսվում է Իրանի քաղաքական համակարգի փոփոխության սցենարի մասին, ապա դա նաեւ նշանակում է, որ Վաշինգտոնի հիմնական ծրագրերում են Թեհրանին Մոսկվայի և Պեկինի հետ ռազմավարական գործընկերությունից պոկելը: Միայն թե, նման փոփոխությունը կպահանջի զգալի ջանքեր և ժամանակ, եւ այդ ընթացքում Պեկինն ու Մոսկվան հազիվ թե անտարբեր դիտորդի դերում մնան: Նախ, Պեկինը հսկայական ներդրումներ ունի Իրանում, նաեւ` այդ երկրի հետ կապված գլոբալ ծրագրեր: Իրանը չինական էներգակիրների հիմնական մատակարարներից է եւ այլն: Մոսկվան, բացի Իրանի հետ ռազմավարական համագործակցության հայտնի պայմանագրից, նաեւ փայփայում է Հյուսիս-Հարավ ռազմավարության հաշվի գլոբալ հարավ դուրս գալու գաղափարը: Հետևաբար, Պեկինը, ակնհայտորեն, անգործ չի նստի և կաջակցի իր դաշնակցին:
Այս ամենը հակամարտությանը հաղորդում է ձգձգվող բնույթի տպավորություն, ամեն դեպքում, դրա բոլոր նշանները կան, այդ թվում՝ խոշոր համաշխարհային խաղացողների շահերի բախման պատճառով: Բայց այստեղ ի հայտ է գալիս միանգամայն այլ խնդիր: Բոլոր հեղինակավոր փորձագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ԱՄՆ-Իսրայելի համար շատ կարեւոր էր հաղթանակի բլիցկրիգային տարբերակը: Երկարաժամկետ հակամարտությունը, ավելի կոնկրոտ, եթե այն անգամ երկու շաբաթից ավել տեւի, ըստ այդ հաշվարկների, արդեն իսկ կսկսի լուրջ հարվածներ հասցնել համաշխարհային տնտեսությանը: Մեկ ամիս շարունակվելու դեպքում գլոբալ ճգնաժամը դառնում է անխուսափելի: Եվ եթե դրան էլ գումարվի նավթի համաշխարհային գների անկանխատեսելի աճը, իրողությունները կարող են միանգամայն կատաստրոֆիկ ընթացք ստանալ հատկապես արեւմտյան տնտեսությունների համար: ԱՄՆ-ում առանց դրա էլ, բյուջետային ծանրագույն դեֆիցիտ է, որը հասել է պետական պարտքի դեֆոլտի շեմին (դեռ մի կողմ թողնենք ներքին բունտերը): Եվրոպայում տնտեսական ռեցեսիայի փուլ է` էլի համեմված բյուջետային ծանր դեֆիցիտով: Ռուսաստանի համար առանձնակի խնդիրներ չկան. ռուսական տնտեսությունն արդեն հարմարվել է ներկա ծանր իրողություններին, իսկ նավթի թանկացումը Մոսկվային միան կուրախացնի: Իսկ ահա չինացիները սովոր են անգամ ամենաբարդ իրավիճակներից շահույթ ստանալ:
Մյուս կողմից, Արեւմուտքը կարո՞ղ է ուկրաինականին զուգահեռ, նաեւ իրանական ձգձգված հակամարտությունը «շալակել»: ԱՄՆ-ն արդեն անգամ պաշտոնապես է հայտնել, որ Ուկրաինայի համար նախատեսված մասնավորապես ՀՕՊ սպառազինությունն ուղարկում է Իսրայել: Այն է՝ բացահայտ լքում է ուկրաինական խաղը, ինչպես որ, օրինակ, ներկայացրեց The Telegraph-ը։ Սա առաջին հերթին Եվրոպայի համար է խնդիր. եթե ցանկանում են պահել ուկրաինական ուղղությունը, ապա անգամ ներկա իրավիճակում պոտենցիալը բավարար չէ, էլ ուր մնաց, ուկրաինականից զատ նաեւ իրանական ճգնաժամի առաջին պլանում հայտնվելը: Կամ հակառակը. եթե ուզում են Իսրայելին օգնել, ստիպված են Ուկրաինայից հրաժարվել: Իսկ այդ դեպքում Մոսկվան չի՞ կարողանա շատ արագ լուծել եւ ազատվել ուկրաինական ուղղությունից, որի դեպքում առաջնային տեղում կհայտնվի իրանականը:
Կարճ ասած, որքան էլ Արեւմուտքի դիրքերն այս պահին անմռայլ տեսք ունեն, մեկ է, Իրանում ձգվող հակամարտության դեպքում լուրջ հետեւնանքները պարզապես երաշխավորված են: Ահա այս ֆոնին, թեեւ ԱՄՆ-ն դեռ փորձում է պարբերաբար «ատամ ցույց տալ», բայց այն, որ վերջին մեկ-երկու օրերին Թրամփը քանիցս խոսեց իրանա-իսրայելյան զինադադարի եւ «հաջող գործարքի» մասին, այն էլ՝ Մոսկվայի ներգրավմամբ, կարելի է հասկանալ: Ավելին, որ «ներկայումս մշակվում է լավ գործարքի»: Ու գումարած այն, որ կայացավ նաեւ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը, կարելի է ենթադրփել, որ կուլիսային միանգամայն ակտիվ բանակցությունները շարունակվում են:
Խոշոր հաշվով, թե այդ «գործարքում» ով եւ ինչ կզիջի կամ կստանա, հարցի տեխնիկական կողմն է: Սակայն նման պայմանավորվածությունները Իրանին հնարավորություն են տալիս՝ առնվազն ոչ-ոքիով դուրս գալ մի հակամարտությունից, որտեղ նա ուղիղ բախման մեջ է համաշխարհային առաջատար ուժերի հետ: Իսկ դա արդեն իսկ էականորեն կբարձրացնի Թեհրանի քաղաքական կշիռը:
